Հայաստանի և Իրանի՝ այս երկու դաշնակիցների վաղեմի տնտեսական հարաբերությունները կարող են վտանգի տակ դրվել ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հայտարարությունից հետո, որը սպառնացել է պատժամիջոցներ սահմանել բոլոր նրանց նկատմամբ, ովքեր կարհամարհեն Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած պատժամիջոցները, գրում է Էնդրյու Կորիբկոն eurasiafuture.com կայքում:
ԱՄՆ նոր պետքարտուղարը երկուշաբթի Իրանի դեմ, կարելի է ասել, հիբրիդային պատերազմի մասին հայտարարություն է արել Heritage Foundation կենտրոնում ունեցած իր ելույթում: Պոմպեոյի սպառնալիքը նախևառաջ ուղղված էր ԱՄՆ-ի եվրոպացի դաշնակիցներին: Սա անխուսափելիորեն իր ազդեցությունը կունենա նաև Հայաստանի վրա, գրում է հեղինակը:
Հեղինակը նշում է, որ հայերն ու իրանցիները միշտ հիանալի հարաբերություններ են ունեցել իրենց պատմության ընթացքում:
Չնայած ԵԱՏՄ-ի միջոցով Ռուսաստանի հետ կապված լինելուն՝ իր ամենամեծ գործընկերոջ հետ Հայաստանի առևտրային ճանապարհն անցնում է Վրաստանով, մինչդեռ նման ոչ մի խոչընդոտ չկա հարևան Իրանի դեպքում, որն օրերս ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին ժամանակավոր համաձայնագիր է կնքել: Սա հաշվի առնելով է, որ Հայաստանը որոշել է օգտագործել իր աշխարհագրական դիրքը՝ առաջ տանելով «Սև ծով-Պարսից ծոց տարանցիկ միջանցք» ծրագիրը, որի նպատակն է միացնել եվրոպական շուկան իրանական և հնդկական շուկաներին: Դրա կայացման դեպքում այդ ծրագիրը կարող է Իրանի և Ադրբեջանի միջոցով դեպի Ռուսաստան նախատեսվող «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքից իր կողմ շեղել Հնդկաստանին: Դա կարող է անուղղակիորեն իրականացնել ԱՄՆ-ի հիմնական ռազմավարական խնդիրներից մեկը, որն է «Ռուսաստանը մեկուսացնելը»՝ չնայած Իրանի տնտեսությունն ուժեղացնելու հաշվին:
Պոմպեոյի հայտարարությունների պատճառով երկու ծրագրերն էլ այժմ վտանգի տակ են, ինչը գրեթե վայրկենապես վերացրել է այն ռազմավարական տնտեսական գրավչությունը, որ Հայաստանը կարող էր ունենալ Արևմուտքի համար, երբ ստորագրեց ԵՄ-ի հետ Համապարփակ և ընդլայնված գործընկերության մասին համաձայնագիրը՝ հիմք դնելով, չնայած ԵԱՏՄ-ին անդամակցությանը, միության հետ ոչ պաշտոնական, սակայն կարգավորվող «ազատ առևտրի» գոտու: Ավելին, ամերիկյան պատժամիջոցները խախտող ընկերություններին պատժամիջոցների ենթարկելու մասին Պոմպեոյի պնդումը կարող է խոչընդոտել հայ-իրանական առևտրային հարաբերություններին, քանի որ հայկական ընկերությունները կվախենան «սև ցուցակներում» ընդգրկվելու պատճառով ԵՄ-ի շուկան կորցնելուց: Պետք է հիշել նաև, որ Հայաստանում շատ բիզնեսներ պաշտոնապես կամ ոչ պաշտոնապես կապված են ռուսական ընկերությունների հետ, ինչը նշանակում է, որ դրանք նույնպես կարող են պատժամիջոցների ենթարկվել, եթե նրանց «մայր ընկերություններն» արհամարհեն ամերիկյան սպառնալիքները:
Ընդհանուր առմամբ, Պոմպեոյի կողմից Իրանի դեմ հիբրիդային պատերազմի հայտարարումն, անշուշտ, փոխում է խաղի կանոնները, ինչի ազդեցությունը չի սահմանափակվի միայն Իրանի Իսլամական Հանրապետությունով: