Իսպանացի ֆուտբոլիստ Անդրես Ինիեստան նախորդ ամիս հայտարարեց ֆուտբոլիստի կարիերան ավարտելու մասին: Առհասարակ, եվրոպական ֆուտբոլը վերջին 2-3 տարիներին հրաժեշտ տվեցին մի շարք լեգենդար ֆուտբոլիստներ, օրինակ՝ Ջիջի Բուֆֆոնը: Ի տարբերություն Բուֆֆոնի՝ Ինիեստան կմասնակցի Ռուսաստանում կայանալիք Աշխարհի առաջնությունը:
Մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը՝ 168.am-ը ներկայացնելու է բոլոր այն լեգենդար ֆուտբոլիստներին, ում համար ԱԱ-18-ը կլինի կարիերայի վերջին մեծ մրցաշարը: Մեր շարքում առաջինը հենց Ինիեստան է:
Ինիեստա. Միևնույն ժամանակ՝ և՛ ամաչկոտ, և՛ լիդեր
16 տարեկանում Ինիեստային առաջին անգամ հրավիրել էին «Բարսելոնայի» առաջին թիմ՝ մարզվելու: Անդրեսը մի քանի ժամ ամաչում էր մտնել հանդերձարան, նա անընդհատ մտածում է, որ ամենը կատակ է, և իրականում նա դեռ այնքան արժանիքներ չունի առաջին թիմում մարզվելու համար: Արդյունքում՝ Ինիեստային փնտրելու գործը հանձն առավ «Բարսելոնայի» ներկայիս գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն, ով միանգամից սկսեց հետաքրքրվել պատանիով և ամեն անգամ անձամբ ուղեկցել մարզումների:
Հետագայում Ինիեստայի մոտ ամեն ինչ ավելի արագ ստացվեց, նա դարձավ «Բարսելոնայի» առաջատարներից մեկը:
Երբեմն ստեղծվում է տպավորություն, որ Ինիեստան չի ցանկանում անձամբ գոլ հեղինակել. շատ հաճախ կարելի է հանդիպել դեպքերի, երբ Ինիեստան կատարում է փոխանցումներ այնպիսի դիրքերից, որոնցից գրեթե բոլորը գոլ կխփեն: Չնայած սրան, Ինիեստան խաղն իր ձեռքն է վերցնում և կատարում է վճռական հարվածներ ամենակարևոր պահերին: Խոսքերիս վառ ապացույցն է 2010 թվականին տեղի ունեցած Աշխարհի առաջնությունը, որտեղ Ինիեստան փայլուն կերպով գրավեց Հոլանդիայի ազգային հավաքականի դարպասը, ինչի շնորհիվ էլ Իսպանիան դարձավ աշխարհի չեմպիոն:
Ինիեստա. Երկրպագուների ամենասիրելին
Այն, որ Ինիեստան սիրված է «Բարսելոնայի» երկրպագուների կողմից, անժխտելի փաստ է, բայց Ինիեստային սիրում են նաև այլ ակումբների երկրպագուներ, օրինակ՝ «Բարսելոնայի» թշնամի ակումբ «Էսպանյոլի» երկրպագուները: Ինիեստան միակ ֆուտբոլիստն է, ում այս ակումբի երկրպագուները չեն սուլում, այլ ընդհակառակը՝ ծափահարում են շատ բուռն և հոտընկայս: Բանն այն է, որ Աշխարհի 2010 թվականի առաջնության եզրափակչում գոլից հետո Ինիեստան ցույց տվեց իր շապիկը, որի վրա գրված էր՝ «Daniel Jarque: siempre con nosotros»: Այս գրությունը նվիրված էր «Էսպանյոլի» ֆուտբոլիստ Դանի Խարկեին, ով վաղաժամ հեռացել էր կյանքից: Խաղից հետո Ինիեստան շապիկը նվիրել է «Էսպանյոլի» թանգարանին: Մինչ օրս էլ Անդրեսը Խարկեի ընտանիքի կողքին է և պարբերաբար կազմակերպում է ֆուտբոլային հանդիպումներ՝ ի հիշատակ Դանի Խարկեի:
Ինիեստա. Գինեգործ
Bodega Iniesta. այսպես է կոչվում Ինիեստայի գինեգործության կենտրոնի թողարկած գինին: Ինիեստան անտարբեր չէ գինիների հանդեպ և իր աշխատանքից ստացած եկամտի մեծ մասը նվիրում է հենց գինեգործության զարգացմանը: Առայժմ ֆուտբոլը թույլ չի տալիս Անդրեսին ամբողջովին ներգրավվել այս աշխատանքում, այդ պատճառով գինեգործության կենտրոնը ղեկավարում է Անդրեսի հայրը՝ Խոսե Անտոնիոն: Ինիեստայի հեղինակությունը շատ է օգնում գինիների ճանաչման հարցում:
Հիշեցնենք, որ Ինիեստան որոշել է կարիերան շարունակել Չինաստանում, որտեղ ոչ միայն ֆուտբոլ կխաղա, այլ նաև կզարգացնի իր բիզնեսը: Մի քանի տարի առաջ Ինիեստան 10 միլիոն դոլար ներդրեց իր հայրենի քաղաքի՝ Ֆուենտեալբիլիայի խաղողի այգիներում, և սկսեց գինու արտադրություն:
Իր բիզնեսին Ինիեստան վերաբերվում է այնքան լուրջ, որքան ֆուտբոլին: Ամեն տարի արտադրվում է 700 հազար շիշ կարմիր, սպիտակ և վարդագույն գինի: Բրենդը կոչվում է Bodega Iniesta: Գինու տեսակներից մեկը կոչվել է Ինիեստայի աղջկա՝ Վալերիայի անունով: Գինիները վաճառվում են ոչ միայն Իսպանիայում, այլև Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում:
Սեփական ակումբի փրկիչը
Ինիեստան 8-12 տարեկան հասակում խաղացել է «Ալբասետե» մանկական ակումբում: Այս ակումբը 2012 թվականին սնանկացման եզրին էր հայտնվել: Ակումբի ղեկավարությունը վաճառքի հանեց ակումբի բաժնետոմսերը. այս բաժնետոմսերի մեծամասնությունը գնեց հենց Անդրեսը՝ վճարելով 420 հազար եվրո: Մեկ տարի անց ակումբը նորից հայտնվեց ծանր կացությունում. այս անգամ Ինիեստան հրապարակային ելույթ ունեցավ՝ խնդրելով օգնել ակումբին: Գումարը բավականաչափ չհավաքվեց, և Անդրեսը նորից սկսեց ծախսել սեփական միջոցները: Ընդհանուր հաշվով՝ ակումբի վերականգնման գործի համար Անդրեսը ծախսեց 1 միլիոն եվրոյից ավելի գումար: Այսպիսով՝ նա դարձավ ակումբի սեփականատերը: «Ալբասետեի» ղեկավարման գործով այժմ զբաղվում է Անդրեսի հայրը:
Սիրարփի Աղաբաբյան