Օֆելյա Սիմոնյանի հրապարակումը.
Մարդկանց խումբն ուժեղ է, ազդեցիկ ու օրակարգ ստեղծող։ Դու, որպես անհատ, հանրային ակտիվություն չդրսևորելու դեպքում ակամայից ենթարկվելու ես ընդհանուր օրակարգին, հանրային տրամադրությանը ու կարծիքների ազդեցությանը։ Այս ամենը հաշվի առնելով՝ մի շարք անհատներ օգտվում են հանրության՝ լիցքաթափվելու և շոուներ դիտելու ցանկությունից ու դառնում այդ շոուների գլխավոր դերակատարները կամ կինոյի տղաներն ու աղջիկները։
Մենք բոլորս գամվում ենք Ֆեյսբուքի նորությունների պատին, հետևում, թե ով ինչ է ասել։ Ընդ որում, հայկական իրականության մեջ ֆանատիզմը ու տարբեր ժամանակներում հեռուստացույցի, իսկ հիմա արդեն Ֆեյսբուքի էջերին գամվելը դառնում է այնքան համատարած, որ թվում է, թե յուրատեսակ համաճարակ է։
Մենք դադարում ենք որպես հանրություն, որպես մեկ տեղում ապրող մարդկանց խումբ, ձևավորել այլ արժեք, քան ֆեյսբուքյան ուղիղ եթերներն ու ստատուսները։ Տրամաբանական է նաև, որ ժամանակի ընթացքում սցենարներն ու հերոսների դեմքերը մեզ ձանձրացնում են և մենք փնտրում ենք նոր դեմքեր, ովքեր կլցնեն մեր ֆեյսբուքյան էջն ու կդառնան մեր զրույցի թեման։
Այս վերջին փաստը հատկապես պետք է հետաքրքրի այն քաղաքական գործիչներին, ովքեր չարաշահում են Ֆեյսբուքի հնարավորությունները։ Որքան արագ Ֆեյսբուքը նրանց դարձրեց հերոս, այնքան արագ էլ հանրությունը կձանձրանա նրանցից։ Այս մասին է վկայում նաև Երևան քաղաքի ավագանու նիստի ընթացքում երիտասարդների կողմից անցկացված ակցիան, որի մասնակիցները շոու էին պահանջում Զարուհի Փոստանջյանից։
Աննախադեպ երևույթ է, երբ քաղաքական գործչից մարդիկ շոու են պահանջում։ Չեն պահանջում աշխատանք, հաշվետվություն, խելացի միտք, պարզապես ներկայացում են պահանջում՝ փոփքորնով վայելելու և լիցքաթափվելու համար։ Սա պետք է սթափվելու կոչ լինի՝ ուղղված բոլոր քաղաքական ակտիվիստներին. մի օր չեք կարողանալու փախչել այն հանրությունից, ում ընտելացրել եք ձեր շոուներին։