Մարդու մտավոր զարգաման հարցում մեծ նշանակություն ունի ընթերցանությունը. Գոռ Համբարձումյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Մարդու մտավոր զարգաման հարցում մեծ նշանակություն ունի ընթերցանությունը. Գոռ Համբարձումյան. life.panorama.am

Life.panorama.am-ի զրուցակիցն է դերասան Գոռ Համբարձումյանը: Նրա հետ վիրտուալ տիրույթից տեղափոխվել ենք գրքերի աշխարհ, ու պարզել, թե գրական ի՞նչ ժանր է նախընտրում, ո՞ր ստեղծագործությունն է հաճախ ընթերցում և ի՞նչ գիրք է այժմ դրված նրա սեղանին:

– Առաջին գիրքը, որ կմտաբերեք և որը մեծ հետք է թողել ձեր կյանքում:

– Անկեղծ կլինեմ և կասեմ, որ այդքան էլ գրքասեր մարդ չեմ: Հիշում եմ՝ համալսարանական տարիներին կարդացել եմ միայն ընդունելության ցանկը՝ Վիլյամ Շեքսպիր, Մոլիեր, Անտոն Չեխով, Մաքսիմ Գորկի, Յոհան Ֆրիդրիխ Շիլլեր (սիրում էի «Ավազակներ» ստեղծագործությունը): Նշեմ նաև, որ փոշմանում եմ կորցրածս տարիների համար, որոնք բարենպաստ չեմ օգտագործել: Տարիների ընթացքում կարդացածս ամեն մի գիրք գնահատանքի է արժանացել: Բոլորովին վերջերս կարդացի Էդգար Կոստանդյանի «Որբանոց» գիրքը, որում կան բաց տեսարաններով հատվածներ և ոչ նորմատիվ բառապաշար: Ստեղծագործության հիմքում շատ մեծ գաղափար կա:  Ինձ համար կոնկրետ մեծ նշանակություն ունի գաղափարը, բոլորովին կապ չունի, թե ստեղծագործությունը ինչ ժանրի է, եթե հետաքրքրեց՝ անպայման կկարդամ: Բոլորին խորհուրդ եմ տալիս գոնե մեկ անգամ ընթերցել տվյալ ստեղծագործությունը:

–  Հերոս, ում ինքներդ Ձեզ եք նմանեցնում:

– Ներկայումս չեմ ցանկանում նմանվել որևէ գրական հերոսի: Երբևիցե չեմ ունեցել կուռքեր և նմանատիպ բաներ: Տեսակով լինելով բռնկվող անձնավորություն, ով միշտ պայքարում է ազատության և անկեղծության համար, ինքս ինձ նմանեցրել եմ «Խելքից պատուհաս» պիեսի հերոս Չացկիին: Իսկ հետո եկավ ժամանակ, երբ ինձ նմանեցնում էի «Երիտասարդ Վերթերի տառապանքները» ստեղծագործության հերոսին: Երբեք այնպիսի դեպք չի եղել, որ կարդամ որևէ գիրք և հերոսներից մեկի հետ գոնե մեկ նմանություն չգտնեմ: Գուցե հենց գրքերի միջոցով եմ բացահայտում բնավորության շատ գծեր, որոնք քնած են իմ մեջ:

–  Գրական, ո՞ր ժանրն եք առավել նախընտրում:

– Թե ֆիլմում և թե գրականության մեջ՝ տրագիկ կոմեդիա և դետեկտիվ:

– Այս պահին, ո՞ր գիրքն է դրված Ձեր սեղանին:

– Սիրելիս՝ Մարիամն, իր հետ մի քանի գիրք է բերել գրադարանից, որոնք դրված են պահարանիս վրա, բոլորովին այլ ժանրեր են: Ներկայումս, սակայն, հանգիստս եմ վայելում և դեռ այդքան էլ ժամանակ չեմ ունեցել վերջացնելու ինձ հանձնարարված ցանկը, ռուսերենով եմ ընթերցում: Պետք է ավարտին հասցնեմ Ֆրեդերիկ Բեհբեդերի «Սերն ապրում է երեք տարի» ստեղծագործությունը: Անկեղծ ասած՝ որքան էլ, որ Մարիամի համար սա շատ լավ գործ է, բայց ես չեմ հավանել այն: 2-րդ գիրքը Դեյլ Քարնեգիի «Ինչպես ձեռք բերել բարեկամներ և ազդեցություն ունենալ մարդկանց վրա»-ն է, իսկ 3-ը՝ Պաուլո Կոելյոյի «11 րոպե» սիրավեպն է, որն ինձ շատ է դուր գալիս:

– Նախընտրո՞ւմ եք արտասահմանյան, թե հայկական գրականություն:

– Արտասահմանյան: Մայրս ուսուցչուհի է, դեռ մանկուց ինձ պարտադրել է կարդալ, սակայն, լինելով չարաճճի երեխա, չեմ ցանկացել ընթերցանությամբ զբաղվել: Բայց, ինչպես բոլոր ծնողները, այնպես էլ մայրս կարողանում էր հասնել իր ուզածին՝ կոնֆետի կամ բակ իջնելու թույլտվության դիմաց: Կարդում էի  Հանս Քրիստիան Անդերսեն, Գրիմ եղբայրներ, Պուշկին, Շառլ Պերրո: Այս անուններից արդեն իսկ կարելի է հասկանալ, որ արտասահմանյան գրականության հանդեպ սերս դեռ մանկուց է եկել: Իհարկե, սրա հետ մեկտեղ, հայ գրականությունն անտեսել չէի կարող. Հովհաննես Թումանյան, Ղազարոս Աղայան, առակների մասին էլ չեմ խոսում, մինչ այսօր գրեթե բոլորն անգիր հիշում եմ: Իսկ ինչ վերաբերում է արտասահմանյան գրականությանը, ապա գրողներից ամենից շատ սիրում եմ Թեոդոր Դրայզերին: Գուցե փոքր ինչ կոպիտ հնչի, բայց պարզապես «ուտում» էի նրա գրքերը՝ «Քույր քերրի», «Ջեննի Գերհարդ», «Հանճարը», «Ամերիկյան ողբերգություն» և այլն:

– Գրքերի ազդեցությունը մարդու վրա շա՞տ մեծ է:

– Ինչ խոսք, մարդու մտավոր զարգաման հարցում մեծ նշանակություն ունի ընթերցանությունը: Ինքս այս փաստն ուշ հասկացա, բայց կարևորն այն է, որ լրացնում եմ իմ բաց թողածը: Ես և Մարիամն ինքներս մեզ խոսք ենք տվել ամառային հանգստից հետո սկսել կարդալ Բերնար Վերբերի գրքերի շարքը: Ինչպես ասում է Մարիամը, «դրանք լրիվ ուրիշ գործեր են»: Վերջին շրջանում մի փոքր ալարկոտ եմ դարձել, բայց, միևնույնն է, խոսք եմ տվել՝ պետք է կատարեմ:

life.panorama.am



Նման նյութեր