Փորձագետների և հանրության հանդիպման մասին Հայկական բնապահպանական ճակատ (ՀԲՃ) քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդագրություն է ատարծել, որը ներկայացնում ենք ստորև:
«Մենք վիճարկում ենք ոչ թե բուն տվյալները, այլ տվյալների հիման վրա արդյունքների մասին Լիդիանի մեկնաբանությունները»,- շեշտել է դոկտոր Էնն Մաեսթը։ Փորձագետներն իրենց վերլուծությունների համար հիմք են ընդունել Լիդիանի երկրաբանական նմուշների ու Լիդիանի անցկացրած փորձարկումների մասին առկա տվյալները, ուստի մեթոդաբանական առումով նրանց աշխատանքը համեմատելի է։ Որպես գիտնականներ՝ փորձագետներն ընդգծում են հանքավայրի երկրաքիմիական բնութագրիչների ու ապարների նմուշների փորձարկումների ճշգրիտ լինելու անհրաժեշտությունը, որպեսզի հնարավոր լինի իրատեսորեն կանխատեսել վտանգները և համապատասխանաբար նախագծել այնպիսի գործունեություն, որը համաչափորեն կանդրադառնա այդ վտանգներին։ Մինչդեռ Ամուլսարի դեպքում Լիդիանի իրականացրած երկրաքիմիական փորձարկումները, հավաքած նմուշները և ամենակարևորը՝ դրանց մեկնաբանումը հանգեցրել է հանքի հնարավոր շահագործման ռիսկերի խիստ թերագնահատման, դրանից բխող անբավարար մեղմացման միջոցառումներով։
Մասնավորապես, ըստ Լիդիանի, Ամուլսարի երկրաբանական կառուցվածքը շատ պարզ է, իսկ պաշարներն ամբողջովին օքսիդային են։ Իրականում ապարների երկրաքիմիական բնութագրիչները ցույց են տալիս, որ հանքի տարածքում երկրաբանական կառուցվածքը շատ բարդ է, պաշարներն օքսիդային չեն, հնարավոր չի լինելու տարբեր շերտերն իրարից տարանջատել, և կա թթվային դրենաժի մեծ ներուժ՝ սուլֆիդների մեծ պարունակության պատճառով։ Ամուլսարում չկա թթու կլանող ու արտադրող ապարների միջև հավասարակշռություն, շատ ավելի շատ են թթու արտադրող ապարները, այդ իսկ պատճառով դատարկ ապարների թափոնակույտը, հանքաքարը և հանքախոռոչը՝ գրեթե բոլորն ունեն թթու արտադրելու ներուժ։ Խնդրահարույց է սուլֆիդային ապարներից նմուշների քիչ քանակությունը, ինչպես նաև թթվային դրենաժի գնահատման համար անցկացված երկրաքիմիական փորձարկման կարճ ժամանակահատվածը, ինչը ապարների ոչ ներկայացուցչական լինելու ու ոչ գիտականորեն անհրաժեշտ ժամանակահատվածում փորձարկվելու պատճառով հանգեցնում է թերի երկրաքիմիական կանխատեսումների։ Եզրակացությունը հստակ է. Ամուլսարում կա թթվային դրենաժի մեծ պոտենցիալ, թթվային միջավայրում ծանր մետաղները ավելի մեծ կոնցենտրացիաներով են կուտակվում, կա հատկապես արսենի (մկնդեղի) մեծ քանակությամբ արտազատման պոտենցիալ հանքախոռոչներում ու դատարկ ապարների թափոնակույտում, իսկ թթվային դրենաժը հարյուրավոր տարիներ տևող գործընթաց է, որն ազդելու է Ամուլսարից սկիզբ առնող ստորերկրյա ու մակերևույթային բոլոր ջրային աղբյուրների ու հոսքերի վրա։ Նույնիսկ եթե հիմք ընդունենք Լիդիանի իսկ պնդումը, թե թթվային դրենաժը տարածքով անցկացված Որոտան-Արփա թունել կհասնի միայն 130 տարի հետո (ինչը կասկածելի է ապարների խիստ ճեղքայնության պատճառով, ուստի շատ ավելի շուտ թթվային դրենաժը կազդի թունելի վրա), ապա թթվային ջրերը՝ իրենց մեջ բազմաթիվ ծանր մետաղների բարձր կուտակումով հոսելու են Կեչուտի ջրամբար և այդտեղից Արփա-Սևան թունելով փոխադրվելու Սևանա լիճ։ «Սա ձեր թոռների համար լուրջ խնդիր է լինելու», ասում է դոկտոր Մաեսթը։
Ամբողջությամբ՝ hetq.am