Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում բնակվող 33-ամյա Օքան Դողանը իր հայրենիքում հաճախ էր լսում, թե ինչպես է «հայ» բառն օգտագործվում որպես վիրավորանք, ինչպես որ հայերն են օգտագործում «թուրք» բառը, երբ որևէ մեկին ուզում են վիրավորել:
Չնայած Հայաստանի և Թուրքիայի միջև պաշտոնական դիվանագիտական հարաբերություններ չկան (1993-ից ի վեր Թուրքիան միակողմանի փակել է Հայաստանի հետ սահմանը` հայտարարելով, որ Լեռնային Ղարաբաղի կարգավորման հարցում աջակցում է Ադրբեջանի դիրքորոշմանը) և Թուրքիայի կողմից հերքվում է Ցեղասպանության փաստը,Դոքանը որոշեց գալ Հայաստան ու գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները:
Հայերով սկսել էր հետաքրքրվել դեռևս տարիներ առաջ` համալսարանում ուսանելիս.
«Որոշեցի ուսումնասիրել Հայկական հարցն ու Հայոց ցեղասպանության պատմությունը, ինտերնետային աղբյուրները սպառելուց հետո ցանկացա անցնել ակադեմիական մակարդակի, բայց գրադարաններում թուրքերենով բավարար գրականություն չգտա, ինչը զարմանալի էր ինձ համար: Այդ տարիներին ինձ շատ օգնեցին թուրք պատմաբան Թաներ Աքչամի աշխատությունները, որոնց մեջ նա ազատորեն խոսում է հայ-թուրքական հարցի ու Ցեղասպանության մասին»:
Դողանի հավաստմամբ, վերոնշյալ հարցերում ինֆորմացիայի պակասի ու անտեղյակության խնդիրը Թուրքիայում սուր է:
«Կան մարդիկ, ովքեր ուղղակի հերքում են Ցեղասպանության փաստը միայն այն պատճառով, որ Թուրքիա պետությունն է հերքում: Միլիոնավոր մարդիկ էլ կան, ովքեր նույնիսկ չեն էլ լսել դրա մասին: Այս առումով ես զգում եմ, որ մեծ գործ ունեմ անելու իմ հայրենիքում»,-ասում է 33-ամյա հետազոտողը` հավելելով, որ երիտասարդ գիտնական իր ընկերները հիմնականում բավարար գիտելիք չունեն Ցեղասպանության ու առհասարակ հայերի մասին,-«Հաճախ են հարցեր տալիս, փորձում ճշտել այս կամ այն փաստի իսկությունը, սիրով օգնում ու պատմում եմ»:
Անկարայում գտնվող Բիլքենթ համալսարանում քաղաքագիտություն սովորող Օքանը 2017-ին դիմեց «Հրանտ Դինք»հիմնադրամի ամենամյա Հայաստան-Թուրքիա փորձի փոխանակման նախագծին ու որպես հետազոտող եկավ Երևան` 8 ամիս անցկացնելով այստեղ: Նա հյուրընկալվեց Հետազոտական ռեսուրսների կովկասյան կենտրոնում:
Հետազոտության թեման հայ լրագրողների, թուրքագետների, քաղաքագետների վերաբերմունքն էր հայ-թուրքական խնդրին ու նրանց հնարավոր ազդեցությունը հարաբերությունների կարգավորման գործընթացի վրա։
Ամբողջությամբ՝ chai-khana.org