Զարուհի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուզում եմ վերստին հիշեցնել սիրո և համերաշխության կոնցեպտի իմաստը՝ այժմ արդեն Լավրովի հայտարարության համատեքստում։ Սերն ու համերաշխությունը մարդկանց միավորող ամենանուրբ էմոցիոնալ և ամենախորը գիտակցական առանցքն է։ Սերը հսկայական մաքուր էներգիա է, որը ստեղծագործ է ու նորարար, համերաշխությունը դա գիտակցված գործողություն է, որը կապված է արժեհամակարգային միասնության հետ։
Այժմ, եթե ասվում է, որ հեղափոխության արժեք են սերն ու համերաշխությունը, և այդ արժեքները անհամատեղելի են երկրում կատարվող այժմյան գործընթացների հետ, ապա չեն հասկանում բուն էությունը սիրո և համերաշխության, և շփոթում են սերը՝ սիրահարվածության, որն ի դեպ երբեմն անարժանի նկատմամբ էլ է լինում, իսկ համերաշխությունը՝ արատների հանդեպ հանդուրժողականության, կեղեքիչների նկատմամբ հնազանդության հետ։ Այո, մենք կարողացանք փոփոխություն բերել, քանի որ սիրում ենք միմյանց, ուզում ենք ապրել ստեղծագործ ու ազատ երկրում։ Այո, մենք համերաշխ ենք այն մարդկության հետ, որը մերժում է մարդատյացությունը, թալանը, կեղծիքը, երեսպաշտությունը, զավթումը, ստրկացումը․․․։
Այդ բոլոր արատավոր երևույթները մեր համերաշխության ու սիրո շրջանից դուրս են, օտար են, քանի որ չունենք այդ երևույթների հետ արժեհամակարգային ընդհանրություն։ Ուստի այդ երևույթները պետք է ստանան իրենց հստակ գնահատականները և չի կարող լինել հանդուրժողականություն դրանց նկատմամբ։
Ուրիշ հարց է, թե որդյո՞ք իշխանությունը մնում է հարազատ իր հռչակած սկզբունքներին, արժեքներին, այդ արժեքների վրա հենվելով մշակո՞ւմ է արդյոք նոր Հայաստանի քաղաքական օրակարգն ու նախանշում ապագան։ Որքան ավելի հստակ երևան այդ արժեքները ամենօրյա քաղաքական պրոցեսներում, այնքան ավելորդ կլինեն այն պնդումները, թե դուք շեղվում եք ձեր հռչակած սկզբունքներից»։