Քաղաքական փիլիսոփայության մեջ ազգայնականությունը հաճախ շոշափվում է քաղաքական մտքի այլ հիմնական ուղղություններում՝ այլ գաղափարախոսությունների համատեքստում։ Չկա հստակ կոնսենսուս, թե ինչ է ազգայնականությունը։
«Ազգ», «ազգություն», «ազգայնականություն» տերմինները բարդ է սահմանելը։ Ազգայնականության կենտրոնական իդեան՝ ազգի գաղափարը, իր հերթին տարիմաստ է։ Տեսաբանները տարակարծիք են առ այն, թե որոնք են ազգի ամենակարևոր բնութագրիչները․ մի կողմից առանձնացվում են օբյեկտիվ գործոններ՝ ինչպես օրինակ՝ արյունակցական կապը, մշակույթը, լեզուն, կրոնը, մյուս կողմից՝ ավելի սուբյեկտիվ գործոններ՝ ընկալումները, զգացմունքները։ Կան հակադիր տեսակետեր ազգերի հին կամ նոր լինելու շուրջ։ Արդյո՞ք դրանք երևակայական են, թե՞ իրական։ Ե՞րբ են ազգը և պետությունը համընկնում, և ե՞րբ՝ ոչ։
Ազգայնականությունը ժամանակակից աշխարհի առաջատար սոցիալական ֆենոմեններից է։ Այն թերևս ավելի խորն է ներթափանցել համաշխարհային քաղաքականություն, քան Լուսավորության դարաշրջանի ավելի ակնառու գաղափարախոսությունները՝ Մարքսիզմը, լիբերալիզմը, արդյունաբերական կապիտալիզմը։ Այդուհանդերձ, այն բավականաչափ ինտելեկտուալ զննման չի արժանացել՝ այն նկարագրող, պաշտպանող կամ քննադատող լուրջ տեքստեր քիչ են արտադրվել։ Կա հսկայական գրականություն ազգայնականության պատմության և սոցիոլոգիայի շուրջ, բայց ազգայնականության տեսություն որպես այդպիսին չի ձևավորվել։ Սա իրականում աննախադեպ է քաղաքական փիլիսոփայության մեջ։ Իռլանդացի քաղաքագետ Բենեդիկտ Անդերսոնի խոսքով՝ ի տարբերություն այլ «իզմ»-երի, նացիոնալիզմը այդպես էլ չի արտադրել իր մեծ մտածողներին՝ մի որևէ պայմանական Հոբս, Թոքվիլ, Մարքս կամ Վեբեր։
Ամբողջությամբ՝ boon.am