Մտորումներ պատերազմի և խաղաղության մասին, կամ ե՞րբ Նիկոլը կսեղմի իսկանդերի «պուլտը»…
Advertisement 1000 x 90

Մտորումներ պատերազմի և խաղաղության մասին, կամ ե՞րբ Նիկոլը կսեղմի իսկանդերի «պուլտը»…

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այնուամենայնիվ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի:
Նախօրեին Բաքվում տեղի ունեցած ռազմական շքերթը, ինչպես նաև Նախիջևանի և սահմանային այլ կետերում իրականացվող ինժեներական բնույթի աշխատանքները և զորքերի կուտակումը խոսում է այն բանի մասին, որ պատերազմը կարող է բռնկվել ցանկացած պահի՝ դրա բոլոր հետևանքներով հանդերձ:

Այդ երկրի նախագահը օգտագործում է ցանկացած առիթ ու հնարավորություն՝ հայտարարելու համար, որ պատրաստ է ջախջախիչ հարված հասցնել Հայաստանին՝ ընդհուպ գրավելով մայրաքաղաք Երևանը:
Մեր երկրի ազգային անվտանգության ռազմավարությունում որպես արտաքին սպառնալիք տառացիորեն ընդգծվել է, որ ՀՀ և ԼՂՀ հանդեպ զինված ուժի կիրառման բացահայտ պառնալիքներ են հնչում Ադրբեջանի կողմից:

Միաժամանակ ընդգծվել է, որ թեև առկա են այդպիսի զարգացումը կանխող բազմաթիվ գործոններ, այնուամենայնիվ ամենաբարձր մակարդակով հնչող բացահայտ ռազմաշունչ հայտարարությունները հիմք են տալիս դրանք համարելու անմիջական սպառնալիքներ: Այդպիսի զարգացման պարագայում Թուրքիայի Հանրապետությունը, լինելով Ադրբեջանի ռազմավարական դաշնակիցը, նույնպես կարող է նման սպառնալիք ստեղծել:

Ուշագրավ է այն հանգամանքը, որ ՀՀ ռազմական դոկտրինում շեշտված է, որ այն ունի պաշտպանողական բնույթ:
Եթե չեմ սխալվում, տարիներ շարունակ Հայաստանի բարձրագույն իշխանությունները մշտապես հայտարարել են, որ երբեք նախահարձակ չեն լինի և առաջինը կրակ չեն արձակի:
Տառացիորեն երեք օր առաջ այդ պնդումը վերահաստատեց նաև վարչապետ Ն. Փաշինյանը՝ իր ֆեյսբուքյան տեսաուղերձի ժամանակ տառացիորեն հայտարարելով, որ Հայաստանը չի սկսի պատերազմը:

Մի կողմից սա հստակ ուղերձ է միջազգային հանրությանն այն մասին, որ որևէ պարագայում Հայաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ երկրի, այդ թվում և Ադրբեջանի վրա՝ Արցախի հակամարտության կարգավորումը դիտարկելով բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով, ինչը միանշանականորեն ճիշտ է և արդարացված:
Մյուս կողմից, սակայն, ցավալիորեն նշված վարքագիծը թյուր տպավորություն է ստեղծում Ադրբեջանում այն մասին, որ մեր երկիրն ի վիճակի չէ կամ չունի համապատասխան ռեսուրսներ՝ ապահովելու սեփական անվտանգությունը:

Այլ կերպ ասած, Ադրբեջանում իշխում է այն մտայնությունը, որ ինչ էլ լինի, միևնույն է՝ Հայաստանը չի հարձակվելու:
Իմ կարծիքով, Ադրբեջանի այսօրվա վարած քաղաքականության ֆոնին Հայաստանի որդեգրած քաղաքականությունը ազգային անվտանգության ապահովման տեսնակյունից կարող է հետագայում լրջագույն խնդիրներ ստեղծել մեզ համար:

Այլ կերպ ասած, Հայաստանի այս դիրքորոշումը կարելի է բացատրել հետևյալ կերպ. Քանի դեռ ռումբը չի պայթել Երևանի սրտում /Ակնհայտ է, չէ՞, որ Ադրբեջանը գրեթե մշտապես ռմբակոծում է ՀՀ-ի և Արցախի սահմանամերձ շրջաններին/, Հայաստանը նախահարձակ չի լինելու և կանխարգելիչ հարվածներ չի հասցնելու:

Ստացվում է, որ մենք անզեն աչքով տեսնում ենք, թե ինչպես է Ադրբեջանը մեր քթի տակ ստեղծում ռազմավարական միջոցներ ու ենթակառուցվածքներ, որոնք ուղղակիորեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը, սակայն որևէ միջոց չենք ձեռնարկում դրանք չեզոքացնելու համար:
Գիտե՛ք, իմ կարծիքով, եթե մենք մեր պատմությունից դասեր չենք քաղել ու չենք քաղում, իսկ դա դառը ճշմարտություն է, ապա գոնե այնքան խելացի լինենք՝ այդ դասերը ուրիշներից քաղելու համար:

Գոնե ինձ համար ակնհայտ է, որ Ադրբեջանը և նրա հասարակությունը 2016թ. ապրիլյան պատերազմից հետո նկատելիորեն փոխվել է:
Գուցե և չարդարացված ու չափազանցված, սակայն ակնհայտ է, որ այդ երկրում իրականացվող քարոզչության արդյունքում այդ երկրի հասարակությունը դուրս է եկել պարտված ժողովրդի սինդրոմից և ակնհայտորեն ռևանշի միտումներ է դրսևորում:

Եթե չեմ սխալվում, Թուրքիան և Իսրայելն իրենց պետությունների տարածքային ամբողջականությունն ապահովելու և արտաքին ռազմական սպառնալիքները չեզոքացնելու նպատակով որպես միջոց կիրառելի են համարում «Կանխարգելում դրսից» սկզբունքը:

Սա նշանակում է, որ այդ երկրները, հավանական ու իրական են համարում նախապես չեզոքացնելու այն հնարավոր բոլոր ռազմական սպառնալքիները, որոնք կարող են սպառնալ իրենց անվտանգությանը:
Այլ կերպ ասած, թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը որդեգրել են այն քաղաքականությունը, որ չեն սպասելու մինչև ռումբերը պայթեն Անկարայում կամ Թել Ավիվում:
Իրենք իրենց իրավունք են վերապահում կանխարգելիչ հարվածներով չեզոքացնել այդ սպառնալիքները:
Այս պայմաններում, իհարկե, Հայաստանի տրամաչափն ու հնարավորությունները բավականին համեստ են:

Բայց մենք իսկապես չենք կարող նստել ապուշի պես ու տեսնել, թե ինչպես է Ադրբեջանը կուտակում ռումբեր՝ մեր գլխին թափելու համար:
Անհրաժեշտ է հնարավորինս արագ վերանայել Հայաստանի ռազմական դոկտրինը՝ համապատասխանեցնելով այն արդի իրողություններին և Հայաստանի առջև ծառացած արտաքին սպառնալիքների չեզոքացմանը:
Ավելին, կարծում եմ, որ Հայաստանի նոր ղեկավարությունը պետք է որդեգրի ամբողջովին նոր վարքագիծ՝ Ադրբեջանի հետ խոսելով համարժեք դիրքերից՝ թեկուզ միայն այն պատճառով, որ ամբողջությամբ արտահայտում է ժողովրդի կամքը և պետությունը ներկայացնում է ժողովրդի տված իրական մանդատով:

Այս համատեքստում կարծում եմ, որ ճիշտ կլինի, եթե Հայաստանի նոր ղեկավարությունը հստակ ուղերձ հղի միջազգային հանրության իր գործընկերներին ու բարեկամենրին՝ հստակ շեշտադրմամբ, որ առանց վարանելու իրեն իրավունք կվերապահի իր պետությանն և ժողովրդին ուղղակիորեն սպառնացող հակառակորդի կրակակետերին ու ռազմական եթնակառուցվածքներին կանխարգելիչ հարվածներ հասցնելու համար:

Մենք պարտավոր ենք գիտակցել, որ անհրաժեշտ է այժմ և հենց այս պահին զսպել Ադրբեջանին, այլապես որևէ մեկը թող կասկած չունենա, որ նրանց ախորժակը Երևանն է լինելու:

Ո՞վ է այն ապուշը, որ չի ցանկանում կամ չի ուզում տեսնել, որ Նախիջևանում կուտակվող զորքն ու ռազմամթերքը, և այդ սահմանում իրականացվող գործընթացները միտված են ուղղակիորեն Երևանին հարվածելու՝ արդյունքում Երևան-Արցախ կապն այդ ուղղությամբ վերացնելու և վերահսկողության տակ վերցնելու համար…

Մենք պետք է գիտակցենք, որ չունենք ռազմավարական թիկունք, նահանջի դաշտ և պարտվելու իրավունք…

Ռազմաքաղաքական այսպիսի իրավիճակում, երբ անզեն աչքով տեսանելի է, որ Ադրբեջանը և նրա ղեկավարը փաստացիորեն պատրաստվում է ռազմական ավանտյուրայի, Հայաստանը պարտավոր է ձեռնարկել իրավիճակից բխող համարժեք քայլեր՝ իրավիճակը վերահսկողության տակ պահելու համար:
Եկեք անկեղծ լինենք, ժամանակը մեր օգտին չի աշխատում:

Այս իրավիճակում սեփական գոյությունը պահպանելու համար երբեմն պետք է առաջ անցնել ժամանակից և լուծել հարցը սեփական օրակարգով…»: