Twitter-ն օգնել է հասկանալ մարդու հոգեկան վիճակի ու օրվա ժամի միջև կապը։ Բրիստոլյան համալսարանի հետազոտողների խումբը Նելլո Քրիստիանիի (Nello Cristianini) գլխավորությամբ վերլուծել է 800 միլիոն թվիթներ, որոնք ուղարկվել էին 4 տարի շարունակ Մեծ Բրիտանիայի 54 քաղաքներից։ PLOS ONE ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ ստացված նյութը արհեստական ինտելեկտի օգնությամբ վերլուծության է ենթարկվել լեզվական տեսանկյունից։
Ընդհանուր առմամբ, գնահատվել են հոգեկան վիճակի 73 պարամետրեր։ Պարզվել է, որ դրանց մեծամասնությունը զգալիորեն կախված է օրվա ժամից։ Այսպես, առավոտյան ժամը 3-5-ը մարդն ավելի հակված է զգացմունքներին տրվելուն, քան ռացիոնալ մտածողության, իսկ բացասական էմոցիաները հասնում են առավելագույնի։ Այս ժամանակահատվածում մարդն ավելի հակված է խորհել սոցիալական և փիլիսոփայական հարցերի շուրջ։
Իսկ առավոտյան ժամը 6-10-ը մարդն ավելի կողմնորոշվում է տրամաբանական և վերլուծական մտածողության, ավելի շատ մտածում է անձնական նշանակության հարցերի շուրջ, ընդ որում՝ նրա խոսքում ավելի հազվադեպ են հանդիպում բացասական էմոցիաներ։
Այս երկու գործոններն փոխազդում են օրվա ընթացքում՝ գագաթնակետին հասնելով վերը նշված ժամանակահատվածում։ Այսպիսով, գիտնականների կարծիքով, մարդու հոգեկան վիճակն անմիջական կախվածության մեջ է օրվա ժամից։ Նման տարբերությունները կապված են տարբեր գործոնների հետ, այդ թվում՝ նեյրոնների ակտիվության և հորմոնային ֆոնը կարգավորող ցիրկադային ռիթմերի հետ։