Նայեցի «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության և մտավորականների մի խմբի հանդիպման տեսագրությունը։
Ընթացքում անընդհատ հնչում էր հետևյալ ինքնահուսադրող միտքը. «Քահանաների, վարդապետների, սրբազանների մեծ մասը մեզ հետ է, բայց վախենում են ձայն հանել»։
Ի՞նչ է սա նշանակում։ Նշանակում է, որ նոր Հայաստանը եկեղեցու պարիսպներից ներս չի մտել դեռ և նոր հայրապետի կարիք առանձնապես չի զգացվում։
Վաղը եթե կաթողիկոսը հոգևորական դասի ժողով հավաքի ու դնի իր վստահության հարցը, ժողովն էլ վեհափառին միաձայն վստահություն հայտնի, ի՞նչ են անելու նախաձեռնության անդամները, ասելու են՝ չէ։
Քաղաքացիական շարժումը հաջողվեց, որովհետև ոչ ոք այլևս չէր վախենում և չէր թաքցնում իր կարծիքը։
(Անկեղծ ասած՝ ինքս էլ դեռ չգիտեմ՝ ինչու և ինչպես։)
Հիմա ի՜նչ, նախաձեռնությունն ուզում է հեղափոխություն պատվաստել եկեղեցու հույժ դոգմատիկ ծառի՞ն։ Չի ստացվելու՝ կարծում եմ։
Քաղաքացիական հեղափոխությունն ընդամենը տեղի է ունեցել, այն պետք է հաղթի, հաղթի ոչ միայն քաղաքական ասպարեզում, այլև՝ հանրային գիտակցության մեջ։ Հետո միայն հնարավոր կլինի խոսել «տրանսպլանտացիաների» մասին։
Կներեք, «Սանիթեքի» աղբարկղերի մարտավարությամբ եկեղեցի չեն վերափոխում։