Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի հարևանությամբ գտնվող շինության նկուղայինհարկում ժամանակին մեծ երազանքներ ունեցող մարդիկ էին հավաքվում, շփվում միմյանց հետ: Փոքր ժամանակ հայրիկիս հետ հաճախ էինք այնտեղ լինում, բոլորը վստահ էին, որ կյանքը շուտով փոխվելու է: Ոչ մեկի կյանքը այդպես էլ չփոխվեց, իսկ նկուղի տեղում հիմա, կարծես թե, ատամնաբուժարան է: Ես քաղաքը սկսել եմ ճանաչել ցածրից, նկուղից, որի առաստաղից քիչ ներքև գտնվող լուսամուտից երևում էին անցորդների ոտքերը միայն:
Տասներկու տարեկան էի, երբ տեղափոխվեցի Գերմանիա: Այնտեղ քաղաքներն ավելի գեղեցիկ են, մարդիկ էլ դրանց հոգատարությամբ են վերաբերվում, բայց ես կամքիցս անկախ անընդհատ հայերեն տառեր էի փնտրում, ցուցանակներ, գրություններ և ուզում էի վերադառնալ ծուռումուռ, մեկ-մեկ էլ անճոռնի շենքերով Երևան, ուր բոլորը հայերեն են խոսում:
Երևանը մոգություն ունի: Շրջում ես փողոցներով, մտնում առաջին պատահած դալանի միջով և հարյուր, երկու հարյուր տարով ետ գնում. փայտե հին պատշգամբ, արևոտ, փոքրիկ բակ ու լռություն։ Անհավատալի է, որ քաղաքում կարելի է նման լռություն գտնել:
Ամբողջությամբ՝ evnmag.com