Ե՞րբ է ավարտվելու ադրբեջանական նավթը. jam-news.net
Advertisement 1000 x 90

Ե՞րբ է ավարտվելու ադրբեջանական նավթը. jam-news.net

Նավթային փողերը կազմում են ադրբեջանական բյուջեի եկամտային մասի մոտ 60%-ը: Ժամանակ առ ժամանակ տնտեսագետները, վերլուծաբաններն ու քաղաքագետները սկսում են անհանգստանալ. ի՞նչ կլինի, եթե նավթը վերջանա: Հատկապես հիմա, երբ 2010թ-ին իր գագաթնակետին հասած նավթաարդյունաբերության ծավալը հինգ տարում կրճատվել է 20 տոկոսով: Մի՞թե ադրբեջանական «սև ոսկին» իր ավարտին է մոտենում:

Ինչո՞ւ է նավթը պակասել

Նավթային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Իլհամ Շաբանն ասում է, որ նավթն, ըստ էության, չվերականգնվող ռեսուրս է, սակայն հոռետեսական կանխատեսումները հաճախ են հերքվում պրակտիկայով.

«1949թ-ին հայտնաբերվել էր բաց ծովի աշխարհում առաջին նավթահանքը՝ «Նավթաքարերը»: 1952թ-ին այնտեղ արդեն սկսեցին արդյունաբերական մեթոդով նավթ արդյունահանել: Այն ժամանակ համարվում էր, որ 1979-80թթ-ին Նավթաքարերի ռեսուրսները կվերջանան: Սակայն 80թ-ին երկրաբաններն այլ որոշում կայացրին, և 2000թ-ին այդ ժամկետը երկարաձգվեց մինչև 2015թ-ը: Իսկ 2015թ-ին պարզվեց, որ էլ ավելի խորքային շերտերի նավթը կհերիքի մինչև 2035թ-ը: Նախորդ տարի Նավթաքարերում դեռ արդյունահանվում էր տարեկան մոտ 1մլն տոննա նավթ»:

Ինչպես ասում է Իլհամ Շաբանը, նավթահորերում միշտ մնում է այսպես կոչված «երկրաբանական պահուստ», այսինքն՝ նավթ, որը հնարավոր չէ դուրս բերել բարդ երկրաբանական կառուցվածքի պատճառով: Սակայն բավական է առաջադեմ տեխնոլոգիաներ կիրառել, և արդյունահանելիության ցուցիչը հասնում է 50%-ի, ինչպես Ազերի-Չիրագ-Գյունեշլիում է, որտեղ աշխատում է ВР ընկերությունն ու նրա գործընկերները: Համեմատության համար՝ Ադրբեջանական պետական նավթային ընկերությունը կարող է արդյունահանել ծովային նավթահանքերի նավթի միայն 28%-ը: Այդ պատճառով էլ Ազերի-Չիրագ-Գյունեշլիում մենք կարող ենք արդյունահանել ևս 500մլն տոննա նավթ»:

Պետք չէ մոռանալ նաև գազային կոնդենսատի և գազի մասին, որոնք Ադրբեջանը նույնպես վաճառում է, ասում է փորձագետը:

Սեպտեմբերի 14-ին SOCAR-ն ու բրիտանական BP ընկերությունը երկարաձգեցին Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքի շահագործումը մինչև 2050թ-ը:

«Դարի պայմանագրի» շրջանակում «կքաշեն» ադրբեջանական ոչ ամբողջ նավթը

2010-2016թթ-ին Ադրբեջանում ամեն տարի արդյունահանվող նավթի ծավալը կրճատվեց 10մլն տոննայով: Սակայն այդ կրճատումը նախապես էր պլանավորվել: «Դարի պայմանագրում» խոսքը գնում է միայն Ազերի-Չիրագ-Գյունեշլի նավթահանքի մասին, և նավթահորի համար բնական է, որ ժամանակին համընթաց նավթը պակասում է, և այն արդյունահանելը՝ դժվարանում:

Սակայն Ազերի-Չիրագ-Գյունեշլիից բացի Ադրբեջանում շատ են դեռ ընդհանրապես չմշակված նավթահանքերը: Օրինակ, համոզիչ տվյալներ կան, որ մեծ հավանականությամբ հնարավոր է նավթ գտնել Ադրբեջանի կենտրոնական մասում, որտեղով անցնում է այսպես կոչված «Մուգանի մոնոկլինալը»:

Դրա հետազոտությանն ադրբեջանցի գիտնականները նվիրել են 30 տարի, և դա նավթի միակ պոտենցիալ աղբյուրը չէ: Այնպես որ, «նավթային ապոկալիպսիս» Ադրբեջանին դեռ չի սպառնում, իսկ նավթաարդյունահանման կրճատման վտանգ կարող է առաջանալ հետազոտությունների և արդյունահանման գործում ոչ բավականաչափ ներդրումների, այլ ոչ թե այն պատճառով, թե նավթը «վերջանում է»:

Ամբողջությամբ՝ jam-news.net