Արշալույս Զուրաբյան. «Ապրել ֆորպոստում, թե՞ ինքնուրույն: Սա է հիմնական հարցը…»
Advertisement 1000 x 90

Արշալույս Զուրաբյան. «Ապրել ֆորպոստում, թե՞ ինքնուրույն: Սա է հիմնական հարցը…»

Արշալույս Զուրաբյանը իր մտորումները ներկայացրել է ֆեյսբուքյան էջում.

«ԷՍՊԻՍԻ ԲԱՆ

Կիլիկիայի հայոց պետության անկումից մինչ օրս հայ հասարակությունը գերազանցապես երազել է խաղաղության, սոցիալական արդարության ու հավասարության, բայց ոչ անկախ պետականության վերականգնման մասին: Նույնիսկ Առաջին հանրապետության ստեղծման շեմին՝ հայության հասարակական ընկալումներում 1918 թ. մայիսյան հերոսամարտերը ընկալվում էին որպես մաքառումներ՝ բնաջնջումից փրկելու հայրենիքի վերջին անկյունում ծվարած ու փախուստի ճանապարհներ չունեցող ցեղասպանված ժողովրդի վերջին բեկորներին, այլ ոչ պայքար՝ անկախ պետականության վերականգնման համար: Սարդարապատում, Բաշ Ապարանում ու Ղարաքիլիսայում հազիվ թե մեկի մտքով անցներ, թե մայիսյան հաղթանակներից ծնվելու է Հայաստանի հանրապետությունը:

1988-ին ռուսական խորտակվող կայսրությունը Կովկասում հրահրեց ազգամիջյան կռիվներ, իսկ տարիներ անց աշխարհի քարտեզին հայտնվեց Հայաստանի երրորդ հանրապետությունը, որը, ինչպես և Առաջին հանրապետությումը, ծնվեց ոչ թե պետականություն ունենալու հայ հասարակության նվիրական ձգտումների ու պայքարի երկունքից, այլ բացառապես պատմության քմահաճույքով: Հայությունը դանդաղ քայլում էր իրադարձությունների հետևից՝ չկողմնորոշվելով կամ պարզապես անտարբերություն ցուցաբերելով ազգային կարևոր հարցերի ու խնդիրների նկատմամբ:

1991 թ. սեպտեմբերի 21-ին հանրաքվեի միջոցով կամարտահայտություն հայտնած, բայց պորտալարը երբեք Ռուսաստանից չկտրած ու դրա ցանկությունը չունեցող ժողովրդի կույր ու ոգևորված քվեարկության արդյունքում ի հայտ եկավ պետական կազմավորում, որին նույն հասարակության գիտակցության մեջ պետականության գաղափարի բացակայությունն ու պետականաշինության առաջնահերթությունների խառնաշփոթը գլորեց դեպի ռուսական ֆորպոստ:

Այսօր էլ հասարակական ընկալումներում հիմնական շեշտադրումը ո՛չ թե պետականության, այլ սոցիալական արդարության վերականգնումն ու կոռուպցիայի հաղթահարումն է, կյանքի տանելի պայմանների ապահովումը: Վախերը մնում են նույնը և կապված են սեփական հայրենիքում անկախ պետություն ունենալու, ազատ ապրելու, ներսում ու դրսում ազգային շահերից բխող որոշումներ կայացնելու համարձակության հետ:

Ապրել ֆորպոստում, թե՞ ինքնուրույն: Սա է հիմնական հարցը, որի պատասխանը հայ հասարակությունը դեռևս չի տվել: Մի բան է միայն հուսադրում, որ նոր սերունդը վճռական է իր ներկան ու ապագան ինքնուրույն կառուցելու գործում: Անկախության վերականգնման կարևորության գիտակցում, պետականության ստեղծման ցանկություն ու վճռականություն. ահա թե ինչն է հայրենաբնակ ժողովրդի գիտակցության մեջ բացակայում ավելի քան 600 տարի»:



Նման նյութեր