«Կոսմետոլոգիայի և պլաստիկ վիրաբուժության կենտրոնի» բժիշկ մաշկաբան-կոսմետոլոգ Անի Սիսակյանը Life.panorama.am-ի հետ զրույցում իր մասնագիտական խորհուրդներն է տվել՝ կապված տնային պայմաններում մաշկի խնամքի հետ:
Մեզ հետ զրույցում բժիշկը նախ շեշտեց՝ մաշկի խնամքի հետ կապված սխալները կարող են հանգեցնել մաշկի պաշտպանական ֆունկցիայի ընկճման, մաշկի չորության, ջրազրկման, ալերգիկ երևույթների և այլն, հետևաբար խնամքի կազմակերպման հարցում պետք է խորապես տեղյակ լինել ինչպես մեր մաշկի առանձնահատկություններին, այնպես էլ խնամքի միջոցներին:
«Դեմքը կարելի է խնամել նաև տնային պայմաններում՝ կիրառելով բնական դիմակներ, որոնք հեշտությամբ հնարավոր է պատրաստել բնական միջոցներով»,- նշեց բժիշկը:
Դեմքը խնամող դիմակները բազմազան են, որոնցից մի քանիսը Անի Սիսակյանը փոխանցեց Life.panorama.am-ին:
«Առաջարկում եմ մի քանի բաղադրատոմսեր, որոնք և հասանելի են պատրաստման համար և բավականին արդյունավետ:
Խոնավեցնող դիմակներ՝
- Մեկ մանրացված վարունգին ավելացնում ենք մեկ ճաշի գդալ թթվասեր և տարածում դեմքին՝ թողնելով 20-30 րոպե ու լվացվում:
- Մեկ մանրացված գազարին ավելացնում ենք մեկ ձվի դեղնուց, ապա լավ խառնելուց հետո տարածում դեմքին՝ թողնելով 20 րոպե ու լվացվում:
- Կես բանանին ավելացնում ենք մեկ ճաշի գդալ թթվասեր, ապա մեկ ճաշի գդալ մեղր: Այս զանգվածը դեմքին տարածելուց հետո կարելի է թողնել 15-20 րոպե:
Սպիտակեցնող դիմակներ՝
- Մեկ լիմոնի հյութին ավելացնում ենք օսլայի փոշի՝ 1:1 հարաբերությամբ, դեմքին տարածելուց հետո՝ թողնում ենք 20 րոպե:
- Մաղադանոսը մանրացնել, ավելացնել մեկ ճաշի գդալ թթվասեր և տարածել դեմքին՝ դարձյալ թողնելով 20 րոպե:
- Երիցուկի թուրմ պատրաստել՝ մեկ թեյի գդալ երիցուկի վրա ավելացնել մեկ բաժակ եռացրրած ջուր, իսկ սառչելուց հետո դեմքին թրջոցներ դնել՝ թողնելով 20 րոպե:
Երիտասարդեցնող դիմակներ (ձգող-lifting էֆեկտով)
- Կարտոֆիլը խաշել, ապա տրորել և մի փոքր կաթ ավելացնել, այնուհետև 1 թեյի գդալ լիմոնի հյութ լցնել զանգվածին: Դիմակը դեմքին դնել տաք վիճակում և թողնել 15 րոպե:
- Մեկ ձվի սպիտակուցին ավելացնել մեկ ճաշի գդալ մեղր: Լավ խառնելուց հետո ստացված համասեռ զանգվածը տարածել դեմքին»:
Բժշկի փոխանցմամբ՝ ցանկալի է դիմակները պատրաստել մեկ անգամյա կիրառման համար: Դրանք հիմնականում դեմքին թողնում են 15-30 րոպե, ապա լվանում են տաք ջրով, բայց վերջում պարտադիր դեմքը սառը ջրով են ցողում: Անի Սիսակյանն ընդգծեց՝ դիմակների պարունակության բաղադրիչները պետք է լինեն որակյալ և պահպանման ժամկետներում: Դիմակները կիրառելուց առաջ դեմքը պետք է լինի մաքուր, ցանկալի է դրանք լոգանքից անմիջապես հետո կիրառել: Ցանկացած դիմակի արդյունավետությունը զգալու համար նախընտրելի է դրանք օգտագործել 2-3 ամիս՝ շաբաթական 1-2 անգամ:
Իսկ վերջում բժիշկը հիշեցրեց.
«Այն անձինք, ովքեր տարատեսակ ալերգիաների հակում ունեն, պետք է լինեն ուշադիր, քանի որ որոշ դիմակների բաղադրիչներ ալերգիկ են համարվում»: