ԱՌԱՋԱՐԿ 12 (Երևանը ուժեղ երկրաշարժից հետո)
Երբ Երևանում ուժեղ երկրաշարժ լինի, զոհվելու է մինչև 200.000 մարդ։ Աղետի հետևանքները վերացնելը տևելու է 20-30 տարի։ Կորուստը կազմելու է մինչև 100 միլիարդ դոլար (համեմատելու համար` Հայաստանի ՀՆԱ-ն 11 միլիարդ է)։
1988-ի երկրաշարժից Գյումրում բոլոր պանելայն շենքերը հալված պաղպաղակի պես հողին հավասարվեցին` 25.000 զոհ։ Արդյո՞ք խորհրդային շրջանում Երևանի պանելայինները ավելի լավ են կառուցվել, քան Գյումրու պանելայինները։ Ոչ։ Ավելին, կառուցվելուց հետո բազմաթիվ շենքերի բնակիչներ հարմարության նկատառումներով (և իշխանության անգործության պայմաններում) քանդել են շենքերերի կրող պատերը` է՛լ ավելի թուլացնելով դրանց դիմացկունությունը։
Հայտնի է, որ 1679 թ.-ի Երևանի երկրաշարժի հետևանքով փլվել է Գառնու հեթանոսական տաճարը։ Բայց այդ երկրաշարժը միաժամանակ հողին է հավասարեցրել նաև թե՛ գյուղաքաղաք Երևանը և թե՛ շրջակա բոլոր բնակավայրերը։ Ընդ որում 1679 թվին պանելային շենքեր չեն եղել, 1 մլն բնակչություն չի եղել։ Բայց երկրաշարժը այնքան ուժգին է եղել, որ լուրջ վնաս է հասցրել Երևանի բերդին իսկ մի շարք եկեղեցիներ ավերվել են հիմնովին։
Այսօր չկա հարց` Երևանում ուժեղ երկրաշարժ լինելու՞ է, թե չի լինելու։ Միակ առկա հարցն է` ե՞րբ է լինելու։ Աղետը կարող է գալ ամեն օր։ Երևանը մազից է կախված։ Գառնու երկրաշարժի կրկնության դեպքում Հայաստան չի մնալու։
Խնդիրը լուրջ է։ Սովորական մարդկանց մեծ մասը չի կարող պատկերացնել, թե ինչ բարակ սառույցի վրա է նստած Հայաստանը։ Ողջ երկրի, հատկապես Երևանի բազմաբնակարան շենքերի սեյսմիկ վիճակը բարելավվելը ազգային անվտանգության հարց է։ Ինձ համար դա Ղարաբաղի հարցի չափ կարևոր հարց է։
Սա այն խնդիրը չէ, որ ասես` փող չկա։ Եթե շատ փող լիներ, արդեն այսօր Հայաստանի շենքերի 90 տոկսը պիտի քանդվեր ու նորից սարքվել։ Քանի որ շատ փող չկա, պիտի եղածը ամրացնել։ Դա նվազագույնն է։ Չնայած նախկինում ինչ-որ բաներ արվել են, բայց բռնի ռեժիմի պայմաններում ո՛չ մի գործողության արդյունավետությանը հավատալ չի կարելի։ Ամեն ինչ պետք է սկսել սկզբից։
ԱՌԱՋԱՐԿՍ
1. Ստեղծել կառավարությանը ենթակա աշխատանքային խումբ, որի կազմակերպած մասնագիտական խմբերը կստուգեն Հայաստանի շուրջ 20.000 բազմաբնակարան շենքերի սեյսմիկ անվտանգության վիճակը։ Շեշտը պիտի դնել հատկապես Երևանի վրա, այնուհետև` Էջմիածին, Հրազդան, Կապան, Իջևան, Արմավիր ևն։ Ամենավերջում` աղետի գոտին, որտեղ ինչը որ քանդվելու էր, մեծամասամբ քանդվել է։
2. Կազմել բազմաբնակարան շենքերի ամրացման և առնվազն 8 բալանոց երկրաշարժադիմացկունության չափանիշների համապատասխանեցնելու տասնամյա պլան։
3. Շենքերի դիմացկությունը վերը նշված չափանիշների համապատասխանեցնելու աշխատանքները կատարելու համար անց կացնել միջազգային մրցույթ։ Ներկայումս այդ առումով շատ զարգացած տեխնոլոգիաներ կան։
4. Միաժամանակ պետությունը համապատասխան օրենքների միջոցով պետք է խրախուսի նորակառույց շենքերում բնակարան ձեռք բերելը` խստագույնս հսկելով նորակառույցների սեյսմիկ անվտանգության չափանիշների համապատասխանելու հանգամանքը։
5. Ընդհանուր առմամբ շինարարության խրախուսումը (հատկապե՛ս մարզերում) պիտի լինի այս ռազմավարական ծրագի կարևորագույն մասը։