Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Երեկ ընկերներս ինձ տարբեր հղումներ էին ուղարկում նույն տեքստով հոդվածի, որում մի շատ մտահոգ Անանուն գտել էր մի որոշում, որից բխեցրել եւ «մտոհոգվել» էր, թե արդյոք ադրբեջանական գերության մեջ ընկած հայաստանցի Կարեն Պետրոսյանի գործով Ադրբեջանը խուսափել է պատասխանատվությունից այն պատճառով, որ ես չեմ պատասխանել ՄԻԵԴ հարցմանը:
Ընկերներիս խորհուրդը ստանալով այդ կայքերի ստվերային պատկանելության մասին որոշեցի չարձագանքել: Բայց այսօր նկատի ունենալով, որ հարցն իսկապես կարեւոր է թվալ ընթերցողներիս եւ ինձ անձնական նամակներով այդ նույն տեքստը տարբեր պնդուկ.am կայքերում վերատպվում էին իսկապես կարեւոր խնդիր լինելու տպավորություն ստեղծելով, պարզաբանեմ:
Կարեն Պետրոսյանի գործը ոչ միայն ցուցակներից հեռացված չէ այս պահին ՄԻԵԴ-ում, այլ ավելին: Այն քննվել է ամենայն մանրամասներով եւ Դատարանի կողմից թվարկած բազմաթիվ հարցերի շրջանակներում:
Այս գործով վեր են հանվել մի քանի հանգամանքներ, որոնք հնարավոր է բեկումնային նշանակություն ունենան Ադրբեջանի տարածքում գերեվարված հայերին կամ հայաստանցիների նկատմամբ խոշտանգումների եւ անմարկային վերաբերմունքի, սիկ ոմանց մասով նաեւ սպանությունների հանգամանքների կապակցությամբ խտրական մոտեցման կանխավարկածի ձեւավորման համար:
Այս գործով առհասարակ առաջին անգամ վեր է հանվել եւ քննարկվում է Ադրբեջանի իշխանությունների կողմից գերեվարված հայաստանցիների նկատմամբ «ծիսական սպանությունների» իրողությունը: Հուսով եմ ի վերջո միջազգային դատավորներն այս ակնբախ իրողությունը կարձանագրեն իրենց ակտերում, որպես հայատյացության ծայրահեղ դրսեւորում:
Սույն գործով քննարկվում է նաեւ Հեյդար Ալիեւի զինակից եւ մերձավոր բարձրաստիճան զինվորական, գեներալ Ռովշան Աքբարովի մասնակցությունը Կարենի սպանությանը, որի հանգամանքները ըստ փորձագետների բացահայտած մանրամասների այնքան սահմռկեցուցիչ են, որ այսքանով կսահմանափակվեմ:
Իսկ գործն այս փուլում սպասում է վճռին, քանի որ երկու հակառակորդ կողմերը եւ Հայաստանի կառավարությունը մեկ ամիս առաջվա դրությամբ արդեն ավարտել էին դիրքորոշումների փոխանակումը:
Այս գործով իրենց ծանրակշիռ եւ առաջատար մասնակցությունն են ունեցել դիմողի ներկայացուցիչներ պարոն Արտակ Զեյնալյանը (նախարարի պարտականությունների ստանձնմամբ ներկայացուցչությունը դադարեցրել է), տիկին Լարիսա Ալավերդյանը եւ տիկին Քրիստինա Գեւորգյանը եւ մեզ հետազոտությունների հարցում մեծ օգնություն ցուցաբերած պարոն Էմիլ Սահակյանը, ինչի համար ես նրանց բոլորին շնորհակալ եմ:
Հ. Գ. Ինչ վերաբերում է դրված հղումին, ապա այդ որոշման մեջ նշված գործն իսկապես վերաբերում է կրկին Կարենի գործին, սակայն միայն նրա դիակի վերադարձի ուշացման առնչությամբ ՄԻԵԿ 3 (խոշտանգումների արգելք) եւ 8 (անձնական կյանքի նկատմամբ հարգանք) կապակցությամբ ներկայացված միջանկյալ միջնորդության քննությանը: Այս որոշման մեջ նշված կոմունիկացիան անհասկանալի պատճառով Դատարանի քարտուղարության կողմից ուղղվել էր մի մեկ այլ հասցեի, որտեղ ես այն ստանալ չէի կարող եւ հատուկ զգուշացրել էի նախօրոք չանել: Այս կապակցությամբ բացատրություններն ընդունվել են Դատարանի կողմից հիմնական գործի շրջանակներում, որի հղումը քոմենթում կդնեմ: Ամեն դեպքում այդ որոշումն այեւս որեւէ ազդեցություն չունի այս գործի վրա:
Հ.Հ.Գ. Չեմ կարող գնահատել, թե վերջին օրերին հրապարակված գնացուցակով ինչ կարժենար այդ «հոդվածը», բայց արդյոք դրա հեղինակ պարոն/տիկին Անանունը մտածել էր, թե այն կարդալով ինչ կարող էին զգալ այս գործով վճռին սպասող Կարենի հարազատները»: