2012 թվականի խորհրդարանական ընտրությունների շրջանում «Քաղաքաշինությունն ու նոր կառավարությունը» վերնագրով հոդվածով մի շարք առաջարկություններ արեցի` միտված ոլորտի պետական կառավարման բարելավմանը։ Իհարկե, դրան հաջորդեց երբևէ ամենաանտրամաբանական որոշումներից մեկը՝ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի ստեղծումը, որը մի քանի փոխակերպումներից հետո այսօր գործում է որպես քաղաքաշինության պետական կոմիտե։ Նոր կառավարության ձևավորմամբ հաղթահարելով իմ, այսպես ասած «վախը» , որ կրկին իմ առաջարկությունը կարող է հանգեցնել ավելի վատ արդյունքի, ինչպես նաև հաշվի առնելով վերջին օրերին ոլորտային պատասխանատուների նշանակումները, որոշեցի մեկ անգամ ևս բարձրաձայնել քաղաքային զարգացման և պլանավորման ոլորտի մի քանի հիմնարար խնդիրները։
Նախ՝ հույս ունեմ, որ նոր կառավարությունն իր ձևավորմանը հաջորդած փոփոխություններում քաղաքաշինությունը կամ, ավելի ճիշտ, պլանավորումը, չի դիտարկի անկարևոր ոլորտներից մեկը ու ոլորտի կադրային և զարգացման քաղաքականությունը չի վստահի քաղաքական թիմի մաս կազմող կամ չկազմող երրորդական շրջանակներին՝ ինչպես եղավ վերջին շաբաթների ընթացքում և պլանավորման ոլորտում որոշումները չեն քննարկվի ծառերը գրկելով այգիներ պաշտպանելու կամ գետնանցումը լուսավորելու քաղաքացիական ակտիվիստների մակարդակում՝ ամենևին չնսեմացնելով նման գործողությունները, որոնք, ի դեպ, ժամանակին ինքս եմ կիրառել քաղաքացիական-մասնագիտական գործունեության ընթացքում։
Ինչևէ, արդեն բարեհաջող կերպով նշանակվել են ոլորտի առանցքային երկու պաշտոններում քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահը և մշակույթի հուշարձանների մասով համակարգող փոխնախարարը, ովքեր տեղյակ են, որ ցանկացած ձևաչափով կարող են ակնկալել իմ ու իմ ղեկավարած կազմակերպության աջակցությունը։ Այնպես որ առանց երկմտելու ցանկանում եմ ներկայացնել մի շարք առաջարկություններ, որոնք քիչ տարբերվելով 2012-ին ներկայացվածից առաջադրում են նոր խնդիրներ, որոնք ներառում են նախորդ վեց տարիների ինտիտուտցիոնալ փորձն ու խարսխված են նորանշանակ կառավարության ու դրանում ներգրվված իմ վաղեմի քաղաքացիական պայքարի ընկերների հանդեպ գրեթե անվերապահ վստահության վրա։
Սարհատ Պետրոսյան, ճարտարապետ-քաղաքաշինարար, ուրբանլաբի տնօրեն
Ամբողջությամբ՝ hetq.am