Փաստաբան Նորայր Նորիկյանի հրապարակումը.
Բանակում ահռելի աշխատանք կա կատարելու:
Ամենից առաջ զինված ուժերում պետք է հաստատել արդարություն:
Ոչ մի գեներալի, օլիգարխի, նախարարի ու չգիտեմ թե ինչ ՛՛լավ տղու՛՛ զավակ չպետք է տարբերվի հասարակ գյուղացու զավակից:
Բոլորը պետք է ծառայեն հավասար պայմաններում և օգտվեն նույն արտոնություններից՝ կատարելով նույն պարտականությունները…
Բանակի նկատմամբ տարիների ընթացքում ձևավորված կարծիքների ու տեսակետների համառոտ ու հպանցիկ վերլուծությունը ցույց է տալիս, որ մեր հասարակությունը և նրա առանձին սոցիալական խմբեր ոչ լիարժեք պատկերացում ունեն կամ առհասարակ չունեն բանակային կյանքի, զինված ուժերի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության մեխանիզմների, նրա զարգացման դինամիկայի և առհասարակ զինված ուժերի ղեկավարման և զորքերում տիրող իրական վիճակի մասին:
Շատ դեպքերում քննադատությունների որակը մակերեսային է, պարունակում է իր մեջ էմոցիոնալ շեշտադրումներ, երկրորդական նշանակության խնդիրներն երբեմն ավելի մեծ ուշադրություն են գրավում, քան անհրաժեշտ է:
Իսկ բանակում իսկապես կային և կան խորքային բնույթ կրող հիմնախնդիրներ, որոնց լուծումը կարող է տրվել միայն համընդհանուր ջանքերի համադրման միջոցով:
Այդուհանդերձ, տարիներ շարունակ հասարակական սեկտորի քննադատությունների բովանդակության շրջանակը եղել է սահմանափակ և ունեցել առանցքային մի քանի ուղղվածություն.
-Բանակում առանձին խմբերի նկատմամբ տիրում է անպատժելիության մթնոլորտ,
-Վտանգված է զինծառայողների կյանքի իրավունքը, վերջիններս շոշափելիորեն գտնվում են անպաշտպան վիճակում,
-Բացակայում է մարդու` որպես բարձրագույն արժեքի նկատմամբ սրտացավությունը, հարգանքը և իրավունքների պաշտպանության համակարգը,
-Զինված ուժերի հրամանատարական կազմի մի ստվար շերտ թաղված է կոռուպցիայի մեջ, բանակի հրամանատարական կազմը ներգրավված է բիզնես գործունեության ոլորոտւմ,
-Զինված ուժերում առկա է գեներալական “Բեսպրեդել”, հովանավորչությունը, սոցիալական անարդարությունը խարխլում է կանոնադրական հարաբերություններն ու բանակի հիմքերը, սպաների և զինվորների մեջ գերիշխում է վստահության դեֆիցիտը,
-Բանակը փակ համակարգ է, որտեղ գերիշխում են ոչ ֆորմալ բարքեր, կանոնադրական հարաբերությունները ստորադասված են չգրված նեգատիվ սկզբունքներին,
-Հետաքննություն և նախաքննություն իրականացնող մարմինները կոծկում են հանցագործությունները և իրական հանցագործներին,
-Կասկածի տակ է դրված բանակի ղեկավարության հեղինակությունը, խաթարված է զինված ուժերի վարկանիշը:
Թեև այս ամենին, մինչև 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմը, զինված ուժերի նկատմամբ ունեցած ընկալումը մեծ հաշվով դիտարկվում էր 1990-ական թվականներին տարած հաղթանակի համատեքստում:
Քառօրյա պատերազմից հետո հասարակությունը միանգամից սթափվեց՝ անմիջապես գիտակցելով, որ անցած ժամանակը փոխել է ամեն ինչ՝ թե՛ հակառակորդին, թե՛ նրա հնարավորությունները, թե՛ Արցախյան հակամարտության նկատմամբ ունեցած պատկերացումները:
Միևնույն ժամանակ, գիտակցվեց, որ մեր պատկերացումները բանակի և պետության պաշտպանական համակարգի, ինչպես նաև գոյություն ունեցող առկա մարտահրավերների վերաբերյալ շատ դեպքերում մնացել են Արցախյան պատերազմի հաղթանակի իներցիայի ստվերում:
Այս պայմաններում ակնհայտ էր, որ անհրաժեշտ էր բանակը նորովի վերակազմակերպելու, առկա մարտահրավերներին համարժեք արձագանքելու և արդի պահանջներից բխող պաշտպանական համակարգ ստեղծելու համար գործադրել նորովի մոտեցումներ ու ներդնել նոր գործիքակազմեր, որոնց գործադրման արդյուքնում կձևավորվեր այնպիսի պաշտպանական համակարգ, որն առաջիկա տարիների համար կդառնար պետության անվտանգության և տարածքային ամբողջականության ապահովման ամենակարևոր երաշխավորը: