«Թիմը, որը սկսել է հեղափոխությունը, ինքն էլ պետք է այն հասցնի իր տրամաբանական ավարտին». Ստյոպա Սաֆարյան
Advertisement 1000 x 90

«Թիմը, որը սկսել է հեղափոխությունը, ինքն էլ պետք է այն հասցնի իր տրամաբանական ավարտին». Ստյոպա Սաֆարյան

Ստյոպա Սաֆարյանի հրապարակումը.

«Բնական է, որ հանրությունը քննարկում ու դեռ քննարկվելու է Նիկոլ Փաշինյանի կառավարության երիտասարդ նախարարների անձերը և նրանց մասնագիտական կարողությունները: Կանդրադառնամ հանդիպածս մի քանի քննադատությունների, որոնք այս կամ այն չափով հիմնավոր են ու կշարադրեմ իմ դիրքորոշումը դրանց վերաբերյալ.

Փորձառություն. իհարկե, երիտասարդ տարիքի դեպքում մեծ փորձառության մասին խոսելն ավելորդ է: Բայց նրանց երիտասարդ տարիքն էլ մի առավելություն ունի, որ փորձառուները չունեն. ի վերջո նրանք են 21-րդ դարի սերունդն ու այդ մտածողությունը նրանք են բերելու կառավարում, նրանք այս արատավոր համակարգում չեն եղել ու, հուսամ, այդ տրամաբանության կրողը չեն:

Արհեստավարժություն. սա թերևս ամենակարևոր հարցերից մեկն է. երիտասարդ լինի, թե տարեց, կարևոր է, որ մարդիկ ոչ միայն լավ պատկերացնեն իրենց կառավարման ոլորտը, խնդիրները, այլ նաև բառիս բուն իմաստով ստրատեգ ու բարեփոխիչ լինեն: Միայն հույսը դնել բաց կառավարելու վրա, թե հանրութան կամ մասնագիտական հանրույթները կներկայացնեն լավ ծրագրեր ու իրեն կիրականացնեն դրանք, բավարար չէ: Երկիրը արմատական ռեֆորմացիայի կարիք ունի, որի համար ոլորտների արմատական, այլ ոչ թե կոսմետիկ փոփոխության ռազմավարական ծրագրեր են պետք ու նախարար-ռեֆորմատրի տեսակ: Հուսամ, որ նրանք այդ ներքին ըմբոստությունն էլ ունեն որպես հեղափոխության առաջամարտիկ:

Կայի՞ն Հանրապետությունում նրանցից ավելի լավերը՝ արհեստավարժության, փորձառության և այլ առումներով: Անշուշտ, կան: Բայց նրանց նշանակումը քաղաքական առումով էլ ճիշտ է: Մի կողմից կա քաղաքական պատասխանատվության հարց: Երկրորդը՝ թիմը, որը սկսել է հեղափոխությունը, ինքն էլ պետք է այն հասցնի իր տրամաբանական ավարտին: Երրորդը, պատկերացրեք, որ այդ տղաները հեղափոխությանն ու նրա բոլոր ռիսկերին նվիրում են իրենց, իրենց ժամանակն ու ամեն ինչ, ու հետո կողքից բերվում են մարդիկ ու նստեցվում նրանց գլխին… Այդպիսի գործելաոճը կազմալուծում, բարոյալքում ու մոտիվացիայից զրկում է թիմին, ինչը մեզանից շատերը սեփական օրինակով տեսել է: Այնպես որ, ժամանակ է պետք, որ մեր երիտասարդ նախարարները ապացուցեն նաև թերահավատներին»: