Ազգագրագետ Հրանուշ Խառատյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Գյուղերում և փոքր քաղաքներում կյանքը շատ տխուր է
Հայաստանի գյուղերում հետազոտություններ ենք անում, նյութեր ենք գրանցում նաև ընթացիկ կյանքի մասին: Համոզված կարելի է ասել, որ մեր հանրային կյանքում զվարճությունն ու ուրախությունը չքացել է: Բացի այն, որ ընտանեկան նվազագույն բյուջեն հավաքելու հարցը շարունակում է օրախնդիր մնալ (երկար տարիներ մեզ «համոզել» են, որ մարդիկ ծույլ են, չեն ուզում աշխատել, բայց որերոդ անգամ համոզվում ենք, որ քիչ թե շատ ապրանքային հեռանկարով աշխատանքը շատերի համար արդյունավետ չի, գյուղմթերքը Հայաստանի ներսում իրացման շուկա չունի, դուրս տանելու դժվարություններն օբյեկտիվորեն շատ են՝ փակ սահմաններ, վատ ճանապարհներ, վերամշակող արտադրությունների սակավություն ևլն, արդյունքում ծախսերը երբեմն գերազանցում են եկամուտները), բացակայում է գյուղական և փոքր քաղաքների հասարկական և մշակութային կյանքը, բնակչության միակ շահագրգիռ հետաքրքրությունը կենտրոնացած է տարբեր մակարդակների ընտրությունների /տեղական ինքնակառավարման, ԱԺ, նախագահական/ վրա և գերկուսակցականացված է: Արդյունքում՝ բնակչությունը, սոցիալականից զատ, բաժանված է հակոտնյա կուսակցակլան, գյուղերում՝ փաստացի գերդաստանային շահերի և սեգմենտների:
Մարդիկ երանությամբ են հիշում միակուսակցական խորհրդային անցյալը, երբ տեղական մշակութային տները համերգներ, թատերական խմբեր էր հրավիրում, կամ՝ վերջիններս պլանային այցելություններ էին կատարում, տեղական թատերական և երգի-պարի ինքնագործ խմբեր ունեին, և նույնիսկ պարբերական տոներ:
Երանությամբ են հիշում նույնիսկ խորհրդային «ընտրությունների»՛ ձևը՝ բարձր երաժշտությամբ, տոնական հագուստով և տոնական մթնոլրտով: Այսօրվա տոնահանդեսի մշակույթը սկսվում և ավարտվում է պաշտոնական միջոցառումներով, ըստ էության՝ հոգուն և մտքին ոչինչ չտվող ճառերով, որոնց ներկա են լինում գլխավորապես «ի պաշտոնե» կուսակցական կամ վարչական ակտիվը: Համատեղ զվարճանքի և որախ հուզականության պակասը ուղղակի «սպանում է», մարդկանց կյանքը վեր ածելով աշխատանքի կամ էժանագին սուրճի շուրջ դժգոհ զրույցների անընդհատության, փոքր խանութներին պարտքերի և բանկային վարկային պարտքերի, խոպանում գտնվող հարազատների կարոտի տառապալի քննարկումների, չիրականացվող ուրախության սպասումի և փակ տարածքներում հեռուստասերիալներով իրենց առօրյա տխրությունը փարատելու հարկադրված ծեսի:
Համայնքային կյանքի կայացման կարևոր գրավականներից մեկը պարբերական համատեղ ուրախ հուզականությունն է, որի կազմակերպումը, հավանաբար, Մշակույթի և գուցե նաև Տարածքային կառավարման նախարարությունների պատասխանատվությունն է, մինչև դրանք կդառնան իներցիական»:
Գյուղերում և փոքր քաղաքներում կյանքը շատ տխուր է Հայաստանի գյուղերում հետազոտություններ ենք անում, նյութեր ենք…
Gepostet von Hranush Kharatyan am Samstag, 25. August 2018