«Սպասում էի, որ ինչ-որ մեկի դուրը չի գա, բայց որ այդքան բուռն ու սրտին մոտ կընդունեն՝ ոչ»,- այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Սերգեյ Դանիելյանը՝ անդրադառնալով վերջերս իր կողմից հրապարակված տեսանյութերի առնչությամբ քննադատությանը:
«Հետո վերլուծեցի և հասկացա, որ պրոցեսն օբյեկտիվ է և նորմալ: Մարդիկ տարիներ շարունակ ապրել են բանտում, և հիմա այդ բանտի դռները բացվել են, եկել է ինչ-որ մեկը, ով իրենց համար մեսիայի նման անձնավորություն է: Խոսքը վարչապետի՝ Նիկոլ Փաշինյանի մասին է»,- ասաց նա՝ կարծիք հայտնելով, որ այդ մթնոլորտը երկար չի տևի, ամեն բան իր տեղը կընկնի, մարդիկ կհասկանան, որ հումոր անելը վատ բան չէ:
«Դա ծաղր չէ, ընդամենն անեկդոտ է, բայց մարդիկ միանգամից շատ ցավոտ են ընդունում այդ ամենը՝ չհասկանալով մի պարզ բան՝ հումորը և ուղղակի ժպիտը երբեք չեն խանգարի: Դեռ ավելին՝ թուլացնում են լարվածությունը»,- ասաց Սերգեյ Դանիելյանը:
Նա կարծիք հայտնեց, որ անձի լուրջ պաշտամունք լինում է այն դեպքում, երբ պետականորեն է ձևավորվում. «Ժողովրդի ասած անձի պաշտամունքը կանցնի: Մի քանի տարի կամ գուցե մի քանի ամից հետո կանցնի, երբ ինչ-որ դժվարություններ սկսվեն, երբ ձևավորվի ինչ-որ մասսա, որը դժգոh կլինի իշխանություններից: Այդպես էլ պիտի լինի, որովհետև չեն կարող բոլորը հորթի խանդավառությամբ, կովի նման նայել վերև և ասել՝ վայ, ինչ լավ է, սրան բռնեցին, նրա փողերը վերցրին ձեռքից: Այդ ամենը կանցնի՞, չէ, վերջապես, ու կսկսվի աշխատանք: Հուսամ՝ մեր կառավարությունը չի անի անձի պաշտամունքը, նկարները չենք խփի պատերին: Անձի պաշտամունքն առաջ էր: Ժողովուրդը զզվում էր, իսկ սաղ իշխանավորները խփել էին հետևը՝ «ангел-хранитель»: Սա անձի պաշտամունք չէ: Սա չձևավորված հասարակության էյֆորիկ, հետհեղափոխական վիճակ է, որը կամաց-կամաց, երբ սառը ջրի մեջ դնես, կանցնի»:
«Իշխանությունը ձևավորված չէ: Առաջ ունեինք ինչ-որ դեգեներատների խումբ, որոնք գող էին, ավազակ էին և մեզ հարստահարում էին: Մենք իրենց համար բիոմասսա էինք, որն իրենց խանութներից է օգտվում, իրենց հիվանդանոցներում է բուժվում, իրենց տաքսիներն է նստում, իրենց տրանսպորտից է օգտվում, իրենց շաքարն է ուտում, և այլն: Դա գնաց, փառք Աստծո: Եկավ իշխանություն, որը պետք է ձևավորվի: Պետք է արժեքներ ձևավորվեն: Հիմա կամաց-կամաց արժեքներ են ձևավորվում: Դա ամենակարևոր բանն է, և ողջունելի է, որ անպայման չէ՝ եթե մարդը պաշտոնյա է, վիզն այսքան լինի (նկատի ունի հաստ.- խմբ.), ոսկուց խաչեր կախված լինեն, երեխեքը ուռոդ լինեն, գող լինեն, ավազակ, մարդասպան, անասուն: Հիմա այդպես չէ: Օրինակ՝ երեկ «Շանթի» եթեր էր եկել առողջապահության նախարարը: Նորմալ տղա էր՝ 35-40 տարեկան. կոստյումը՝ հասարակ, ձեր կոստյումի նման, կոշիկները՝ իմ կոշիկներից ավելի էժան: Հաստատ տաքսիով էր եկել: Մարդ է, որի հետ խոսեցինք խնդիրների մասին: Միգուցե ինչ-որ տեղ սխալ էր, կուղղենք: Հիմա այդ արժեքները ձևավորվում են: Դա ամենակարևորն է: Երբ դրանք կձևավորվեն, կձևավորեն նաև արվեստագետի տեղը»,- ասաց նա:
Սերգեյ Դանիելյանն ընդգծեց՝ միշտ չէ, որ արվեստագետը պետք է օրինակ ծառայի. «Ինձ ասում են՝ դու ի՞նչ դերասան, դու չկայացած դերասան ես, մեկնաբանություններում ասում են՝ դու ի՞նչ ես արել, որ խոսում ես, աբիժնիկ ես: Նախևառաջ պիտի հասկանալ, որ դերասանը չպիտի ինչ-որ բան արած լինի, անպայման չէ օրինակ ծառայել: Այսինքն՝ նրանք չեն էլ հասկանում՝ արվեստագետն իրականում ինչի համար է: Դուք պատկերացնո՞ւմ եք՝ եթե արվեստագետը միշտ մարդու համար օրինակ լիներ, ապա ինչ կլիներ աշխարհում, եթե հետևեին, օրինակ, Սալվադոր Դալիի օրինակին, որ կնոջն ով ուզում՝ ունենում էր, ինքը նկարում էր այդ կնոջը, սիրում էր նրան: Բայց նաև… շատ հաճախ ակցիաներ էր անում, որոնք ոչ ոք չէր հասկանում, և այլն և այլն:
Մտքներով անցնո՞ւմ էր՝ գային, ասեին՝ Սալվադոր Դալի, չե՞ս ամաչում դու, չէ՞ որ երեխաները նայում են: Ինչո՞ւ պետք է երեխաները նայեն Սալվադոր Դալի, կարո՞ղ եք ինձ ասել: Ես կարող եմ հազարավոր օրինակներ բերել,- ասաց նա՝ նշելով,- Արվեստագետն ունի իր գործը, դուք էլ ունեցեք ձերը: Նրանից վերցրեք այն, ինչ ձեզ հարմար է: Ինձանից կան հարմար բաներ վերցնելու: Ես չեմ ասում, որ Հովհաննես Թումանյանի նման պետք է կրթեմ ձեր երեխաներին: Ոչ, բացարձակ: Իմ ոճը դա չէ, իմ ձևը դա չէ: Ես դրա համար չեմ ծնվել»:
Նրա խոսքով՝ հասարակությունը շատ բարդ, ցավոտ տրանսֆորմացիայի փուլում է. փլվում են արժեքները: «Ես նայում եմ պաշտոնյաների երեխաներին: Դուք զգացե՞լ եք՝ պորճերը քչացել են: Ես զգացել եմ՝ քիչ են նրանք, ովքեր ճռռիկներով են քշում: Պորճ լինելու էնտուզիազմը պակասել է, արդեն մոդա չէ: Հիմա մենք պետք է հասկանաք, որ հարկը ոչ թե գնալու է Սաշիկի, Փաշիկի, եսիմում ջեբը, այլ պիտի քո պետությանը գնա: Արդեն հաճույքով պիտի անել այդ գործը: Ինչ մեղքս թաքցնեմ, եթե հիմա ոստիկանն ինձ կանգնեցնի և տուգանի, չնայած երբեք այդպիսի բան չի եղել (ես շատ պարկեշտ վարող եմ), ես հաճույքով կտամ այդ հարկը, որովհետև գիտեմ, որ դա գնալու է մի փոքր՝ աշխատավարձին, մի փոքր՝ այլ բանի համար: Պիտի հասկանանք, որ սա մեր տունն է արդեն: Արդեն վերջ, իրենցից վերցրել ենք: Մի քանի հոգի են մնացել, իրենցից կպրծնենք: Նրանց էլ՝ օլիգարխներին, կբերենք հարկային դաշտ: Մենք պիտի երկիրը կառուցենք վերջապես»:
Դիտարկմանը, որ հրապարակված տեսանյութերում նաև հազ էր առկա, Սերգեյ Դանիելյանը պատասխանեց. «Դրանից հետո վախենում էի հազալ: Հաղորդում եմ վարում, վախենում էի հազալ, սպասում էի՝ կասեն՝ այ, Նիկոլի նման է հազում»: