Չափազանց շոգ եղանակը կարող է ազդել մարդկանց ինքնազգացողության վրա և տարատեսակ առողջական խնդիրների պատճառ դառնալ: Հատկապես սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողները երբեմն խիստ անհանգստանում և տագնապում են, երբ եղանակը կտրուկ տաքանում է: Իսկ որպեսզի խուսափել նման տհաճ երևույթներից, ինչպես նաև առողջ ապրելակերպ վարել, հարկավոր է հետևել բժիշկների խորհուրդներին: Չափազանց շոգ եղանակի պատճառով առողջական խնդիրներ չունենալու մասին Life.panorama.am-ը լսել է «Նորք-Մարաշ» Բժշկական Կենտրոնի առիթմիոլոգիական ծառայության ղեկավար, մանկական և մեծահասակների սրտաբան Տաթևիկ Հովակիմյանի մասնագիտական խորհուրդները:
«Ինչպես հայտնի է, շոգ եղանակին մարդիկ շատ են կորցնում օրգանիզմի հեղուկը, որի հետևանքով էլ մեծանում է ջրազրկվելու հավանականությունը: Սա կարող է լինել և առողջ, և ինչ-ինչ առողջական խնդիրներ ունեցող մարդկանց հետ: Սակայն որոշակի ռիսկային խմբեր կան, որոնք ավելի զգույշ պետք է լինեն հնարավոր ջրազրկման պրոցեսից, որովհետև իրենց մոտ դա ավելի մեծ տեմպով է տեղի ունենում, քան միջին տարիքի կամ առողջ մարդու մոտ: Դա առաջին հերթին վերաբերում է երեխաներին, հատկապես փոքր տարիքի՝ կրծքով կերակրվող: Խորհուրդ է տրվում հնարավորինս շատ որևէ տեսքով հեղուկ օգտագործել, որպեսզի ջրազրկման ռիսկը մինիմումի հասցնել, քանի որ երեխաների մոտ ջրազրկումն ավելի շատ է հավանական, քան՝ մեծերի մոտ»,- նշեց բժիշկը:
Նա նկատեց, որ դրա հետևանքով կարող է լինել ճնշման անկում, թուլություն, ընդհուպ գիտակցության կորուստ:
«Հաջորդ կարևոր խումբը հղիներն են, նրանց խորհուրդ է տրվում առավելագույնս շատացնել օրվա ընթացքում ընդունած հեղուկների քանակը՝ հասցնելով մոտ 3 լիտրի, նույնիսկ ավելի: Նույնը վերաբերում է նաև ծերերին և առողջական խնդիրներ ունեցող մարդկանց, ում մոտ կարող է ջրազրկումը բերել վտանգավոր հետևանքների, այսինքն՝ իրենց մոտ առկա խնդրի ավելի սրացման»,- հավելեց Տ. Հովակիմյանը:
Մյուս կարևոր հանգամանքը, որի մասին մատնանշեց մասնագետը, դա ընդունած սննդի որակն է, այսինքն՝ խորհուրդ է տրվում ընդունել միայն տվյալ օրը պատրաստած կերակուր, կարևոր է ընդունել թարմ մրգեր, բանջարեղեն, պետք է հնարավորինս խուսափել մսից, պահածոյացված սննդամթերից, որոնք իրենցից ներկայացնում են աղիքային ինֆեկցիաների առաջացման բարձր ռիսկ:
Ինչ վերաբերում է սիրտ-անոթային հիվանդություններ ունեցողներին, ապա այս դեպքում կան խմբեր, որոնց հակացուցված է շատ քանակի հեղուկներ ընդունելը, որովհետև դա կարող է սրտի համար ծանրաբեռնվածություն առաջացնել: Նրանց, օրինակ, պարզապես չի թույլատրվում օրական 3 լիտր ջուր խմել, դրա համար այս խմբին խորհուրդ է տրվում ստվերում մնալ, քիչ քանակությամբ՝ թույլատրելիի սահմաններում հաճախակի հեղուկներ ընդունել:
Բժշկի փոխանցմամբ՝ արևի ճառագայթների տակ գտնվելու պարագայում խիստ անհրաժեշտ է ձեռքի տակ ունենալ ջուր, կիրառել արևապաշտպան քսուքներ, որոնք կպաշտպանեն արևի վնասակար ճառագայթներից, ինչը կարող է քաղցկեղածին լինել որոշ իրավիճակներում կամ բարձրացնել մաշկային քաղցկեղի հավանականությունը:
Հարցին, թե արդյոք ճիշտ է այն կարծիքը, թե սիրտ-անոթային հիվանդությունները ամռանը էլ ավելի են սրվում, սրտաբանը պատասխանեց.
«Իրականությանը չի համապատասխանում այն թյուր կարծիքը, թե շոգից հնարավոր է՝ ինֆարկտները և ինսուլտներն ավելանան: Հակառակը շատ շոգ եղանակին նկատվում է ճնշման անկում, ավելի լավ է վերահսկվում զարկերակային ճնշումը, և սովորաբար ամռան ամիսներին սիրտ-անոթային խնդիրներ ունեցող հիվանդներն իրենց լավ են զգում»:
Մասնագետի խոսքով՝ թեև սրտամկանի ինֆարկտներ նկատվում են տարվա բոլոր եղանակներին, բայց ընդհանուր տենդենց կա, որ դրանք շատանում են ուշ աշնանը կամ ձմռանը: Դրա պատճառն այն է, որ եղանակի ցրտելուն զուգահեռ շատանում են զարկերակային ճնշման էպիզոդները՝ հիպերտոնիաները, ինչը հանգեցնում է սպազմի և սրտամկանի ինֆարկտի: