Հակահեղափոխության վտանգը չի չեզոքանա, անգամ եթե ՀՀԿ-ն ամբողջությամբ վերանա․ Արծրուն Պեպանյան. hraparak.am
Advertisement 1000 x 90

Հակահեղափոխության վտանգը չի չեզոքանա, անգամ եթե ՀՀԿ-ն ամբողջությամբ վերանա․ Արծրուն Պեպանյան. hraparak.am

Hraparak.am-ի հարցերին պատասխանում է քաղաքական վերլուծաբան, գրող Արծրուն Պեպանյանը։

-Թավշյա հեղափոխությունից անցել է մեկ ամիս։ Ի՞նչ արդյունքներ է տվել հեղափոխությունը, որո՞նք են «առաջին ծիծեռնակները»։

-Փշրվել են շատ կաղապարներ, բարձրագույն իշխավորներն անառիկ միջնաբերդով անջրպետված չեն ժողովրդից: Իշխանական բուրգի գագաթում չկա կոռուպցիա. այսպիսի բան կարճ ժամանակով եղել էր միայն 1990-ին: Արվում են քայլեր նախկինում արված հանցագործությունների բացահայտման ուղղությամբ, մարդկանց մոտ կա այլ որակի պետություն ունենալու հույս:

-Ի՞նչ քայլեր պետք է արվեն անցյալի էջը փակելու համար, ռեժիմին ծառայած անձանց պե՞տք է թողնել պետական համակարգում, թե՞ ոչ։

-Կարծում եմ իմաստուն լուծումը կլինի այն, որ նոր իշխանությունները հանդես գան քաղաքական հայտարարությամբ, որում կներկայացվի երկրի փաստացի վիճակը մայիսի 8-ի դրությամբ և ՀՀԿ-ի պատասխանատվության չափը, ապա ձեռնարկվեն քայլեր անցյալի որոշակի չարաշահումներ բացահայտելու, շտկելու, մեղավորներին պատժելու ուղղությամբ, որից հետո հայտարարվի զինադադար և վերացվեն փոխադարձ ոչնչացման նկրտումները: Եթե պահպանվի ներկա գերլարված, փոխոչնչացման սպառնալիքով վիճակը, ապա մենք կհայտնվենք զարգացում կաշկանդող շրջապտույտի մեջ:

Մենք կադրերի առատություն չունենք, և նոր իշխանությունները հարկադրված են լինելու հին կադրերի մեծ մասին թողնել պետական համակարգում՝ նրանց առջև նոր խնդիրներ ու պահանջներ դնելով: Պետություն կառավարելը հեշտ գործ չէ, կարծում եմ, նոր իշխանությունները հասցրել են համոզվել դրանում:

-Ի՞նչ գործոններ կարող են դառնալ նորանշանակ կառավարության ձախողման պատճառ, ինչպե՞ս պետք է պայքարել դրանց դեմ։ Կա՞ հակահեղափոխության վտանգ, թե՞ ոչ։

-Որպեսզի որևէ հեղափոխությունն անշրջելի բարեփոխումների հանգեցնի ու հինը չվերադառնա, անհրաժեշտ է, որ շարժման ղեկավարները մինչև իշխանության գալը աշխատեն շարժման հետևորդների հետ, հասցնեն վերափոխել, նոր համակարգի կրող դարձնել անհրաժեշտ և բավարար թվով մարդկանց, ովքեր կլինեն նոր իշխանությունների հենարանը իշխանափոխությունից հետո։ Մյուս կարևոր հանգամանքը․ անհրաժեշտ է, որ շարժումը մինչ իշխանափոխությունն անցնի ինքնակազմակերպման փուլ, վերածվի նոր արժեքների վրա հենված միկրոհանրության, իր ներսում ստեղծի կառավարությանն ընդօրինակող բաժիններ, փորձարկի իր անդամներին, վեր հանի ղեկավարման հմտություն ունեցողներին, ձևավորի ղեկավարման խմբեր ըստ ոլորտների։ Այս պայմանների բավարարման դեպքում մեծանում է իշխանության անցնելուց հետո արագ հաջողության հասնելու հավանականությունը։

Նկատելի է, որ թե՛ սոցիալական հենարանի, թե՛ կադրային ռեսուրսի ապահովման առումով խնդիրներ կան և այդ պատճառով նոր իշխանությունները հայտնվել են բարդ իրավիճակում: Սա թող որպես քննադատություն չհնչի. ինքս տարիներ շարունակ զբաղվում եմ այս հարցերով և տեղյակ եմ, թե որպիսի դժվարություններ կան:

Այսօր նոր իշխանությունները ջանում են իրականացնել նորը հաստատելու քայլեր, բայց հաշվի առնելով հենարան սոցիալական շերտերի բացակայությունը, կադրային բանկի սղությունը, ինչպես նաև ՀՀԿ-ի դիմադրությունը, հնի իներցիան,՝ կա լուրջ վտանգ բարեփոխումների գործընթացի արդյունավետության թուլացման:

Եթե հակահեղափոխության վտանգ ասելով նկատի ունեք մարտյան Հայաստանի վերադարձը, ապա այո, կա հնի վերադարձի վտանգ: Այդ վտանգը չի չեզոքանա անգամ. եթե ՀՀԿ-ն ամբողջությամբ վերանա: Հարցն այն է, որ ճիշտ չէ հնի բոլոր վատ դրսևորումները պայմանավորել բացառապես նախկին իշխանությունների վարքով և հուսալ, թե նրանց հեռացումով կյանքը կվերափոխվի ինքնաբերաբար:

Ես միշտ պնդել եմ՝ իշխանությունները հետևանք են, իսկ պատճառներն ավելի խորքային են ու այդ պատճառներն այսօր էլ կան և իրենց բացասական դրսևորումներով միտված են նպաստելու հնի վերադարձին։ Այդ պատճառներից կառանձնացնեի դարերի ազդեցության հետևանքով մեր ժողովրդի մի ստվար հատվածի մոտ ձևավորված հակապետական մտակեցվածքը, ներքին կյանքում հաստատված հասարակական ճղճիմ հարաբերությունները. դրանք լրջորեն վտանգում են բարեփոխումների գործընթացի արդյունավետությունը, որի հետևանքով հիմքեր են ստեղծվում մարտյան Հայաստանի վերադարձի համար։ Իշխանությունները պարտավոր են գտնել խորքային այս և մյուս երևույթների հաղթահարման ուղին: Այս ուղղությամբ ինքս ունեմ որոշ խոհեր և առաջիկայում հանդես կամ հրապարակումներով:

hraparak.am



Նման նյութեր