Գրող, հրապարակախոս Արծրուն Պեպանյանի հրապարակումը.
/պատմական էքսկուրս՝ դասեր առնելու և նույնը կրկնելուց խուսափելու համար/
Այսպիսով, Առաջին հանրապետության տարիներին տեղի ունեցած հասակական-քաղաքական երևույթների վերլուծությունը ժամանակի փիլիսոփաներին հանգեցրեց այն մտքին, որ բացասական-արտառոց անցյալի պատճառով խաթարվել է հայ ժողովրդի հոգեբանությունը ու մյուս արատներից զատ՝ նրա ներսում առաջացել է ներքին թշնամի, որը նույնպես հայ կոչվելով՝ իր ամենօրյա գործունեությամբ խառնակություն ու աննորմալ իրավիճակներ է ստեղծում՝ բացառելով երկրի զարգացումը:
Եվ երկրի բարձրագույն իշխանությունը գնաց արմատական քայլերի: Նպատակ ունենալով արմատախիլ անել աճող հանցավորությունն ու անարխիան` Հանրապետության ստեղծման առաջին իսկ օրերին Երևանում, Դիլիջանում և Էջմիածնում ստեղծվեցին Հեղափոխական տրիբունալներ: Դատավճիռները վերջնական էին և չէին թույլատրվում ոչ վճռափոխություն, ոչ բեկանում:
Ձեռնարկված կարգավորիչ միջոցառումների իրականացնողն Արամ Մանուկյանն էր, որպես ներքին գործերի նախարար: Բայց, ցավոք, Արամ Մանուկյանը մահացավ վաղաժամ, և սպասվող արդյունքները չգրանցվեցին: Կյանքն արձանագրեց, որ ներքին օղակները, միջոցառումների անմիջական կատարողներն իրենց էությամբ նույնքան հակապետական են, որքան նրանք, ում հարկավոր էր կարգի հրավիրել:
Արդարադատության նախարար Ս. Հարությունյանի հավաստմամբ Առաջին հանրապետության ժամանակ ստեղծված հեղափոխական տրիբունալները «ոչ միայն չկարողացան արմատախիլ անել հանցավորությունն ու անարխիան, այլև իրենք` անարդար ու բացահայտ կանխակալ դատավճիռներով, վերջնականորեն իրենց վարկաբեկեցին և անմտածված որոշումներով ապաբարոյականացրին ազգաբնակչությանը»: Ինչը և սպասելի էր, քանի որ, ինչպես կասեր Կարսի նահանգապետը, «պետական հայացք, պետական աշխարհայեցողություն մենք չունենք», այդ թվում նաև` տրիբունալների ներկայացուչները:
«Այն կաշառքները, սոսկալի ծեծն ու ճնշումը, մարդկանց վախեցնելը երբեք չենք մոռանա մենք, մենք այս դրությանը չենք եղած, այսքան կաշառք չենք տված», Ալեքսանդրապոլի հասարակության ներկայացուցիչներն իրենց բողոքում այսպես էին բնութագրում պատժիչ ջոկատի անօրինականությունները: 1918 թ. դեկտեմբերին հեղափոխական տրիբունալները, անկարող լինելով կատարել պատմական իրենց առաքելությունը, վերացվեցին, և ազգի մաքրման խիստ անհրաժեշտ գործը մնաց օդում առկախ:
Մեր պատմությունից բերված այս օրինակը հուսով եմ խորհելու տեղիք կտա մեր օրերում երկրի փրկության ծրագրեր ներկայացնող քաղաքական գործիչներին, որոնցից և ոչ մեկը չի հաշվարկում, թե իրենց ծրագրերն իրականացնելու համար կա՞ արդյոք Հայաստանում անհրաժեշտ որակի մարդկային բավարար ռեսուրս: Ինչևէ. պատմական անհրաժեշտ այս զուգահեռից հետո անցնենք առաջ: Ճիշտ է, 1919 թ. մայիսի 28ի Ներման մասին ակտով /ըստ երևույթին Հանրապետության առաջին տարեդարձի կապակցությամբ/ «ազատազրկման ձևով նշանակված բոլոր պատիժները և տուգանքները, որոնք արձակվել էին մինչև 1919 թ. մայիսի 28ը կատարված հանցագործությունների ու զանցանքների համար, կրճատվեցին կիսով չափ» և «բոլոր այն անձանց, որոնք մինչև 1919 թ. մայիսի 28ը կատարված հանցագործությունների համար դատապարտվել էին մահապատժի, մահապատիժը փոխարինվեց տաժանակիր աշխատանքով` 15 տարվա ժամկետով», այնուամենայնիվ հնչում էին խստացումների պահանջներ:
«Երկրի օրինական իշխանության կրողները պետք է ընդունեն ամենավճռական միջոցները` հանցավորության դեմ պայքարելու համար: Այս միջոցառումներում առաջինը, առավել գործունյան և նպատակահարմարը, հանդիսանում է խիստ քրեական պատիժներ կիրառելը` հնարավորին չափ արագ գործելու պայմանով», համառում էր Երևանի օկրուգային Դատախազը:
Նախարարների Խորհրդի 1919 թ. հունիսի 6-ի որոշմամբ Դիլիջանի գավառում մտցվեց զինվորական դրություն: Բնակչությանն ուղղված իր հայտարարության մեջ Հյուսիսային ջոկատի պետ գեներալմայոր Բաղդասարովը տեղեկացնում էր, որ այն անձինք, որոնք մեղավոր կճանաչվեն կողոպուտի, դասալքության և իշխանությանը դիմադրություն ցույց տալու մեջ, կպատժվեն զինվորական ժամանակի օրենքներով, ընդհուպ մինչև մահապատիժ: Այդ նպատակով ստեղծվեցին ռազմադաշտային դատարաններ: Գործածության մեջ մտցվեց ՙհասարակության անվտանգության համար վնասակար տարր՚ հասկացությունը:
«Մենք պետք է երկրում հաստատենք օրինականություն, սովորենք կարգ ու կանոն և ճշմարտություն», իր դիրքում էր շարունակում մնալ Կարսի նահանգապետը: Հանցավորության դեմ պայքարն ուժեղացնելու նպատակով 1919թ. հուլիսի 21-ին ընդունվեց օրենք, որով «բոլոր անձինք` ինչպես քաղաքացիական, նույնպես և զինվորական գերատեսչության, դիտավորյալ սպանությունների, բռնաբարության, ավազակության ու կողոպուտի համար ընդդատյա էին Հանրապետության Զինվորական Դատարանին»: 1919 թվականի հոկտեմբերին ՆԳՆ Վարչակազմի ու միլիցիայի բաժնի պետը պահանջում էր «կիրառել ամենավճռական միջոցները` գավառներում իրական հանգստության և օրինական կարգ ու կանոնի հաստատման, ինչպես նաև ձեռնարկել բոլոր միջոցները` ավազակության և կողոպուտի մեջ մեղավոր անձանց ձերպակալման համար»:
1920 թվականի մարտին Զինվորական դատախազն առաջարկեց օրենքի մի նախագիծ, ուր մասնավորապես ասվում էր. «նկատի ունալով հանցավորության մեծ աճը, Հայաստանի Հանրապետության տարածքը… համարել զինվորական դրության մեջ»:
Հանրապետության բարձրագույն ղեկավարությունը առանձնակի դաժան պայքար սկսեց հանցագործ պաշտոնյաների դեմ: Քրեական հետապնդումներ սկսվեցին ՆԳՆ, Պարենի, Ֆինանսների, Ժողովրդական կրթության, Արդարադատության և այլ նախարարություններում, Զինվորական, Փոստային և հեռագրային, Երկաթգծի և այլ գերատեսչությունում աշխատող տասնյակ պաշտոնատար անձանց նկատմամբ: Կալանավորվեցին խորհրդարանի մեկ անդամ և խորհրդարանի գրասենյակի պետը: Քրեական գործեր հարուցվեցին Ղարաքիլիսայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Էջմիածնի, Դարալագյազի, Դիլիջանի, Նոր Բայազետի գավառային կոմիսարների, Երևանի գավառի, Երևանի երկաթուղային կայարանի, Նոր Բայազետի գավառի, Էջմիածին գավառի, Ղարաքիլիսայի գավառի միլիցիայի պետերի և այլ պաշտոնյաների նկատմամբ: Կատարված հանցագործությունների շարքում կային կողոպուտ, բռնաբարություն` պղծումի ուղեկցմամբ, պաշտոնեական դիրքի չարաշահում, ծեծ և խոշտանգում, ապօրինի բռնագրավում:
Ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը, վերոհիշյան մարդկային գործոնի պատճառով, այնքան էլ բարձր չէր, ինչը Նախարարների խորհրդի նախագահ Ալ. Խատիսյանին հարկադրեց 1920թ. մարտին իր կողմից իջեցված Շրջաբերականում ընդգծել. «Նորակազմ պետության մեջ անշուշտ պետական ծառայողների ապարատը առաջին ամիսներում չի կարող լինել միանգամայն գոհացուցիչ, և կարգադրությունները կատարելու տեխնիկան նույնպես չի կարող չկաղալ: Սակայն Հայաստանի պետության համար այդ շրջանն արդեն անցել է: Այժմ կառավարությունն ու ազգաբնակչությունը իրավունք ունեն պահանջելու իրենց բոլոր ծառայողներից գիտակից և գաղափարական վերաբերմունք դեպի իրենց ծառայությունը, տնտեսումն պետական միջոցների ու նյութերի, ամեն մեկի մեջ տեսնելու ձեռներեցություն, միաբանություն, կորպորատիվ պատվի զգացում և գիտակցություն, որ մեր օրերում ամեն մի ծառայող լուծում է մեծ պատմական խնդրի մասը»:
Սակայն պետական ծառայողների ապարատն այդպես էլ չդրսևորեց գիտակից և գաղափարական վերաբերմունք դեպի իրենց ծառայությունը և այդպես էլ չգիտակցեց, որ լուծում է մեծ պատմական խնդրի մի մասը: Իշխանությունները, սակայն, չբավարարվեցին շրջաբերականներով: Երկրում կարգ ու կանոն հաստատելու մղումով Ներքին գործերի ժամանակավոր նախարար Ա. Ջամալյանը 1920 թվականի մայիսի 13-ին հրապարակեց հրաման, ուր մասնավորապես ասվում էր. «հայտարարում եմ ի գիտություն Ներքին գործերի վարչության բոլոր օրգանների պաշտոնյաներին` 1. Այն պաշտոնյան, որ կմերկացվի զեղծում կատարելիս, կաշառք վերցնելու, խուզարկության ժամանակ իրեր սեփականացնելու, քաղաքացիների վրա բռնություն դնելու և շանտաժի մեջ` առ ուշը 48 ժամվա մեջ, բանտարկությունից մինչև մահվան պատիժ կստանա, համաձայն Արտակարգ Դատարանի համար սահմանված օրենքների: 2. Այն պաշտոնյան, որ կթերանա կատարելու իր պարտականությունները, կամ կանցնի իր իրավունքների սահմաններից, կենթարկվի բանտարկությունից մինչև տաժանակիր աշխատանքի»:
Ըստ երևույթին այս խստացումը ևս սպասված արդյունքը չտվեց, այլապես Արդարադատության նախարարը 1920 թվականի սեպտեմբերին Նախարարների խորհրդին հղած «Բացատրագրում» չէր նշի. «Պաշտոնատարների գործած հանցանքները սպառնում են ստանալ համաճարակի բնավորություն: Կատարված հանցանքների գրեթե 50 տոկոսը պաշտոնյաներին է վերաբերվում: Նկատի ունենալով մի կողմից հասարական բարքերի ընդհանուր անկումը և պատերազմի ու հեղափոխության հարցում ընդհանուր հոգեկան վիճակը, և մյուս կողմից` այն մեծ վտանգը, որ ներկա բացառիկ պայմաններում սպառնում է մեր նորակազմ պետությանը պաշտոնյաների կատարած հանցանքները, Նախարարությունը անհրաժեշտ է գտնում կռվել ահավոր այդ չարիքի դեմ արմատական ու արտակարգ միջոցներով: Այդ միջոցներից մեկը Նախարարությունը համարում է հանցավոր պաշտոնյաների կրելիք պատիժների խստացումը և մահվան պատժի ժամանակավոր կիրառումը` մասնավորապես»:
1920 թ. հոկտեմբերին կառավարությունը գնաց պաշտոնեական հանցագործությունների դեմ պայքարի էլ ավելի ուժեղացման, ընդունելով համապատասխան օրենք: Սակայն, ինչպես լինում է հայ իրականության մեջ, օրենքները հիմնականում մնում էին թղթի վրա. քննչական տեղամասերում կուտակվել էին «մեծ քանակությամբ գործեր, գլխավորապես այնպիսինները, որոնք ունեն պետական նշանակություն և առաջացնում են հասարակական ուշադրությունը: Այսպես, համարյա բոլոր պաշտոնեական և այսպես կոչված «լիազորական գործերը» մնացել են առանց շարժի, իսկ մեղավորները` ազատության մեջ: Միայն Երևան քաղաքում և Էջմիածնի գավառում գործերի քանակը հասնում է մինչև 350-ի», այսպես է գրել 1920 թ. դեկտեմբերի 2ին Երևանի Օկրուգային դատարանի նախագահը Արդարադատության նախարարին: Ուշադրություն դարձրեք` 1920 թվականի դեկտեմբերի 2-ին` Առաջին Հանրապետության վերջին օրը:
Ա. Պեպանյան, «Խորհելու ժամանակը» գրքից, 2003թ