Նրա պատկառելի տարիքը չէ միայն, որ դրդում է ակնածել:
Ակնածանքի, երկյուղածության, պատկառանքի արմատները գնում են դեպի իմացության նրա ակունքները, նրա կյանքի ու ապրած բեղուն տարիների խորքերը՝ բերելով այնտեղից լույս, իմաստնություն, միտք, որը դաջված է նրա դեմքին:
Նա կարծես ասկետականության ժամանակներից է քայլ արել դեպի մեր աշխարհը և շարունակում է անհաղորդ մնալ մեր ժամանակին իր սակավապետությամբ, որը նրա համար բնական կենսաձև է, ներքին պահանջ, բայց նա մեր ժամանակը վայելում է իր ներքին ազատության, ներքին անսահմանության մեջ, որը վերածված է նրանից ժայթքող մշակույթի:
96-ամյա Պարգև Շահբազյանը յուրահատուկ անձնավորություն է, եզակի անհատականություն:
Բավական է ասել, որ նա 40 տարի եղել է Վազգեն Առաջին Ամենայն Հայոց Հայրապետի աշխարհական մերձավորագույն գործակիցներից մեկը, գիտական քարտուղարն ու թարգմանիչը, դասավանդել է Գևորգյան հոգևոր ճեմարանում:
Նա նաև գրականագետ է, գրաքննադատ: Նրա աշխատասիրությամբ ֆրանսերենից բարձրարվեստ թարգմանությամբ հայերենի են վերածվել Շատոբրիանի, Բոդլերի, Ռոմեն Ռոլանի, Անրի Թրուայայի, Անդրե Ժիդի եւ այլ հեղինակների ստեղծագործություններ:
Նա կրթվել է Հալեպի ֆրանսիական քոլեջում, Բեյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի արեւելյան լեզուների հայագիտության բաժնում:
Ծնվել է Պոլսում, Մեծ Եղեռնից հրաշքով փրկված մտավորական այր Գառնիկ Շահբազյանի ընտանիքում:
Մայրը՝ Կարինում ծնված Հրանուշ Լաճիկյանը, 1915-ին 15 տարեկանում տեղահանվել է իր ծննդավայրից և վերապրել՝ երկար դեգերելով անապատներում: Նրա ամբողջ մեծ գերադաստանը՝ շուրջ քառասուն մարդ, սպանվել է և տասնհինգամյա աղջնակը միակն է եղել, որ կարողացել է ողջ մնալ:
Շահբազյանների ընտանիքը Հայաստան է հայրենադարձվել է 1946-ին:
Պարգև Շահբազյանի հետ հանդիպում եմ նրա բնակարանում, որը կարծես հոգևոր մի դիվանատուն լինի, լույս ճառագող մի ատյան: Նա պարտաճանաչորեն պատրաստվում է մեր զրույցին՝ խնամքով հետևելով անգամ հագ ու կապին: Մշակույթ է: Չես փոխի:
Նրա հայացքը սթափ է, միտքը՝ ճշմարտության հետ, խոսքը՝ սքանչելի հայերենով, հիշատակումները՝ ճշգրիտ, հումորը՝ նրբանկատ: Կեցվածքը՝ ազնվականական: Իսկ ազատությունը ներքին զգացողություն է:
Նրա հետ կարող ես խոսել շատ երկար: Շատ հետաքրքիր: Խոսել եկեղեցուց, գրականությունից, արվեստից, մշակույթից, փիլիսոփայությունից, պատմությունից: Խոսել միջնադարից մինչև մեր օրերը: Խոսել գիտականության աստիճանի: Նրա իմացությունը կրճատում է ժամանակը, կորցնում ժամանակի զգացողությունը:
Բայց այս անգամ որոշում եմ խոսել Հռոմի Պապերից, որովհետև Պարգև Շահբազյանն այն եզակի մարդկանցից է, որ ստացել է Հռոմի երկու Պապերի օրհնությունը:
Մեր զրույցն այս անգամ նրա և Հռոմի Պապերի հանդիպումների շուրջ է, որով, առաջին անգամ, ի դեպ, նրա կողմից պատմական իրադարձություններ են բացահայտվում, գաղտնազերծվում իրադարձություններ:
Զրույցն ամբողջությամբ՝ thearmenians.am