Նախագահ Արմեն Սարգսյանը Sputnik Արմենիային տված հարցազրույցում պատմել է, թե ինչո՞ւ էր երկրպագում Ֆրանսիային հավաքականին, ո՞վ է պատրաստվում այցելել Երևան, ինչպե՞ս են իրենց զգում Սիրիայի հայրենադարձները և ինչո՞վ տեսական ֆիզիկան կարող է օգնել ճշմարտության որոնումներում և Աստծուն ըմբռնելու հարցում։
– Պարոն Սարգսյան, Դուք ժամանել եք Մոսկվա ֆուտբոլի աշխարհի առաջնության եզրափակչին։ Ի՞նչ կասեք Ռուսաստանում մունդիալի կազմակերպման վերաբերյալ։
– Իմ կարծիքով` Ռուսաստանում աշխարհի առաջնությունը ֆենոմենալ անցավ։ Ուզում եմ շնորհավորել Ռուսաստանի նախագահին և առաջնության բոլոր կազմակերպիչներին. ֆուտբոլի տոնը հիանալի ստացվեց։ Ասում եմ դա որպես մարդ, որին հոգեհարազատ է Ռուսաստանը, որը տեսել է վերջին երեք մունդիալները Աֆրիկայում, Լատինական Ամերիկայում և Գերմանիայում։ Այնպիսի մթնոլորտ, ինչպիսին Ռուսաստանում էր, ես չեմ տեսել նույնիսկ Բրազիլիայում, որը հայտնի է իր կառնավալներով։ Տոն, փողոցներում ուրախ մարդիկ, ամեն ինչ կազմակերպված, ոչ մի միջադեպ, բացարձակ անվտանգ է, միաժամանակ չի զգացվում փողոցում ոստիկանների ներկայությունը։
Կարծում եմ, որ այս պահին գլխավորն այն է, որ այս առաջնությունն օգնել է աշխարհին տեսնել Ռուսաստանի իրական դեմքը։ Ցավոք, 21–րդ դարում վիրտուալ իրականությունը հաճախ մթագնում է իրերի իրական պատկերը։ Բայց հիմա հարյուր հազարավոր երկրպագուներ և լրագրողներ ամբողջ աշխարհից կարողացան տեսնել և հասկանալ, թե ինչպիսին է Ռուսաստանն իրականում։
Ընդհանուր առմամբ պետք է ասել, որ ֆուտբոլը կյանքիս մի ահռելի մասն է։ Իմ երիտասարդությունն անցել է Երևանում, և երբ 1973թ-ին Երևանի «Արարատ» թիմը դարձավ ԽՍՀՄ-ի չեմպիոն, հետո էլ շահեց ԽՍՀՄ գավաթը (1973-ին և 1975-ին` խմբ.), դուք չեք պատկերացնում, թե դա ինչպիսի ահռելի ուրախություն էր և տոն ամբողջ հանրապետության համար։
Վերջին տարիներին մեր ընտանիքում երկրպագում են Լոնդոնի «Արսենալ» ակումբին, և մենք հիմա հատկապես երջանիկ ենք, որովհետև այնտեղ խաղում է լավագույն հայ խաղացողը` Հենրիխ Մխիթարյանը։
– Ո՞ւմ եք երկրպագել 2018թ-ի աշխարհի առաջնության եզրափակիչ խաղում։
– Ֆրանսիային։ Դա մի քանի պատճառ ունի։ Առաջին հերթին, նրանք ինձ դուր են գալիս որպես թիմ։ Երկրորդ, Ֆրանսիայի նախորդ թիմում, որը դարձել է աշխարհի չեմպիոն 20 տարի առաջ, խաղացել են երկու հայեր` Ջորկաեֆը և Պողոսյանը։ Երրորդ, Հայաստանի և Ֆրանսիայի միջև հարաբերությունները շատ մտերիմ են և բարեկամական. Ֆրանսիան երկիր է, որը անցած դարի սկզբին ապաստան է տվել մեծաթիվ հայերի, երկիր, որն ընդունել է Թուրքիայում Հայոց ցեղասպանությունը։
Բացի այդ, ավանդության համաձայն, Երուսաղեմի վերջին քրիստոնյա արքան կիսով չափ ֆրանսիացի է եղել, կիսով չափ` հայ, և Կիլիկիայի հայկական թագավորությունում վերջին արքան նույնպես կիսով չափ հայ է եղել, կիսով չափ` ֆրանսիացի։
Վերջապես, հիմա Հայաստանը Ֆրանկոֆոնիայի անդամ է, և այս տարի Երևանը կընդունի այս ֆրանսալեզու երկրների միջազգային կազմակերպության գագաթնաժողովը։ Եվ անձամբ ինձ համար դժվար կլիներ եզրափակիչ խաղում` Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովից առաջ, չսատարել Ֆրանսիային։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am