Մեզ տեղեկություն էր հասել, որ առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի գրասենյակի ղեկավար Վահան Կոստանյանին փորձում են բանակից ազատել: Ըստ լուրերի՝ նախ նրան փորձել են բանակից ազատել բժշկական հանձնաժողովով՝ նշելով աղիների հետ կապված խնդիրները: Այժմ էլ փորձում են ազատել գիտությամբ զբաղվելու պատճառաբանությամբ, մեզ ասել էին, թե այս օրերին գիտական հոդվածներ են գրում, որ որպես բացառիկ կարողությունների տեր երիտասարդ՝ կառավարության հատուկ որոշմամբ ազատվի զինծառայությունից:
Փորձեցինք տեղեկությունները ճշտել անձամբ Վահան Կոստանյանից: Նա նշեց, որ չի խուսափում զինծառայությունից, ընդամենը պատրաստվում է դիմել ակադեմիական տարկետում ստանալու համար եւ զբաղվածության պատճառով այսօր՝ հայտերի ընդունման վերջին օրը՝ մեկ ժամվա ընթացքում դիմում կներկայացնի: Վահան Կոստանյանը ավարտել է ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի մագիստրատուրան, այժմ մտադիր է ընդունվել նույն ֆակուլտետի ասպիրանտուրան, դեռ քննություններ չի հանձնել, վստահեցրեց, որ ակադեմիական տարկետում ստանալու համար անհրաժեշտ գիտական հոդված ունի տպագրած: Ինչ վերաբերում է բժշկական հանձնաժողով անցնելուն, նշեց. «Ես գնացել եմ զինվորական կոմիսարիատ, անցել եմ բժշկական ստուգումը, զգուշացրել էի, որ ակադեմիական տարկետում եմ փորձելու ստանալ, ինձ ասացին, որ պետք է անկախ ամեն ինչից ներկայանալ, ստացել եմ երկու հատ ուղեգիր, քանի որ լյարդում սահմանվածից մեծ չափի քար ունեմ, աղիքների հետ կապված արյունահոսություն եմ ունեցել փետրվարին, բարակ աղու հետ կապված խնդիր ունեմ, դեռ վայենկոմատի կոմիսիան եմ անցել, մանրազննին չեմ ստուգվել»,-ասաց առաջին փոխվարչապետի գրասենյակի ղեկավարը՝ վստահեցնելով, որ ակադեմիական տարկետում ստանալու համար ուղիղ եթերում անաչառ քննություն է ընթանալու, հանձնաժողովը կորոշի՝ արժանի է ստանալ այն, թե ոչ:
Դիտարկմանը, թե ինչքանո՞վ կարող է անաչառ քննություն լինել, եթե այսօր ինքը իշխանություն է, պաշտոնյա, Վահանը նկատեց, որ ՔՊ-ի այսօր իշխանություն լինելը ոչինչ չի նշանակում, քանի որ Նոր Հայաստանում իրենցից որեւէ մեկը չի պատրաստվում իր պաշտոնական դիրքը չարաշահել: Ի դեպ, մեր զրույցից անմիջապես հետո, չսպասելով նյութի հրապարակմանը, Միրզոյանի գրասենյակի ղեկավարը շտապեց Ֆեյսբուքում ստատուս գրել՝ ներկայացնելով մեր զրույցը: «Քիչ առաջ զրուցեցի «Հրապարակ» օրաթերթի լրագրողի հետ։ Հարցրեցին՝ արդյոք պատրաստվում եմ բանակից ազատվել, ինչին պատասխանել եմ, որ ոչ թե պատրաստվում եմ բանակից ազատվել, այլ սահմանված կարգով մեկ ժամից փաստաթղթերս կներկայացնեմ ԿԳՆ ակադեմիական տարկետում ստանալու հավակնելու համար։ Լրագրողը քաջատեղյակ էր նաև երկու օր առաջ անցած իմ զինկոմիսարիատի բժշկական ստուգումից, ինչի արդյունքում հանձնաժողովը արձանագրել է, որ ունեմ բարակ աղիքի խնդիր և նորմայից մեծ քար երիկամում։ Ինչ խոսք, հաճելի է նման ուշադրությունը։ Հույս ունեմ, որ իմ կողմից ներկայացված փաստերը չեն խեղաթյուրվի։ #տարկետումլինելուԱ»:
Նշենք, որ «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամները հանդիպում-քննարկումներ են ունեցել նոր կառավարության անդամների հետ, որոնց արդյունքում փոփոխություններ և լրացումներ են կատարվել գիտության և կրթության բնագառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինծառայության զորակոչից տարկետում տալու մասին օրենքում: Փոփոխությունների արդյունքում Մագիստրոսի կրթական ծրագրի շրջանակներում տարկետման իրավունքի հավակնություն են ձեռք բերում առնվազն 60, իսկ ասպիրանտական կրթական ծրագրի շրջանակներում՝ առնվազն 65 բալային միավոր հավաքած քաղաքացիները:
Մագիստրատուրայի դեպքում ՄՈԳ-ը (միջին որակական գնահատական) պետք է կազմի առավելագույն արժեքի առնվազն 90 %-ը (18 և ավելի), իսկ ասպիրանտուրայի դեպքում բարձր ՄՈԳ-ի հետ մեկտեղ պետք է առնվազն 1 հոդված: Օլիմպիադաներին մասնակցությունն ու մրցանակների առկայությունը հավելյալ միավորներ են ապահովում: Նշենք նաև, որ տարկետման տրամադրման համար կա 5 չափանիշ․
-Գիտական հոդվածներ
-Գիտաժողովների զեկույցներ
-Միջին որակական գնահատական
-Գիտակրթական մրցանակներ
-Հարցազրույց
Հայտերի ընդունման վերջնաժամկետը հունիսի 8-ն է:
Հավելենք, որ Վահան Կոստանյանը «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության անդամներից է եւ ակտիվ մասնակցել է ակադեմիական տարկետման պահպանմանն ուղղված ակցիաներին: Եվս մեկ հավելում․ վարչապետի որդին օրեր առաջ հայտարարեց, որ իր դիմումով մեկնում է ծառայելու Արցախ, իսկ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում կոչ արեց բոլոր պաշտոնյաներին իրենց որդիներին եւս ուղարկել զինծառայության։