Հանրակրթական դպրոցները նախապատրաստվում են սեպտեմբերի 1-ին, փորձում են իրենց լիցենզիաները համապատասխանեցնել ունեցած հզորություններին: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը: Նրա խոսքով՝ դպրոցները փորձում են օգտագործել իրենց մասնաշենքերի հզորությունները, վերանորոգումներ են իրականացնում, ինչը, սակայն, ժամանակավոր լուծում է:
«Հաջորդ տարիներին, երբ կլինի էլեկտրոնային գրանցում, դպրոցներն այլևս հնարավորություն չեն ունենա իրենց լիցենզիաներից ավել աշակերտներ ընդունել, ավելին՝ այն դպրոցները, որոնք աշակերտների թվով գերազանցում են իրենց սահմանված չափը, նրանց պարզապես կարող է թույլ չտրվել հաջորդ տարիներին ունենալ ընդունելություն մինչև կմարեն բարձր դասարանների աշակերտների թիվը: Դրանից հետո միայն հնարավորություն կունենան ընդունելություն կազմակերպել»,- ասաց ԿԳ նախարարը։
Արայիկ Հարությունյանը նշեց, որ ներկայում քննարկվում է միայն տարրական դպրոցների կողմից լիցենզիա ունենալու հարցը, բայց ուշադրության առանցքում է նաև հերթերի կարգի սահմանման հստակեցումը:
«Մեր նպատակն է, որ դպրոցները աշխատեն մեկ հերթով, ինչը բազմաթիվ բողոքներ մեջտեղից կհանի: Սրանով կլուծվի նաև դպրոցների բեռնաթափման խնդիրն ու մրցակցություն կմտցնի»,- հավելեց պաշտոնյան:
Ինչ վերաբերում է այն սկզբունքի կիրառմանը, դպրոցներն ընդունեն միայն այդ շրջանի բնակիչների երեխաներին, ապա նախարար Հարությունյանը նկատեց, որ հաջորդ տարիներին ևս հնարավոր է այն իրականություն դառնա: «Հանրակրթության մասին» օրենքով ծնողն է ընտրում, թե երեխային որ դպրոցը տանել, այստեղ հակասություն կա: Մեզ համար ավելի հեշտ կլինի նախապատվությունը տալ տվյալ շրջանի ծնողներին, քանի որ հաշվարկների, պլանավորման ընթացքում հեշտ կլինի, կփորձենք միջին տարբերակ ընտրել»,- նշեց մեր զրուցակիցը: