Հասկանալի պատճառներով Հայաստանի անկախության 100-ամյակի թեման ստվերված է մնալու քաղաքական բուռն իրադարձությունների ֆոնին: Թեև անկախ ամենից էլ պետք է փաստել, որ Հայաստանում նման թեմաները հիմնարար քննարկելու հանրային ռեսուրս չկա, և հազիվ թե նույնիսկ լավագույն դեպքում հնարավոր լիներ խուսափել մի քանի օրվա զուտ կենացային-կարգախոսային հուշ-երեկո ոճի «նշումից»: Քանի դեռ մեզանում պատմությունն ու պատմագիտությունն ընկալվում են որպես անցյալի մասին հուշ, «տարեդարձ-տարելից», այլ ոչ թե անցյալի փորձից ներկայի համար տքնաջան վերլուծությամբ կորզվող կենդանի ու արդիական գիտելիք, անբովանդակ և անիմաստ են անցնելու բոլոր 100, 50 և 30-ամյակները:
Ինչևէ, մայիսի 28-ին ընդառաջ՝ անօգուտ չէր լինի հիշել, որ ժամանակին Հայկական հեղափոխություն էր կոչվում ոչ թե 2018-ի ապրիլ-մայիսյան շարժումը, այլ 19-րդ դարավերջի-20-րդ դարասկզբի հայկական ազատագրական պայքարը, ինչից այսօր մեզ հուշ է մնացել միայն մեր քաղաքական դաշտի շարքային կուսակցություններից մեկի՝ Հայ հեղափոխական դաշնակցության անվանումը: Անվանում, որի իմաստը տարակուսանքի առիթ է՝ ի՞նչ հեղափոխություն, ինչու՞ հեղափոխություն: Մի կողմ թողնելով այսօրվա ՀՅԴ-ն՝ փորձենք հասկանալ՝ կարո՞ղ է որևէ կապ լինել անցյալի և ներկայի հայկական հեղափոխությունների միջև:
Պատմական վերլուծության կոչումը պետք է լինի անցյալի ու ներկայի երևույթների միջև հենց այսպիսի՛ կենսական կապեր ստեղծելը, անցյալը մշտապես արդիականացնելն ու կենդանի պահելը: Բնականաբար, փոքրիկ հրապարակախոսական հոդվածով չհավակնելով գիտականության՝ ընդամենը կփորձենք ուղիներ հուշել անցյալի և ամենաթարմ ներկայի՝ երկու հայկական հեղափոխությունների միջև կենդանի կապեր տեսնելու և ստեղծելու համար:
Չպահանջված անկախություն թշնամու պահանջով (պատմական դիալեկտիկայի դասերից)
Նախ՝ փորձենք հասկանալ, թե ի՛նչ էր 1918-ի մայիսի 28-ը հենց 1918-ին այդ օրերն ապրող ականատեսի տեսակետից: 1918-ի մայիսին անկախություն հռչակելը Հայաստանի պատմության ամենահակասական երևույթներից է: Այդ այսօր է դա ընկալվում իբրև տոն և նշելու առիթ:
Բայց 1918-ի մայիսին իրավիճակն այլ էր: Հայկական քաղաքական ուժերից և ոչ մեկը 18-ի նախորդող տարիներին և տասնամյակներին Արևելյան Հայաստանում անկախ հայկական պետություն ստեղծելու նպատակ չի դրել: Վերջին անգամ Արևելյան Հայաստանում անկախ պետություն ունենալու նպատակը քիչ թե շատ լրջորեն դրված է եղել միայն 18-րդ դարավերջում-19-րդ դարասկզբում՝ ռուսական նվաճումից առաջ, երբ հույս կար ռուսների օգնությամբ վերականգնելու հայկական պետությունը: Բայց ռուսական նվաճման արդյունքում միանգամայն այլ իրողություն ստեղծվեց, որի հետ հայերի մեծ մասը հաշտվեց (ինչ պատճառներով և ինչ հանգամանքներում՝ մեր շարադրանքից դուրս է): Ճիշտ է, Հնչակյան կուսակցությունը 1888-ի իր ծրագրում հեռահար նպատակ դնում էր նաև Արևելյան Հայաստանի անկախացումը (ի դեպ, ներառյալ Պարսկական Հայաստանը, այսինքն՝ ներկայիս Իրանական Ադրբեջանի մի մասը, ինչն այսօրվա տեսակետից էկզոտիկ թեմա է), բայց դա՝ միայն թղթի վրա. այն երբեք որպես անմիջական, գործնական նպատակ չի ձևակերպվել: Հայկական ազատագրական պայքարի մեջ ներգրավված բոլոր քաղաքական ուժերի համար գործնական օրակարգ է եղել հեղափոխական պայքարը Արևմտյան Հայաստանում (սրա պատճառներն էլ առանձին խնդիր են, այստեղ զուտ փաստն ենք արձանագրում):
Ամբողջությամբ՝ hetq.am