Life.panorama.am-ը վերսկսում է իր շարքն ու մեր հայտնիների հետ վիրտուալ աշխարհից տեղափոխվում գրականություն: Այսօր տեղեկացել ենք, թե գրական ինչ ժանր է նախընտրում դերասանուհի Իննա Խոջամիրյան, ովքեր են իր սիրելի հերոսներն ու ինչ ստեղծագործություններ խորհուրդ կտա մեր ընթերցողներին:
– Իննա, այս պահին առաջին գիրքը, որ կմտաբերեք և որը մեծ հետք է թողել ձեր կյանքում:
– Բոլոր գրքերը հետք են թողնում, մեծ թե փոքր, երկարատև, թե հպանցիկ՝ մեկ է թողնում են: Բայց, այնուամենայնիվ, կա միակը, որն իմ ամենասիրելին է բոլոր ժամանակներում, և ամենամեծ հետքն է թողել, դա Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենություն»-ն է։ Մոտ 17 տարեկան էի, երբ գիրքն ընթերցել եմ, բայց տարիներ անց միանշանակ վերընթերցելու կարիք կար, քանի որ կարելի էր ասել կարդացածիցս ոչինչ չէի հասկացել: Գիրքն, ինչ խոսք, խորհուրդ եմ տալիս գոնե 20 տարեկանից մեծ ընթերցողին։ Դեռահասների համար այն կարող է ձանձրալի թվալ։
– Հերոս, ում ինքներդ Ձեզ եք նմանեցնում:
– Երբևէ չեմ փորձել զուգահեռներ տանել իմ և գրքերի հերոսների միջև, բայց վաղուց կարդացած գրքերիցս մեկի հերոսուհուն նմանեցրել եմ ինձ (կամ էլ այն ժամանակ ուզեցել եմ նման լինել). Հենրի Հագարդի «Մոնթեսումայի դուստրը» ստեղծագործության հերոսուհու մասին է խոսքը. Պատանեկան հիշողություններիս ամենալավ գրքերից է։
– Ստեղծագործություն, որը եթե հաճախ չեք կարդում, ապա գոնե հաճախ եք մտաբերում:
– Դոստոևսկու սիրահար եմ… Գրեթե անգիր հիշում եմ նրա բոլոր ստեղծագործությունները, նույնիսկ տեղ-տեղ մեջբերումներ հերոսներից։
– Գրական, ո՞ր ժանրն եք առավել նախընտրում:
– Բոլոր ժանրերը կարդում եմ, երևի թե բացառությամբ սարսափ և ֆանտաստիկայի ժանրերից:
– Այս պահին, ո՞ր գիրքն է դրված Ձեր սեղանին:
– Այս պահին «սեղանից վերցրել եմ» Վլադիմիր Նաբոկովի Լոլիտան։ Ռուսերեն տարբերակը 2 տարի առաջ եմ կարդացել, այս անգամ ընթերցեցի հայերեն թարգմանությունը։ Այն բացառիկ գրքերից է, որն ավարտելիս մի պահ հավատում ես, որ մտացածին հերոսի փոխարեն հեղինակն ինքն իր մասին էր գրել վեպը… Այն գրքերից է, որին «հավատացել եմ»… Այժմ ծանոթներիցս մեկի գրադարակում Յալոմի «Երբ Նիցշեն լացում է» գիրքն եմ աչքի տակ առել։ Մոտ օրերս արդեն սեղանիս կլինի։
– Նախընտրում եք արտասահմանյան, թե հայկական գրականություն:
– Արտասահմանյան գրականություն եմ կարդում հիմնականում, բայց ուզում եմ հայկականը սկսել: Գրական մարգարիտներ ունենք, որոնց մատների արանքով ենք վերաբերվել (համենայն դեպս ես), բայց պարտադիր ընթերացանության ենթակա են և բավականին լավն ստեղծագործություններ են:
– Գիրք կամ գրքեր, որոնք Ձեզ համար պարտադիր ընթերցման են համարվում ու խորհուրդ կտաքմեր ընթերցողներին:
– Պատճառներ չեմ կարող ասել՝ ինչու պետք է այս կամ այն գիրքը կարդալ: Ինչքան հնարավոր է պետք է կարդալ, անընդհատ, ամեն հարմար պահի, կամ էլ միշտ հարմար պահ ստեղծել կարդալու համար։ Հստակ ցանկ նշել չեմ կարող պարտադիր ընթերցանության, բայց կարող եմ թվել նրանք, որոնք այս պահին առաջինը եկան մտքիս, որոնք, ըստ իս, պիտի կարդա յուրաքանչյուր ոք: Եվ այսպես՝ Գյոթե «Ֆաուստ», Դոստոևսկի (ցանկացած գործ) – «Ապուշը», «Ոճիր և պատիժ», «Կարամազով եղբայրներ» և այլն, Տոլստոյ «Պատերազմ և Խաղաղություն», Օնորե դը Բալզակ «Հայր Գորիո», «Խորտակված պատրանքներ», «Շագրենի կաշին», Դանթե Ալիգիերի «Աստվածային կատակերգություն»: