Ինչու է Հայաստանի զինանշանը վատը. medium.com (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Ինչու է Հայաստանի զինանշանը վատը. medium.com

Սեդրակ Մկրտչյանի հրապարակումը.

Հեղափոխական շրջանում շատ արժեքներ ու ընդունված խորհրդանիշներ հեշտությամբ կարելի է փոխել։ Ֆեյսբուքում Տաշ Սարկիսյանը ու Վահան Ալավերդյանը բարձրացրել են հարցը Հայաստանի խորհրդանիշների հնարավոր փոփոխության։ Հատկանշական է, որ ՀՀ Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը իր հերթին մի քանի տարի է զբաղվում է Հայաստանի զինանշանի ձևավորմամբ ու վերջերս ներկայացրել է իր մշակված տարբերակը։

Կարճ փորձեմ ներկայացնել՝ ինչու է մեր գործող զինանշանը վատը, ու ինչ կարել է անել նոր զինանշանի հետ նույնպես։

Գործող զինանշան

1 Աջ կողմը ավելի ծանր է, քան ձախը
Նիշքագիտության մեջ դիտողի ձախ կողմը կոչվում է աջ, իսկ աջը՝ ձախ։ Այսինքն զինանշանի աջ ու ձախ կողմը անվանում են ըստ զինանշանը կրողի։ Այսպիսով զինանշանը արծիվով (աջ) մասը ավելի ծանր է՝ թևի հաշվին, քան առյուծով (ձախ) մասը։ Կոմպոզիցիոն սխալ կա։

2 Առյուծի բերանը փակ է, ականջները վախից պառկացրած
Նիշքագիտության մեջ տասնյակ առյուծների տարբերակներ կան՝ առաջ նայող, հետ նայող, գլուխը թեք, գլուխը ուղիղ, հարձակվող, կանգնած, քայլող, նույնիսկ քնած։ Բացի վերջինից բոլորը ունեն ուժեղ կեցվածք՝ բերանը բաց, լեզուն երևացող։ Մերը կանգնած է ու լեզուն չկա, բերանը փակ, ինչը նիշքագիտական լեզվով կբունագրվի որպես թուլության նշան։
Անթույլատրելի է։

3 Թուրը շղթայով կապված է
Զինանշաններում շղթաները պատռված են ցույց տալիս, որպես անազատությունից պրշնելու նշան։ Մեր դեպքում ցույց է տրվում, որ մենք անազատության մեջ ենք։ Որքանով դա այդպես պետք է ցույց տալ, համոզված չեմ։

4 Թրի ծայրը չի երևում
Նիշքագիտության մեջ թուրը պետք է հարվածի պատրաստ լինի։ Սրա ծայրը չկա։

5 Արքունի զինանշանների սիրողական նկարազարդումներ
Բոլոր արքունի ընտանիքների զինանշանները անթույլատրելի վատ են նկարված։

6 Ժապավենին բացակայող գրվածք
Ժապավենի վրա պարտավոր է լինել գրվածք՝ կարգախոս, որը սկզբունքային է, կարող է հիմնված լինեն անցած ուղու կամ այսօրվա ասելիքի հիման վրա։ Գործող զինանշանում մենք կարգախոս չունենք․ ժապավենը դատարկ է։

7 Դուրս մնացած տոհմեր
Դուրս են մնացել Երվանդունիները, Զաքարյանները, Լուսինյանները, Հեթումյանները, կարելի էր մտածել նաև նախաերվանդունի շրջանի մասին՝ Ուրարտուն ու Հայկ Նահապետի տոհմի նշումների մասին։ Էլ չեմ ասում առնձին հայկական իշխանությունների, որոնք իշխել են Հայաստանում կենտրոնացված իշխանության բացակայության տարիներին, ինչպիսիք են Արցախի մելիքական տները, Արծրունիները, Պռոշյանները, Պահլավունիները։ Սա քննարկման առարկա է, ով կարող է լինել, ով՝ ոչ։

Թամանյանի ու Կոջոյանի ստեղծած զինանշանը

Մեկ այլ նկատառում․ գործող զինանշանը ընդունվել է 1992 թվականին։ Որպես հեղինակ նշվում է Ալեքսանդր Թամանյանը ու Հակոբ Կոջոյանը, ում 1920-ին ստեղծած զինանշանը շատ տարբեր է այսօրվա զինանշանից։

Առաջարկվող զինանշան

Այս տարբերակի վրա աշխատել ու այժմ առաջարկում է նկարիչ Կարեն Աղամյանը, որի վրա նա աշխատել է տարիներ ի վեր։

Այս տարբերակում ուղղված են նախորդի գրեթե բոլոր թերությունները․

1․ Արծիվը, թե առյուծը ներկայացված են ուժեղ ու մարտական,

2․ Ժապավենը ձեռք է բերել գրվածք

3․ Շխթան պոկված է

4․ Ներքևի ճյուղին փոխարինել է խաղողը, հասկը ավելի ընթեռնելի է, երկուսն էլ կոմպոզիցիոն առումով գրագետ տեղադրված են թրի երկու կողմերում համաչափ։

5․ Թուրը ձեռք է բերել ոսկե մետաղական ձևավորում ու հավերժության նշան։ Սուրը երևում է։

  1. Նախկին անհասկանալի ձգված վահանը փոխարինվել է իսպանական՝ քառանկյուն, հիմքում կլորավուն վահանով։
  2. Արքունի զինանշանները հիանալի նկարազարդված են։

Չլուծված խնդիրներ

1․ Չնայած արծիվի թևը փոքրացել է, սակայն աջ մասը մնում է ավելի թեթև, քան ձախը։ Կարծում եմ առյուծի բաշով կամ պոչով կարելի էր տարածքը լցնել։

2․ Ինձ անհայտ է Արշակունի երկգլխանի զինանշան։ Որքանով տեղյակ եմ, Արշակունիների զինանշանը երկու բազեներ են՝ 20 անկյուն աստղի դիմաց։ Իսկ երկգլխանի արծիվը հանդիսացել է Բյուզանդական խորհրդանիշերից մեկը, այնտեղից էլ ներթափանցել է Ռուսական կայսրություն հետագայում։ Սակայն հավանաբար ուղղակի տեղյակ չեմ ու նման խորհրդանիշ կիրառվել է Արշակունիների կողմից։

3․ Զինանշանների հաջորդականությունը
Սովորաբար խաչաձև բաժանված վահանը ընթերցվում է հորիզոնական, հետո ուղղահայաց հաջորդականությամբ։ Ըստ այդմ կարդում ենք հետևյալ հաջորդականությամբ՝ Բագրատունիներ, Արշակունիներ, Արտաշիսյաններ, Ռուբինյաններ։ Ժամանակագրությունը խախտված է։

4․ Դուրս են մնացել վերոնշված տոհմերը, որոնք ոչ պակաս իրավունք ունեն ներկայացված լինելու Հայաստանի նոր զինանշանի վրա, որքան այս 4-ը։ Հասկանալի է, որ դրանք վահանի վրա չեն տեղաորվի։ Հետևաբար այլ՝ ավելի ֆունդամենտալ փոփոխության կարիք կա, օրինակ դրոշների կիրառումը հետևից։ Հասկանալի է, որ դա պետք է նախատեսի սահմանադրության փոփոխություն։

2015 թվականին ընդունված սահմանադրության՝ Ազգային խորհրդանիշներին նվիրված հոդվածը

Հենց այստեղ էլ սխալներից մեկն է․ զինանշանը, դրոշը ու այլ խորհրդանիշներ պետք է սահմանվեն համապատասխան օրենքներով, այլ ոչ սահմանադրությամբ։ Տարիներ հետո այն հնարավոր է նորից փոխվի, հենց այդ ժամանակ էլ պետք է դրանում նշվի, որ զինանշանի ձևը սահմանվում է համապատասխան օրենքով։ Իսկ փաստացի այն սկսի ստեղծումից ի վեր։

medium.com