Երկու դոլարանոց թղթադրամը շրջանառության մեջ է մտել 1862 թվին և մինչ այժմ թողարկվում է: Մի քանի անգամ վերաթողարկվել և փոխել է իր ձևը: Ժամանակակից թղթադրամի վրա պատկերված է ամերիկյան նախագահ Թոմաս Ջեֆերսոնը, մյուս կողմում` Անկախության հռչակագրի ստորագրումը պատկերող հայտնի նկարը:
Այն ամերիկյան ամենահազվագյուտ թղթադրամն է և ցանկացած նման թղթադրամ մնում է դրամապանակներում և այլևս չի օգտագործվում:
Ժամանակի հետ այս թղթադրամների թողարկման ծավալը գնալով փոքրացել է և տարբեր պատճառներով 2 դոլարանոցները մեծ ժողովրդականություն չեն վայելել, իսկ 1966-ից 1976 թթ-ի ընթացքում ընդհանրապես դադարեցվել է այդ արժեքով թղթադրամների թողարկումը:
Անկախության հռչակագրի ստորագրման 200-ամյակին` 1976 թ., 2 դոլարանոցները դարձյալ սկսեցին թողարկվել: Առաջին թղթադրամը շրջանառության մեջ դրվեց 1976-ի ապրիլի 13-ին: Դրամագետները և հատկապես հեռատես մարդիկ, որոնց ձեռքն այդ օրը 2 դոլարանոց ընկավ, շտապեցին փոստ` հատուկ մարման կնիք դնելու: Ապրիլի 13-ի մարումով և 13 ցենտանոց դրոշմանիշով թղթադրամներն առանձնահատուկ կերպով գնահատվում են կոլեկցիոներների կողմից:
Հազվագյուտության պատճառով ամերիկյան երկու դոլարանոց թղթադրամի շուրջն առասպելներ, սնոտիապաշտական հավատալիքներ և պատմություններ են ձևավորվել: Դրանցից որոշներն ինչ-որ կերպ հաստատված են, որոշները` ոչ: Ամեն տեսակ պատմություններ կան թղթադրամի վերաբերյալ. հիմնական առասպելն այն է, որ 2 դոլարանոցները հաջողություն են բերում և փողը ձգում են դեպի իրենց տիրոջ դրամապանակը: Այդ պատճառով, ինչ-որ մեկի ձեռքն ընկնելով՝ թղթադրամը հաստատվում է նոր տիրոջ թղթապանակում և այնտեղ անշարժ մնում է` ֆիզիկապես դուրս գալով շրջանառությունից, իսկ դա նշանակում է, որ նման թղթադրամների թիվը գնալով նվազում է: Նախկինում ոչ բոլորն էին ընկած հաջողության հետևից, և թղթադրամը հիմնական նշանակությամբ էին օգտագործում, բայց դեպքեր էին լինում, երբ մարդիկ խնդիր էին ունենում, երբ փորձում էին խանութում 2 դոլարանոցով վճարել, որովհետև այդ թղթադրամն այնքան հազվագյուտ է, որ ոչ բոլոր վաճառողները գիտեին դրա գոյության մասին և մտածում էին, թե փորձում են իրենց կեղծ դրամ տալ:
Հետո էլ 2 դոլարանոցին մոլախաղերի հակման հետ կապ են վերագրում (խաղադրույքները ձիարշավին և պոկեր խաղալիս) և սեռական ենթատեքստ ( մերկապարուհիների թեյավճարները): Տարբերակ կա նաև, թե ինչ-որ ժամանակ նավահանգիստների մարմնավաճառների ծառայությունները հենց 2 դոլար արժեին և նավաստիներին հարմար էր հաճույքի համար վճարել մեկ թղթադրամով: Կարճ ասած, տարբերակները շատ են:
Չնայած իր հազվագյուտությանը, 2 դոլարանոց թղթադրամն այնուամենայնիվ 2 դոլար արժե, բացառությամբ որոշ հազվագյուտ նմուշների, օրինակ` հատուկ մարումով: