ՀՀ նոր կառավարությյան անդամներն ամեն օր մի դրվագով մեզ հիշեցնում են, որ ապրում ենք նոր Հայաստանում ու որ երկրում իրավիճակ է փոխվել։ «Կյանքի խոսք» և այլ կրոնական աղանդների ներկայացուցիչների՝ թավշյա հեղափոխության, ներքաղաքական և եկեղեցու դեմ ծավալվող գործընթացներում, ինչպես նաև նոր պետական կառավարման համակարգում նրանց ընդգրկվածության մասշտաբները դեռ չմարսած՝ իրենց իսկ կողմից ամեն օր նոր թեմաներ են նետվում մեր կյանք։
Երեկ ահա ՀՀ Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում լուրջ-լուրջ գրել է.
«Տեղեկացնում եմ, որ Հայաստանի պատմության թանգարանում 5-օրյա ժամկետում կհատկացվի ցուցասրահ՝ նվիրված թավշյա հեղափոխությանը: Երկուշաբթի օրը աշխատանքային խումբը կապ կհաստատի թանգարանի տնօրեն պարոն Գրիգորյանի հետ և հնարավորինս սեղմ ժամկետներում կսկսի ցուցասրահը համապատասխան նմուշներով համալրելն ու կահավորելը: Ցուցասրահի պաշտոնական բացման մասին կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»:
Ֆեյսբուքահայությունը ապշած է՝ հավանաբար ցինիզմը կփրկի այս խայտառակ վիճակը։ Մարդիկ չգիտեն՝ նոր հումո՞ր է, թե՞ հերթական անհեթեթ որոշումը։ Ըստ այդմ՝ ցուցանմուշների և կազմակերպչական առաջարկներ են հնչում՝ «Կարծում եմ ճիշտ կլինի այդտեղ լինի նաև պարոն Փաշինյանի ուսապարկը, հա, մեկ էլ՝ Սասուն Միքայելյանի ջրի շիշը…», «Ու հետաքրքիր ա՝ ի՞նչ են ցուցադրելու… վիրակապը, ռյուկզակը, թե՞ ջրի շիշը», «Մեկ էլ վայեննի մայկան ու դուխով կեպկան ))))», «Վիրակապը պահե՞լ է», «Իսկ հեղափոխականների մոմե արձանիկներ չե՞ք կանգնացնելու, իսկ արձաններ ամբողջ քաղաքով մեկ չեն լինի ՞, իսկ անհատական տուն թանգարաննե՞ր նախարարների, հուշամեդալներ կապված հեղափոխական ամեն օրվա հետ…», «Կներեք, իսկ Իռայի ամուսինը լինելո՞ւ է թանգարանում», «Ես դեմ եմ, էտքան քչով պետք չի բավարարվել, միանգամից առանձին «ՀՀ թավշյա հեղափոխության» թանգարան է պետք… բոլոր կարկառուն դեմքերի ու փողոց փակող ջահելների արձաններով, վիրակապով ձեռքի արձանով և այլն և այլն, էնքան նյութ կա, էլ ասելու չի…», «Ես մարդ գիտեմ նույն բոթասով 25 օր շարունակ մասնակցել ա միտինգներին… որ խնդրեմ իր բոթասի աջ թայը կցուցադրե՞ք թանգարանում…», «Չալոն էլ գիդ նա լինելու», «Հոյակապ միտքա՝մնաց Նիկոլի օր նշանակենք ու այդ օրը լինի ոչ աշխատանքային ու մարդիկ շարքերով անցնեն տրիբունաի առջև իսկ երեխաները 4 րդ դասարանից ընդգրկվեն Նիկոլիկ շարժման շարքերը», «Էնքան հավես ֆոտոներ կան, որ կարելի է ցուցադրել, ես առաջարկում եմ նաև ֆոտոցուցահանդես», «Պարոն Արայիկ Հարությունյանի ձեռնափայտը…», «Եթե լուրջ եք, ապա պետք է Իռայի մարդու մոմե արձանիկը ցուցադրվի…»։
Որոշ մարդիկ, իրավիճակի «լրջությունը» գնահատելով՝ զայրանում են կամ փորձում են լուրջ առարկություններ ներկայացնել՝ «Պարա՞պ եք մնացել», կամ՝ 88–ի համաժողովրդական շարժումը ցուցասրահ ունի՞, որ այս հեղափոխության ցուցասրահ եք ուզում բացել, այն դեպքում, երբ 88-ը մեր ժողովրդի, ողջ հասարակության գիտակցական, ազգային ու քաղաքական զարթոնքն է խորհրդանշում և վերջապես՝ Հայաստանի անկախացումը։ Նման անլուրջ և անհեթեթ որոշում Հայաստանի մշակույթի նախարարությունից երբևէ չէր հնչել։
Մանե Վարդանյան