Հայտնի հեքիաթը հիշում եք, չէ՞, երբ թագավորն ամբողջովին մերկ քայլում է ամբոխի միջով, մարդիկ հիանում են նրա մտացածին հագուստով, և միայն մի երեխա է բղավում ճշմարտությունը․«Թագավորը մերկ է»։
Տարիներ շարունակ ամբոխի դերում էինք՝ կամա-ակամա, ոմանք գիտեին ճշմարտությունը, բայց առաջին շարքում կանգնած գովում էին սրա-նրա «հագուստը»։ Ոմանք էլ կռահում էին մերկությունը, բայց հետևի շարքերում էին, և որքան էլ բղավեին՝ իրենց ձայնը լսելի չէր։ Ոմանք էլ մեջտեղի շարքերից փորձում էին արդարացումներ փնտրել․ չէ՞ որ, ի վերջո, «թագավորի» մասին են խոսում, իսկ նա հաստատ լավ գործեր է արել։
Մեր գեներալներից մեկը Մանվել Գրիգորյանն է։ Մարդ, որն ապացուցեց, որ Արցախյան պատերազմի մասնակից լինելը բավարար չէ՝ լավ մարդ լինելու համար՝ որքան էլ այս միտքը կոպիտ հնչի։ Զինվորին այսքան բարձր դասող երկրում վտանգավոր է պատերազմին մասնակցած մարդուն «ցածր դասելը»․ մեծ հավանականությամբ լսելի չես լինելու, կարժանանաս մեղադրանքների, և հնարավորինս արագ կկարգվես ազգի դավաճան ու անշնորհակալ։ Մինչդեռ արի ու տես, որ պատերազմի դաշտում էլ նույն կյանքն է՝ ավելի լարված, մռայլ, կրակոցների ու պայթյունների ձայներով ընդհատվող, բայց էլի՝ կյանքն է։ Ու նույն այդ դաշտում էլ չկան բացարձակ հերոսներ և բացարձակ սրիկաներ։ Պատերազմ հաղթելով հնարավոր չէ ամբողջ կյանքի համար անձեռմխելիության տոմս շահել ու արդարացնել սեփական ամենաթողությունը։ Պատերազմային կյանքից հետո վերադառնում ես «քաղաքացիական կյանքին», և սխալներդ դառնում են մարդկային, ոչ թե՝ «պատերազմահաղթ»։ Պատերազմը մեր սխալներին վահան դարձնելով՝ մենք խեղճացնում ենք ամբողջ կռիվն էլ, հաղթանակն էլ։
Իսկ գեներալը սխալվել է։ Սխալվել է՝ «Զինվորի բաժին» գրությամբ պահածոներով՝ իր սեփականություն համարվող տարածքում կենդանիներ կերակրելով, տանը մեծ քանակի՝ ապօրինի զինամթերք պահելով, Ապրիլյան պատերազմի օրերին՝ զինվորների համար հավաքած սնունդը սեփականաշնորհելով։ Իրավական դաշտում կա «անմեղության կանխավարակած» հասկացությունը, որը ԱԱԾ-ի հրապարակած տեսանյութը դիտելիս կարծես թե իր ուժն էլ է կորցնում, մնում է մեղադրանքների այս՝ ոչ ամբողջական շարքը ու օդում էլ հարց՝ տասնյակ մեքենաների հավաքածու ունեցող մարդու ինչի՞ն էր պետք սահմանի համար գնված, ասենք, զուգարանի թուղթն իրենով անելը, կամ այդ շքեղ շարասյան մեջ զինվորական շտապ օգնության մեքենա պահելը՝ ուղարկած ՌԴ-ում ապրող մեր հայրենակիցների հանգանակությամբ։ Երբ աղաղակում են փաստերը, լռում է անմեղության կանխավարկածը։
2016 թվականին, մայիս ամսին իրենց ծննդյան օրը նշող մարդիկ մեծամասամբ չտոնեցին իրենց ծննդյան օրերը։ Առհասարակ, շատ քիչ էին հավաքույթներ ու տոնախմբություններ կազմակերպվում՝ մի շատ պարզ պատճառով․ փող չկա։ Չկա, որովհետև ապրիլին, հավանաբար բոլորս հնարավոր ու անհնար խնայողություններն ուղղել էինք կա՛մ Մաշտոցի պուրակ, կա՛մ հատուկ բացած հաշվեհամարներին՝ Քառօրյա պատերազմի մասնակից զինվորների համար սնունդ, դեղորայք, այլ իրեր գնելու, վիրավորներին օգնելու համար։ Պատերազմի հաջորդ ամսին ազգովի ուտում էինք կարտոֆիլ ու մակարոնեղենի փլավ՝ միայն դրա գումարն էր մնացել։ Բայց հպարտ էինք, ոգևորված, գիտեինք, որ հիմա նեղության մեջ ենք, բայց դա կապ չունի, մեր զինվորների համար՝ կոպեկ-կոպեկ հավաքած գումարով սնունդ ենք գնել անցած ամիս, մի՞թե սա ավելի կարևոր չէ։ Իհարկե կարևոր է, չի էլ քննարկվում։ Ավագ սերունդը գուլպաներ էր գործում, փոքրերը նամակներ էին գնում դպրոցներից, ու բուֆետի փողերը հավաքելով՝ վազում պուրակ՝ ավագներին խնդրելով զինվորների համար համեղ մի բան գնել։
․․․Երկու տարի անց, մեր օգնությունն ու նամակների մի մասը գտան գեներալի տան մի անկյունում։ Այն գեներալի, որն առիթը չէր կորցնում հայրենասիրությունից խոսելու, ավելի ճիշտ՝ այդ հայրենասիրությունը խաղալու։ Խաղալու, որովհետև իսկական գեներալը, պատերազմ, ուտելիքի քչություն տեսած գեներալը չէր կարող իր զինվորներին պատերազմի մեջ քաղցած թողնել՝ ուղղակի նրանց հասանելիք սնունդը վերցնելով ու թաքցնելով։ Ուրեմն՝ իր զինվորները չէին, իրեն պետք չէին։ Իսկ էլ ի՞նչ գեներալ, ում հետաքրքիր չի զինվորների կյանքը, և ով իր զինընկերների կյանքը և «հարմարավետությունը» սեփական կյանքից ու անձից վեր չի դասում։
Հետագայում շատ ավելի կարևոր է պատերազմի հիշողություններն ու սպին պատվով տանելը, հասարակ կյանքը պատվով ապրելը, և սովորական կյանքում էլ «հաղթանակած» լինելը՝ գործով, անունով։ Որովհետև տեսակով զինվոր մարդը պատերազմի դաշտից դուրս ոչ թե սկսում է սեփական ժողովրդին վախի մթնոլորտում պահել ու թալանել սեփական երկիրը, այլ շարունակում է էլ ավելի ակտիվ ու սիրով ծառայել մարդկանց։ Որովհետև զինվորը իր տեսակն է, ոչ թե՝ առավելությունը, որովհետև իր ընտրած ապրելակերպն է, և ոչ թե՝ կաղապարը, իր կնիքն է, և ոչ՝ խարանը։
Մենք ապրում էինք փողոցով մերկ շրջող թագավորների երկրում, մեր մի մասը մինչ օրս առաջին շարքում է, շարունակում է գովերգել չեղած զգեստները, բայց երկրորդ ու երրորդ շարքերն արդեն ձուլվել են իրար, ավելացել են հինգերորդ, վեցերորդ շարքերը, մեկ օրվա մեջ ավելացան տասնյակ շարքեր։ Եվ հիմա շարքերը բղավում են՝ գեներալը մերկ է։ Մերկ է, ու այլևս չի ծածկվելու պատերազմի վահանով, վահանով, որն ինքն է բարոյազրկել՝ «Զինվորի բաժինը» արջերի առաջ շպրտելով։
Եվ որպես վերջաբան՝ ահա գեներալի տնից «առգրաված» նամակներից մեկը, որն այդպես էլ հասցեատերերին չի հասել։
Սյունե Սևադա