Life.panorama.am-ը զրուցել է «Հելիոս Պոդոլոգիա» բժշկական կենտրոնի մաշկաբան-պոդոլոգ Սյուզաննա Գևորգյանի հետ, ու պարզել, թե ինչպես պետք է ճիշտ և գրագետ իրականացնել ոտնաթաթի խնամքը, որը հատկապես ամռանը խիստ անհրաժեշտ է:
– Ամռանը մենք ունենք բոլոր հնարավորությունները մեր ոտքերի գեղեցկությունը հնարավորինս հաճախ ցուցադրելու համար: Նշանակում է, որ պետք է նրանց մասին հոգալ առավել բծախնդրորեն: Առաջին հերթին ի՞նչ պետք է հաշվի առնել և ինչի՞ն պետք է կարևորություն տալ գեղեցիկ և խնամված ոտքեր ունենալու համար:
– Գեղեցիկ և խնամված ոտքեր ունենալու համար անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ոտնաթաթի մաշկի առողջությանը և եղունգների կտրվածքին։Կարևոր է հասկանալ, թե ինչ տեսակի մաշկ ունեք դուք և ըստ դրա՝ տանել անհրաժեշտ խնամք։
– Կանանց համար իսկական գլխացավանք է ոտքերի վրա առաջացած ճաքերն ու կոշտուկները: Ինչպե՞ս ազատվել դրանցից տնային պայմաններում:
– Կարևոր է շրջանցել կոշտուկների և ճաքերի առաջացումը, կամ հնարավորինս կանխարգելել դրանց առաջացումը։Բայց եթե արդեն իսկ առկա են ոտնաթաթին ճաքեր և կոշտուկներ,ապա խորհուրդ կտամ չդիմել տնային պայմաններում ինքնաբուժմանը, այլ դիմել համապատասխան մասնագետի։Տնային պայմաններում ցանկալի է ոտնաթաթի հաճախակի լոգանքներ տարբեր միջոցներով, ծովի աղերով, դե իսկ հետո պահպանել արդյունքը՝փափկեցնող և խոնավացնող տարբեր նյութերով և քսուքներով։
– Հատկապես ոտնաթաթերը կարող են վնասվել սխալ կոշիկների ընտրության կամ առանց կոշիկների քայլելու պատճառով: Այս խնդիրներից խուսափելու համար ի՞նչ ցուցումներ կտաք:
– Հատկապես ամռանը ոտնաթաթը հատուկ խնամքի կարիք է զգում, քանի որ առօրյայում մշտապես բաց է, և կարող է հեշտությամբ չորանալ և վնասվել։Կոշիկի հետ շփման արդյունքում, հատկապես ամռանը, երբ ոտնաթաթի մաշկը հակում ունի չորանալու, վնասելու հավանականությունը մեծանում է, կարող են առաջանալ կոշտուկներ, ճաքեր, պատռվածքներ, դրանով իսկ դժվարացնելով քայլը, մեծացնելով անհարմարության զգացողությունը։ Ցանկալի է օգտագործել մաշկը խոնավեցնող քսուքներ, ոտնաթաթը հանգստացնող լոգանքներ, իսկ կոշտուկներից և ճաքերից ազատվելու համար դիմել բժիշկ-պոդոլոգի, անհրաժեշտ խնամք ստանալու համար։
– Շատ հուզող խնդիր է նաև ոտնաթաթի սնկային հիվանդությունները: Սրանց դեմ պայքարելու համար տնային պայմաններում ի՞նչ միջոցներ կարելի է ձեռք առնել:
– Նշենք, որ սնկային ախտահարումով վարակելիությունը առավել մեծանում է հատկապես ամռանը, երբ մարդիկ ավելի հաճախ են օգտվում լողավազաններից, մարզասրահներից և այլ հասարակական վայրերից։Եթե արդեն իսկ առկա է ոտնաթաթի մաշկի և եղունգների սնկային ախտահարում,տնային պայմաններում դրա դեմ պայքարել հնարավոր չէ։Պարտադիր է դիմել մաշկաբանի խորհրդատվության, ախտորոշման և բուժման համար։ Իսկ, որպես կանխարգելիչ միջոցառում,կարող եք կատարել լոգանքներ սոդայաջրով կամ քացախաջրով և եղունգները մերսել թեյի ծառի յուղով։
– Քսուկներ, յուղեր և այլ միջոցներ ընտրելիս՝ամռանը ինչի՞վրա պետք է ուշադրություն դարձնել և այդ հարցում արդյոք նշանակություն ունի կնոջ մաշկի տեսակը:
– Անկախ տարվա եղանակից՝միշտ պետք է հաշվի առնել մաշկի տեսակը։Դե իսկ ամռանը ցանկալի է ուշադրություն դարձնել քսուքների արևապաշտպան բաղադրության վրա։ Արևապաշտպան միջոցները պետք է օգտագործել արևի տակ դուրս գալուց 30-40 րոպե առաջ, ամեն անգամ ջրի հետ շփվելուց հետո պետք է թարմացնել: Գնելիս ուշադրություն դարձնել, որպեսզի արևապաշտպանի սպեկտորը լինի այն (UVA, UVB, PPD, SPF): Սկզբնական շրջանում գործոնը պետք է լինի ավելի բարձր, հետո աստիճանաբար արդեն առկա որոշակի արևայրուքի դեպքում կարելի է նվազեցնել SPF-ի մակարդակը: Արևայրուքով մաշկը ավելի կարիք ունի խոնավեցնող, վերականգնող, տոնուսավորող խնամքի, ինչպես տնային, այնպես էլ մասնագիտացված: Օգտագործեք շատ հեղուկներ, առավելապես մաքուր ջուր: