Քաղաքի զարգացման ծրագիրը քաղաքականացված է այնքանով, որքանով։
Եկեք իրերին նայենք սթափ ու կշռադատված։
Ի վերջո, Հանուն Երևանի բազմաշերտ ու հիմնավոր ծրագիրը գրվել է ոչ թե կուսակցական նոմենկլատուրայի, այլ քաղաքի կայուն ու համաչափ զարգացման ապագա տեսլականը հստակ պատկերացնող, քաղաքային ողջ ենթակառուցվածքների յուրաքանչյուր օղակի գործունեությանը ներսից ծանոթ, քաղաքացու ամենօրյա հոգսերի մասին քաջատեղյակ մասնագետների թիմի կողմից և ծրագրի հիմքում ոչ թե կուսակցության գաղափարախոսությունն է, այլ կայուն ու համաչափ զարգացող Երևանը և երևանցին։
Սա պարզ էր երեկ ու պարզ պիտի լինի նաև այսօր։ Չտեսնել արվածը ուղղակի կուրություն է։ Չծանոթանալ այսօր իրականացվող և հետագա ծրագրերին, ուղղակի անտարբերության ցուցադրում է։
Փորձել համաժողովրդական ալիքի վրա թաց ու չորը խառնել ու մատուցել մեկ սկուտեղով, այնքան էլ արդար չէ։
Ի վերջո, Երևան համայնքը խիստ կուսակցականացված չէ և անկախ այն հանգամանքից, թե որ կուսակցությունը կլինի քաղաքի կառավարման ղեկին, բարեկարգումը, կրթությունը, հանգստի կազմակերպումն, քաղաքային ամենօրյա խնդիրների լուծում տալը շարունակելու է լինել առօրյա խնդիր, որի իրականացմանն է լծված այսօրվա թիմը։
Պետք է նաև հասկանալ, որ Երևանի պարագայում եկամուտների միայն 30% է սեփական, մնացածը` պետության ներարկումներն են և, ըստ այդմ, քաղաքն ինքնուրույն է 1/3 չափով։
Քաղաքի կյանքն ու քաղաքական կյանքը շատ քիչ հատման կետեր ունեն, և դա օբյեկտիվ իրականություն է, հետևաբար որևէ փոփոխություն չի կարող լինել ինքնանպատակ։
Ու եթե մենք այսօր պետության կառավարման մոդելում ձևավորում ենք նոր մշակույթ և նոր մոտեցումներ, ապա պիտի նաև հասկանանք, որ մեր կյանքում կարող են լինել նաև նման իրավիճակներ, երբ երկրի գործադիր մարմինն ի դեմս Կառավարության ու մայրաքաղաքային իշխանության կարող են ունենալ տարբեր քաղաքական հայացքներ, սակայն գործնական կյանքում իրագործեն մեկ միասնական առաքելություն. ծառայել Հայաստանի Հանրապետության հպարտ քաղաքացուն և անել ամեն ինչ նրա բարեկեցության ու պատշաճ ապրելակերպի համար։
Միասնության կոչերը հրապարակից պիտի մտնեն առօրյա կյանք և դառնան տեսանելի արդյունք։
Եկել է ժամանակը, որ բոլորիս հայացքն ուղղված լինի դեպի մարդ անհատը, քաղաքացին, եկել է մարդակենտրոն գործողությունների ժամանակը։
Գայանե Մխիթարյան