Սա այն ստեղծագործությունն է, որը յուրաքանչյուր մարդ պետք է ընթերցի՝ անկախ տարիքից. Էմմա Սապունջյանը՝ գրքերի աշխարհում. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Սա այն ստեղծագործությունն է, որը յուրաքանչյուր մարդ պետք է ընթերցի՝ անկախ տարիքից. Էմմա Սապունջյանը՝ գրքերի աշխարհում. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցը երիտասարդ դերասանուհի Էմմա Սապունջյանն է, ում հետ այս անգամ վիրտուալ տիրույթից տեղափոխվել ենք գրքերի աշխարհ, ու պարզել, թե գրական ինչ ժանր է նախընտրում, որ ստեղծագործությունն է հաճախ ընթերցում և ինչ գիրք է այժմ դրված նրա սեղանին:

– Առաջին գիրքը, որ կմտաբերեք և որը մեծ հետք է թողել ձեր կյանքում: 

– Առաջին գիրքը որ մտաբերում եմ Անտուան Դե Սենտ֊ Էքզյուպերիի «Փոքրիկ Իշխանն» է, որը մեկ անգամ չէ, որ ընթերցել եմ, և ամեն անգամ շատ մեծ բավականություն ստացել, որն էլ դեռ մանկուց դասվել է իմ սիրելի հեքիաթների շարքին, բայց տարիների ընթացքում միայն հասկացա, որ դա հեքիաթ է մեծերի համար, որը շատ խորն է մտնում հոգու մեջ ու մտածելու տեղիք տալիս։ Յուրաքանչյուր ընթերցողի մոտ այդ հեքիաթը տարբեր բաների հետ է ասոցացվում, ինձ համար այդ հեքիաթի ամեն հատված, ամեն կատարվելիք իրադարձություն, երկխոսություն սիրո մասին է, մարդկային փոխհարաբերությունների և մեր մեջ ապրող երեխայի։ Սա այն ստեղծագործությունն է, որը յուրաքանչյուր մարդ պետք է ընթերցի՝ անկախ տարիքից։

–  Հերոս, ում ինքներդ Ձեզ նմանեցնում եք: 

– Նման հերոս ունեի փոքր տարիքում, դա Երկարագուլպա Պեպին էր. երկուսիս չարաճճիությունն ու դեմքի վրայի պեպենների առկայությունը ինձ համար մեր ընդհանրությունն էր։ Իսկ հիմա՝ ավելի հասուն տարիքում, դեռ չեմ գտել մի կերպար, ում ամբողջությամբ կարող եմ նմանեցնել ինձ։ Իմ ընթերցած բոլոր գրքերի հերոսուհիներն էլ ունեն բնավորության գծեր, որոնք բնորոշ են նաև ինձ, սակայն չկա մեկ ամբողջական կերպար, որ կարող եմ նմանեցնել ինձ։

– Ստեղծագործություն, որը հաճախ եք մտաբերում:

– «Ջոնաթան Լիվինգսթոն ճայը»՝ հեղինակը Ռիչարդ Բախն է: Այդ ստեղծագործությունն այնքան շատ գույներ է իր մեջ պարունակում՝ ճայի միջոցով ներկայացնելով մարդու հիմնական ազատության խնդիրը, որ անհնար է չսիրահարվել այդ գրքին։ Հեղինակը օդաչու է և կարծում եմ՝ դա է պատճառը, որ նա վերցրել է թռիչքի ու ազատության թեման։

–  Գրական, ո՞ր ժանրն եք առավել նախընտրում:

– Ինչպես ֆիլմերի ընտրության հարցում, այդպես էլ գրքերի, չեմ կարող առանձնացնել որևէ մեկ ժանր, քանի որ նրանցից յուրաքանչյուրը գրականության մեջ ունի իր տեղը, և իհարկե, յուրաքանչյուր գրքի ընտրություն կախված է տվյալ օրվա տրամադրությունից։

– Այս պահին, ո՞ր գիրքն է դրված Ձեր սեղանին:

– Իմ սեղանին միշտ դրված է Կ.Ստանիսլավսկու «Դերասանի աշխատանքն իր վրա» գիրքը, որը ես հաճախ եմ ընթերցում. այն շատ կարևոր է դերասանի համար։ Ամեն անգամ վերընթերցելիս նոր բաներ եմ նկատում, որոնք ինձ օգնում են կերպարներ կերտելու և խաղի ժամանակ։

– Նախընտրո՞ւմ եք արտասահմանյան, թե հայկական գրականություն:

– Իհարկե, սիրում եմ արտասահմանյան գրականությունը, բայց նախևառաջ ուսումնասիրել եմ հայկականը. չեմ կարող առանց մերը իմանալու անցնեմ արտասահմանյան գրականությանը։

life.panorama.am



Նման նյութեր