Այսօր՝ մայիսի 18-ին, աշխարհը նշում է թանգարանների միջազգային օրը, իսկ վաղը «Թանգարանային գիշերներ» միջոցառման շրջանակում բոլոր թանգարանները բաց կլինեն և անվճար կաշխատեն 18:00-ից մինչև կեսգիշեր:
Թանգարնների կարևորության, ինչպես նաև դրանցում առկա խնդիրների մասին Life.panorama.am-ը զրուցել է Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի հետ:
«Այս գեղեցիկ օրվա կապակցությամբ սրտանց շնորհավորում եմ ոչ միայն թանգարանների աշխատակիցներին, որոնց տոնն է այսօր, այլև բոլոր թանգարանասերներին և անգամ նրանց, ովքեր երբևէ թանգարան մուտք չեն գործել. Վերջիններս շատ մեծ բան են կորցրել, բայց դա կարելի է շատ արագ շտկել՝ տանից դուրս գալով և ճանապարհ բռնելով դեպի որևէ թանգարան: Իրականում, թանգարանները չափազանց հետաքրքիր հաստատություններ են և կցանկանայի, որպեսզի թանգարանների մասին կարծրատիպային մոտեցումներին վերջ տրվի: Շատերը կարծում են թանգարաններում միայն անցյալ է և ուրիշ ոչինչ: Այո, շատ թանգարաններում հնություններ են պահվում, բայց դրանք այնքան արդիական են, որ արժե դրանք տեսնել և ճանաչել: Կոնկրետ ինձ համար թանգարանները հրաշալի հարթակ են, որտեղ կարող ես ոչ միայն արվեստին հաղորդակից լինել, այլև անուղղակի կերպով կրթվել»,- նշեց Ն. Թուխիկյանը:
Մեր զրուցակիցը վստահեցրեց, որ տարիների ընթացքում գնալով ավելանում են թանգարան այցելողների թիվը:
«Պետք է ասեմ, որ այս իմաստով բավականին մեծ փոփոխություն կա մեր իրականության և մտայնության մեջ: Հիմա արդեն շատ ծնողներ, իրենց բալիկների ձեռքերից բռնած, գալիս են թանգրան, շատ երիտասարդներ սրճարաններ գնալուց առաջ կամ հետո գնում են թանգարաններ, և սա արդյունքն է նրա, որ կոնկրետ մեր թանգարանն անընդհատ փորձում է արդարացնել այցելուների սպասելիքները՝ ապահավելով հաճելի միջավայր ու մթնոլորտ: Մենք մշտապես փորձում ենք գտնել հրապույրներ՝ մարդկանց դեպի թանգարան բերելու, մենք միշտ նոր առաջարկներ ունենք, որոնք կարող են լինել հին նյութեր՝ նոր մատուցմամբ, կամ բացարձակապես նոր հայտնագործություններ: Թանգարանում պահվող ամեն բան ժամանակի ընթացքում կարող է վերածնվել շատ հետաքրքիր կերպով»,- ընդգծեց Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենը:
Ամբողջությամբ՝ life.panorama.am