Ստյոպա Սաֆարյանի հրապարակումը.
Օրեր առաջ Տավուշից վերադարձա, երբ իմացա /շատերը գիտեն, որ այնտեղ ես համացանց գրեթե չեմ մտնում/, որ Իգոր Մուրադյանը մահացել է: Ցավոք, այդ բացակայության պատճառով չկարողացա ներկա գտնվել ոչ հոգեհանգստին, ոչ էլ թաղմանը: Բայց մտքիցս երբեք չգնաց նա… այո, լեգենդար մարդ, ով մեծագույն ներդրումն է ունեցել Արցախյան շարժման գործում՝ տեսաբան ու պրակտիկ քաղաքական գործիչ, մտավորական, հայրենասեր ՄԱՐԴ:
Դա տարիներ առաջ էր, երբ անձնապես ու ավելի մոտիկից ծանոթացա ու շփվեցի նրա հետ: Իգոր Մուրադյանը շատ մտահոգ էր Հայաստանի ու Արցախի ապագայով, փաստից, որ քաղաքական կուսակցությունները դադարել են կատարել իրենց ֆունկցիաները, ուշադիր հետևել էր ԶԼՄ-ներում կարծիք հայտնող վերլուծաբաններին ու ընտրել մի փոքր կազմ, որի մեջ նաև նվաստս կար ու շոյիչ էր արժանանալ նման վերաբերմունքի: Պարբերաբար հավաքվում էինք Ara Papian-ի գրասենյակում: Կազմի մեջ մտնողների անունը չեմ տալիս, որովհետև չգիտեմ, թե որքանով համաձայն կլինեն ընկերներս: Բայց մի բան բոլորիս բերեց մի դաշտ՝ Հայաստանի ինքնիշխանությունը պաշտպանել արտաքին հարձակումներից, քանի որ քաղաքական ուժերը չափազանց լոյալ էին դարձել արտաքին դերակատարների հանդեպ ու չէին քննադատում այն, ինչը ուղղված էր մեր ինքնիշխանության ու անվտանգության դեմ: Ու շատերս հենց այս հողի վրա դարձանք “հակառուսական” կամ հակաչգիտեմինչական կամ ինչ-որ բանամետ, որովհետև փորձագետներս գոնե ունեինք լծակներ ազդելու հասարակական կարծիքի վրա ու ստիպված էինք և՛ վերլուծել, և՛ արձագանքել: Ինչպես և պետք էր սպասել, ամեն ինչում չէր, որ բոլորը համաձայն էին միմյանց հետ: Բայց դա կարևոր չէր. մենք բոլորս շատ ուզում էինք լսել միմյանց, ինչպես ենք տեսնում կոնկրետ ընթացիկ կամ ուրվագծվող զարգացումները…
Կար անգամ գաղափար, հենց նույն Իգոր Մուրադյանի կողմից, որ այդ կորիզով որևէ կառույց՝ ՀԿ թե ինչ ստեղծվի: Մի օր հավաքից հետո Կրկեսից մինչև շրջանային առաջարկում էր, որ ես լուրջ վերաբերեմ դրան, օգնեմ, քանի որ լեզուներ գիտեմ, նման փորձ ունեմ և այլն: Դա այն շրջանն էր, որ ես արդեն հիմնադրել էի ՄԱՀՀԻ-ն ու պատմեցի նրան իմ պլանների մասին: Ուրախացավ, բայց միևնույնն է, պնդում էր, որ իր ուզածը ավելի մեծ բան է՝ վերթինթանքային: Ես խոստացա օգտակար լինել, ինչում հնարավոր է ու ինչպես կարող եմ: Հետագայում մի քանի անգամ զանգահարեցի մեր քննարկումներին հրավիրելու համար: Ուրախանում էր ձայնս լսելիս, բայց միշտ մերժում՝ Ստեփան, դու գիտես, որ ես նման տեղեր չեմ գնում… Գիտեի, որ առողջական խնդիրներ ունի, բայց չգիտեի ամենի մասին: Շաբաթներ առաջ համացանցում աչքովս ընկավ Վաշինգթոնում ապրող Դավիթ Գրիգորյանի ստատուսը, որը ուղեկցում էր Իգոր Մուրադյանի նկարին ու ադրարարում էր նրա՝ հայրենիք վերադառնալու մասին: Աչքերիս չհավատացի, երբ այդքան հյուծված տեսա: Գրեթե մեկ շաբաթ առաջ, մեր այդ ոչ ֆորմալ խմբից ու այժմ ՄԱՀՀԻ թիմից Ashot Yeghiazaryan-ին, ով Իգոր Մուրադյանին ճանաչում է դեռ ուշ 80-ականներից ու նրա ու այլոց հետ ակտիվորեն ներգրավված է եղել Արցախյան շարժման մեջ, ում ես ճանաչեցի հենց այդ փակ խմբից /Հենց Իգոր Մուրադյանը ինձ խնդրեց, որ տեղեկանամ դոկտոր Եղիազարյանի դոկտորական ատենախոսության սկանդալի մանրմասաներին, երբ ԲՈՀ-ը չէր հաստատում այն քաղաքական պատճառներով /, խնդրեցի, որ միասին այցելենք Իգոր Մուրադյանին… Ասաց, որ վիճակը շատ ծանր է: Բայց չմտածեցի, որ այդպես էլ վերջին հրաժեշտ չեմ տա ոչ կենդանության, ոչ էլ հրաժեշտի պահին…. Այսքան ծանր մեկ էլ տարել եմ Անահիտ Բայանդուրի մահը: Այդպիսի մարդիկ քիչ են, հազվադեպ՝ այդքան արիստոկրատ, այդքան հոգևոր, այդքան մեծ ու տաղանդավոր: Հոգիդ լույս դառնա, Իգոր Մուրադյան: Քեզ երախտագետ, երախտապարտ ու հիշող լինենք…