Հասարակական հարթակում, մամուլում, սոցցանցերում բուռն քննարկումների թեմա է Երևանի քաղաքապետի հրաժարականը: Կան տեղեկություններ, որ հրաժարականի դիմումն արդեն գրված է, անգամ արդեն քաղաքապետի թեկնածուների անուններ ու իրադարձությունների սցենարներ են շրջանառվում: ԳԱԼԱ-ն պատմական էքսկուրս է անցկացրել՝ հետադարձ հայացք գցելով, թե ինչով են առանձնացել Երևանի քաղաքապետները, ովքեր պաշտոնավարել են սկսած 1990թ.-ից:
Հայաստանի 3-րդ հանրապետության մայրաքաղաքի առաջին քաղաքապետը Ղարաբաղյան շարժման մասնակից Համբարձում Գալստյանն էր։ Նրա գործունեության հիշարժան դրվագը Հանրապետության հրապարակից Լենինի արձանի և պատվանդանի ապամոնտաժումն էր: Հ.Գալստյանը պաշտոնավարեց մինչև 1992թ. դեկտեմբերի 22-ը:
Նրան փոխարինեց Լևոն Տեր-Պետրոսյանի թիմակից Վահագն Խաչատրյանը: Վերջինս մայրաքաղաքում որպես տրանսպորտային խնդրի լուծման միջոց առաջարկում էր ավելացնել մետրոյի կայարանների թիվը։ Վ.Խաչատրյանը պաշտոնավարեց մինչև 1996թ. փետրվարի 22-ը:
Հայաստանի 3-րդ հանրապետության 3-րդ քաղաքապետը Աշոտ Միրզոյանն էր: Նա այնքան կարճ պաշտոնավարեց (23.02.1996թ.- 07.11.1996թ.), որ չհասցրեց տպավորիչ որևէ քայլով աչքի ընկնել:
Միրզոյանին հաջորդեց Վանո Սիրադեղյանը: 1996թ. նոյեմբերից պաշտոնը ստանձնած քաղաքապետը կենտրոնից հանեց մի քանի կրպակներ՝ երևանցիներին առաջարկելով առևտուր կատարել խանութներից: Իր քայլը նա հիմնավորում էր նրանով, որ այգիները պետք է լինեն ոչ թե առևտրի, այլ զբոսնելու վայրեր: Սիրադեղյանի քաղաքապետության ժամանակ Երևանի փողոցների խորհրդային անվանումները փոխարինվեցին հայ անվանի գործիչների անուններով։ Նա պաշտոնավարեց մինչև 1998թ. փետրվարի 2-ը, քաղաքապետի պաշտոնը լքեց, երբ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժարական տվեց:
Հայաստանի 3-րդ հանրապետության 5-րդ քաղաքապետ՝ Սուրեն Աբրահամյան: Նա Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանի առաջին քաղաքապետն էր: Սուրեն Աբրահամյանը միակ պաշտոնյան էր, որ հրաժարական տվեց 1999թ. հոկտեմբերի 27-ին խորհրդարանում տեղի ունեցած ոճրագործությունից հետո։
Աբրահամյանին հաջորդեց Ալբերտ Բազեյանը: 1998թ. մայիսի 5-ից պաշտոնը ստանձնելուց հետո որոշ ժամանակ անց լարվեցին նրա հարաբերությունները նախագահ Ռ.Քոչարյանի հետ: Քաղաքապետարանին բյուջեից հատկացումներ անելու նրա դիմումից հետո Ռ. Քոչարյանի արձագանք արտահայտությունը՝ «փողի վրա նստած փող ես ուզում», թևավոր դարձավ: Ա.Բազեյանը հրաժարական տվեց 2001թ. հունվարի 10-ին:
Հայաստանի 3-րդ հանրապետության 7-րդ քաղաքապետ՝ Ռոբերտ Նազարյան: Նրա օրոք մեկնարկեց Հյուսիսային պողոտայի շինարարությունը: Այն ավարտին հասցնելը քաղաքապետի ցանկությունն էր, սակայն չհասցրեց: 2003թ. հունիսի 30-ին հրաժարական տվեց:
Նազարյանին հաջորդեց Երվանդ Զախարյանը: Ամենաերկար պաշտոնավարած քաղաքապետներից է և նաև մեկը նրանցից, ումից դժգոհողները մեծ բանակ էին կազմում: Նրա քաղաքապետության օրոք տներից զրկվեցին, փոխհատուցում չստացան հանրային գերակա շահ ճանաչված հասցեների շատ բնակիչներ: Բողոքները սակայն չխանգարեցին, որ նա մինչև 2009թ. մարտի 4-ը պաշտոնավարի:
Հայաստանի 3-րդ հանրապետության 9-րդ քաղաքապետ՝ Գագիկ Բեգլարյան: Առաջին քաղաքապետն էր, որ պաշտոնը ստանձնեց ընտրությունների արդյունքներով (2009թ.): Մինչ այդ նա Երևանի Կենտրոնի թաղապետն էր։ Գործունեության ընթացքում քաղաքում չպակասեցին առկա թերությունները: Բեգլարյանը քաղաքապետի պաշտոնին հրաժեշտ տվեց 2010թ. դեկտեմբերի 8-ին՝ մեծ աղմուկ հանած սկանդալային մի պատմության պատճառով։ Նա ծեծի էր ենթարկել ՀՀ նախագահի արարողակարգի վարչության աշխատակից Արամ Կանդայանին։
Բեգլարյանին հաջորդեց Կարեն Կարապետյանը: Նրա քաղաքապետությունը նշանավորվեց բացօթյա առևտրի դեմ անողոք պայքարով, վերաբացվեց նորոգված Վարդավառի այգին, որի բացումը կատարվեց Լիոնի քաղաքապետի մասնակցությամբ: Կ.Կարապետյանը մտադիր էր Երևանի բյուջեն համալրել հարկատեսակներից մասհանումներով: Սակայն գործը կիսատ մնաց: 2011թ. հրաժարական տվեց՝ հայտարարելով, թե հեռանալու դրդապատճառներն անձնական են:
Հայաստանի 3-րդ հանրապետության 11-րդ քաղաքապետ՝ Տարոն Մարգարյան: Պաշտոնը ստանձնել է 2011թ.-ի նոյեմբերին: Նրան ևս չի հաջողվել քննադատություններից զերծ մնալ: Ապօրինի կառույցներ, ճարտարապետական աղավաղումներ, ծառահատումներ, խայտառակ վիճակում գտնվող հասարակական տրանսպորտ, կրթական ոլորտի խնդիրներ և այլն:
Թվարկած բոլոր քաղաքապետներին միավորում է մեկ բան՝ դեռ ոչ մեկին չի հաջողվել մեզ պարգեւել բոլորիս երազած՝ ճարտարապետական աղավաղումներից զերծ կառույցներով, ժամանակակից պահանջներին համապատասխանող տրանսպորտով, կանաչապատ տարածքներով լի Երևան: