Ինչպես կանխել մարտյան հայաստանի վերադարձը. Արծրուն Պեպանյան
Advertisement 1000 x 90

Ինչպես կանխել մարտյան հայաստանի վերադարձը. Արծրուն Պեպանյան

Քաղաքական վերլուծաբան, գրող Արծրուն Պեպանյանի հրապարակումը

ԱԱԾ-ն բացահայտումներ է անում, և մարդիկ իրականությունն անվարագույր տեսնելով՝ խորշում են: Բայց մարտյան Հայաստանն իր խորքային պատճառներն ուներ, մենք հենց այդ Հայաստանն էինք ունենալու: Այդ պատճառների մի մասը դարերի խորքից է գալիս, մյուս մասը՝ սոցիալիզմից կապիտալիզմին անցնելով էր պայմանավորված, երրորդ մասն էլ ներքաղաքական կյանքում մեր անգիտության ու սխալ քայլերի հետևանք է:

1 Հին պատճառներ

Այս մասին խոսում են Հայկ Ասատրյանը, Թումանյանը, Րաֆֆին, Նժդեհը՝ գտնելով, որ օտարի լծի տակ դարերով գտնվելով՝ հայությունը արժեքային խեղաթյուրումներ է ունեցել, որն իր ներքին կյանքը վերածում է քաոսի:
Ավագ սերունդը կհիշի կոմունիստական շրջանի ավարտի խեղաթյուրումները. դրանք վերը նկարագրված պատճառի դրսևորումներն էին: Իրականում այդ խեղաթյուրումները ավելի շատ էին, քան նկատելի էր կյանքում, քանի որ կոմունիստական գաղափարախոսությունը, Կրեմլի վերահսկողությունը որոշակի չափով զսպում էին ստորին կրքերը:
Այս պատճառի ազդեցությամբ հանրային կյանքում գերիշխող են դառնում ազգի, հայրենիքի զգացում չունեցողները՝ ժողովրդին պարտադրելով իրենց բարքերը:

2, Անցումային փուլի պատճառներ:

Կապիտալիզմի կայացումը կարող է ավեր բերել ժողովրդին, եթե այդ ժողովուրդը մինչ այդ գտնվել է քաոսային վիճակում: Մենք այդ վիճակում էինք: Պետական ունեցվածքի մասնավորեցման գործընթացը խթանում է ստորին կրքերը, բարոյական մարդիկ ունեզրկվում են, ազգի, հայրենիքի զգացում չունեցողները՝ հարստանում և իրենց բարքերը պարտադրում ժոովրդին: Այս երկու պատճառների համադրումը խեղդեց Արցախյան շարժման բերած ազգային ոգին:

3. Ժողովրդավարության բերած պատճառները:

Ստորին կրքերի նման հրաբուխի պայմաններում ընտրությունների անցկացումը խորացնում է քաոսը, ներքաղաքական լարվածությունն ահագնանում է, ժողովուրդը հուսալքվում է, օրենքները չեն գործում և ազգի ու հայրենիքի զգացում չունեցողները ներթափանցում են իշխանական համակարգ, պարտադրում իրենց բարքերը, ապականում հասարակական հարաբերությունները:

Այս երեքի և այլ պատճառների (դրանցից որոշները ժամանակի ընթացքում ինչ որ չափով թուլացել են, որոշները` ուժգնացել) համադրության հետևանքով մենք ունեցել ենք մարտյան Հայաստանը, որն անխուսափելի էր:

4. Դեգերումներ

Այս պատճառները պարզել եմ քսան տարի առաջ և այս ողջ ընթացքում ջանացել եմ գտնել գիտակից մարդկանց, ում հետ հնարավոր կլիներ գտնել դրանց հաղթահարման ուղին: Տխրությամբ պիտի ասեմ, որ հայ իրականության մեջ մարտ ամսվա դրությամբ չկար քաղաքական մտքի այն խտացումը, որն ունակ լիներ լուծել մեր առջև ծառացած խնդիրը:

5. Իրավիճակ

Հանգամանքների բերումով երկրում տեղի ունեցավ իշխանափոխություն, ինչն անհրաժեշտ էր, քանի որ մարտյան Հայաստանը ինքնախեղդող էր և սպառնում էր երկրի գոյությանը:
Բայց մենք հիմա կանգնած ենք նույն, հին խնդրի առաջ՝ ինչպես հաղթահարել այդ պատճառների արդյունարար բացասական ազդեցությունը, ինչպես իրականացնել ժողովրդի մտածողության արմատական վերափոխում, առանց որի չենք խուսափի մարտյան Հայաստանի վերադարձից:
Կիսամիջոցները չեն փոխի իրականւթյունը:
Մտահոգեցնողն այն է, որ քաղաքական դաշտը, ներառյալ նաև իշխանականը, չեն տեսնում վերը նկարագրված խնդիրը: