Վահան Հովսեփյանի հրապարակումը.
«ՏՏ Ոլորտի մի մասը կարծում է, որ մեզ հեչ էլ պետք չէ ՏՏ նախարարություն, նշելով, որ հանգիստ թողեք ապրենք, մենք մեզանով լավ էլ կզարգանանք, մեզ պետք չեն վերահսկող, հաշվետվություններ պահանջող, հաշվառող մարմիններ։
Մյուս մասը նշում է, որ ՏՏ ոլորտը ունի մի շարք խնդիրներ, որոնք կարելի է լուծել միայն պետության միջամտությամբ և օժանդակությամբ, պահանջում է հստակ ռազմավարություններ և ծրագրեր ոլորտի զարգացման (ռոբոտաշինության, ինժիներական խմբակներ, տեխնոլոգիական համալսարան, ինժիներական քաղաք և այլ)
«Իրարամերժ» կարծիքների կրողները ժամանակին և այժմ էլ իրար հակադարձվում են, բանավիճում, որոշ դեպքերում՝ նույնիսկ իրար դեմ քեն ու ոխ քշում…
Եվ այս իրավիճակից բնականաբար օգտվում էին այն մարդիկ, որոնց կրեդոն էր «եղունգ ունես՝ գլուխդ քորի» և որոնք լավ էլ տեղավորված էին առկա համակարգում։
Այնինչ, իրական կարծիքների բախում բնավ չկա այս հարցում. հարկավոր է ուղղակի հստակեցնել այդ, անկախ անվանումից, կառույցի գործառույթները՝ բացառելով բոլոր այն ռիսկերը, որոնք նշում են ոլորտի ներկայացուցիչները և հստակեցնելով ոլորտային զարգացման բոլոր այն ուղղությունները, որոնց մասով պատասխանատու կլինի այդ կառույցը։ Ինչը կարող է անել մասնավորը կամ ոլորտը միավորող կառույցը չպետք է անի պետական կառույցը։
Բոլորովին այլ հարց է, որ ներկայումս ՏՏ ոլորտի զարգացումը մեզ համար չպետք է լինի իդեյա ֆիքս։ Մեզ համար առաջնային պետք է լինի օգտվել մեր ՏՀՏ և Բարձր տեխնոլոգիաների ներուժից և, կիրառելով դրանք ստեղծել թվային, նորարարությունների վրա ստեղծված տնտեսություն։
Իսկ այս խնդիրը շատ ավելի վեր է նույնիսկ ՏՏ նախարարության խնդիրներից, այն ներառում է պաշտպանության, կրթության, բնապահպանության, գյուղատնտեսության, առողջապահության, ըստ էության՝ բոլոր ոլորտները։
Որոշ երկրներ իրականացնում են ամբողջ կառավարության կառուցվածքի փոփոխություն՝ որպեսզի հնարավոր լինի նորարարությունները, տեխնոլոգիական զարգացումը ապահովել տնտեսության բոլոր ոլորտներում, որոշ երկրներ՝ ստեղծում առանձին նախարարություններ տարբեր անուններով, օրինակ Գերմանիա, Տրանսպորտի և Թվային ենթակառուցվածքի դաշնային նախարարություն, Ռուսաստան, Թվային Զարգացման, Կապի և Զանգվածային Հաղորդակցության նախարարություն, Միացյալ Արաբական Էմիրություններ, Արհեստական Բանականության Նախարարություն, որոշ երկրներ, օրինակ Մալազիա, ունեն նույնիսկ երկու ոլորտային նախարարություն, Հաղորդակցության և Մուլտիմեդիյի նախարարություն, Գիտության, տեխնոլոգիայի և նորարարության նախարարություն…
Ավելին, գիտակցելով թվային օրակարգի և թվայնացման կարևորությունը համանման կառույցներ կան և Եվրոպական Միությունում և Եվրասիական Հանձնաժողովում…
Այսինքն, աներկբա կարելի է ասել որ.
Ա) Հարկավոր է հնարավորինս բարձր մակարդակ և լայն լիազորություններ ունեցող կառույց, որը պատասխանատու կլինի ոչ միայն և նույնիսկ ոչ այդքան ՏՏ ոլորտի, այլ ՀՀ տնտեսության թվայնացման, պետական ապարատի բոլոր ճյուղերի արդիականացման, էլեկտրոնային ծառայությունների ներդրման պետական քաղաքականության մշակողը և իրականացման վերահսկողը։
Բ) Այն որևէ կերպ չի կարող իրականացնել գործառույթներ, որոնք կբարդացնեն գործարարությամբ զբաղվելը, ավելին՝ ոլորտի հետ կքննարկի այն էլ ավելի դյուրացնելու հնարավորությունները, առկա գործընթացների, պետական մարմինների գործառույթները համապատասխանեցնելով այդ նպատակին։
Հասկանալի է, որ այս պահին հնարավոր չէ իրականացնել ՀՀ Կառավարության կառուցվածքի փոփոխություն, սակայն պետք է հիշել, որ այս հարցը պահանջում է ինչպես փոփոխությունների հնարավոր տարբերակների մշակում, գործող կառույցների դերակատարման հստակեցում, այնպես էլ հանրային լայն քննարկում ոլորտային կազմակերպությունների, պետական մարմինների ներկայացուցիչների հետ։
Իսկ դուք ի՞նչ եք կարծում»: