Կարևոր է, որ վարչապետ Փաշինյանը վերադարձավ դեպի սահմանադրական ճշմարտությունների տիրույթ. hraparak.am
Advertisement 1000 x 90

Կարևոր է, որ վարչապետ Փաշինյանը վերադարձավ դեպի սահմանադրական ճշմարտությունների տիրույթ. hraparak.am

Հարցազրույց ՀՀ ԱԺ փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արփինե Հովհաննիսյանի հետ։

Ինչի՞ մասին է վկայում ԲաբլոյանՓաշինյան հանդիպումը, ՀՀԿն պատրա՞ստ է, արդյոք, գնալ սահմանադրական փոփոխությունների և ի՞նչ ճանապարհով։ Եվ ո՞րն է հանրաքվե անցկացնելու նպատակը, եթե վարչապետն առաջարկում է 200 հազար քաղաքացու ստորագրությամբ անցկացնել։

-Բաբլոյան-Փաշինյան հանդիպման նախաձեռնությունն Ազգային ժողովի նախագահինն է եղել` հաշվի առնելով վերջին հանրահավաքում վարչապետի հնչեցրած մի շարք մտքեր, որոնք, ըստ էության, առաջացրել էին մտահոգություններ ոչ միայն պարոն Բաբլոյանի, այլև, կարծում եմ, առհասարակ, հանրության շրջանում, քանի որ այդ ելույթով նախանշվել էր այն վտանգավոր մոտեցումը, որը որդեգրել էր վարչապետը` իշխանության տարբեր թևերի բնականոն գործունեության, իշխանությունների տարանջատման, իշխանության մեկ ճյուղի կողմից իշխանության մեկ այլ ճյուղի հանդեպ ճնշում չգործադրելու սկզբունքների նկատմամբ։ Կարծում եմ՝ այս հանդիպումն իր ձևաչափի մեջ պետք է դրական գնահատել այն առումով, որ, չնայած ներքաղաքական հակասություններին, օրենսդիր և գործադիր իշխանությունների ղեկավարները հանդիպում են և որոշակի արձանագրումներ անում։ Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխությունների ճանապարհով գնալուն և 200 հազար ստորագրությամբ հանրաքվե անցկացնելուն, պետք է նկատի ունենալ այն հանգամանքը, որ, անկախ նրանից, թե ինչպես կանցկացվեն սահմանադրական փոփոխությունները, Ազգային ժողովը շրջանցել հնարավոր չէ։ Խորհրդարանն ամեն պարագայում պետք է քվեարկի նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ որոշումը։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե արդյոք պատրա՞ստ է ՀՀԿ-ն, թե ոչ, ապա պետք է նշեմ, որ այդպիսի քննարկում չենք ունեցել, որովհետև առաջին անգամ այդպիսի օրակարգի մասին լսել ենք հանրահավաքի ժամանակ, որին հաջորդել է երկրորդ հայտարարությունը, թե դա ընդամենը ճանապարհներից մեկն է։ Երբ կլինի հստակ օրակարգ, հստակ նախագիծ կամ նախաձեռնություն, այդ ժամանակ կհայտնենք մեր դիրքորոշումը։

Ինչո՞ւ են այդ հանդիպման արդյունքում հրապարակված հաղորդագրության մեջ արձանագրվել այնպիսի կետեր, ինչպիսիք են դատական համակարգի անկախության կամ խոսքի ազատության իրավունքի մասին սահմանադրական ճշմարտությունները։ Ո՞րն էր այդ հանդիպման իրական մեխը։

-Հանդիպմանն ամրագրվել են այնպիսի դրույթներ, որոնք տրիվյալ ճշմարտություն են՝ խոսքի ազատություն, դատական իշխանության անկախություն։ Թվում է՝ խոսքը հանրահայտ և անվիճելի իրողությունների մասին է, բայց մենք հասել էինք այնպիսի սահմանակետի, որ այդ իրողություններն արդեն պետք էր փաստել երկրի վարչապետի մակարդակով։ Այս առումով կարևոր է, որ վարչապետն օգոստոսի 17-ի հանրահավաքի իր հայտնի ձևակերպումներից հետո, գոնե այս պահին վերադարձավ դեպի սահմանադրական ճշմարտությունների տիրույթ։

Ի՞նչ վերաբերմունք ունի ՀՀԿն անցումային արդարադատության ստեղծման՝ վարչապետի առաջարկի վերաբերյալ, որքանո՞վ է այսօր այն անհրաժեշտ, և, առհասարակ, միջազգային պրակտիկայում ո՞ր դեպքերում է անցումային արդարադատություն իրականացվում։

-Հանրահավաքում անցումային արդարադատության մասին հնչեցրած միտքը հաջորդում էր կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարչապետի դիտարկումներին։ Սա թերևս հիմք է տալիս ենթադրելու, որ վարչապետն անցումային արդարադատությունը պատրաստվում է իրականացնել տնտեսական կամ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար կամ ավելի կոնկրետ ապօրինի հարստացման համար քրեական պատասխանատվությանը հետադարձ ուժ տալու նպատակով։ Հիմնական թեզն այն էր, որ քանի որ այլ հանցագործությունների շրջանակում հնարավոր չէ բացահայտել, իր կարծիքով, նախորդող ժամանակաշրջանում տեղի ունեցած ապօրինի հարստացումները, պետք է օգտագործել մի այնպիսի նոր գործիքակազմ, որը կտա այդ հնարավորությունը (անցումային արդարադատությունը):

Ինչ վերաբերում է այն հարցին, թե որքանով է այս թեզը տարածված միջազգային պրակտիկայում, և արդյոք այն իրավակա՞ն է, ապա ասեմ, որ հիմնական միտումն այն է, որ անցումային արդարադատությունը կիրառվում է մարդու իրավունքների զանգվածային և կոպիտ խախտումների դեպքում, և այն, ըստ էության, նպատակ է հետապնդում հասարակության հաշտեցման կամ ճշմարտության վերհանման։ Ընդ որում, այն չի դիտարկվում որպես դատարաններին փոխարինող գործիք։ Սակայն չպետք է մոռանալ մի կարևոր իրողություն․ ինչքան էլ այս կամ այն ինստիտուտը կիրառելի լինի այլ երկրներում, նախատեսվող լուծումները չպետք է հակասեն քո երկրի Սահմանադրությանը և միջազգային պարտավորություններին։ Օրենքի հետադարձ ուժի արգելումը ոչ միայն ամրագրված է մեր Սահմանադրությամբ, այլ նաև մեր միջազգային պարտավորությունների մի մասն է։

Բացի այդ, կարծում եմ, որ առհասարակ անցումային արդարադատության կիրառման հարցը լուրջ ուսումնասիրությունների կարիք ունի։ Որևէ պետությունում այն իրականացնելուց առաջ պետք է պատասխանել մի շարք հարցերի, հետո միայն առաջ շարժվել. օրինակ՝ ներդրումներ ներգրավելու և մի շարք այլ նպատակները պե՞տք է ստորադասվեն անցումային արդարադատություն իրականացնելու նպատակին, թե՞ ոչ։ Պետք է ոչ միայն ճանաչողական նպատակներով ուսումնասիրել այլ երկրների փորձը, պատմությունը, այլ նախևառաջ պարզել, թե ինչ հաջողություններ են այդ երկրներն արձանագրել, արդյոք անցումային արդարադատությունից հետո այդ երկրների մասին կարելի՞ է խոսել որպես իրավական պետության էտալոնների, արդյոք արձանագրվե՞լ են այնպիսի հաջողություններ (այդ թվում` տնտեսական), որի համար արժեր անցնել այդքան բարդ ու հակասական ճանապարհը։ Ի վերջո՝ ո՞րն է այն գինը, որ պետությունը պետք է վճարի անցումային արդարադատության համար։ Այս հարցերի պատասխանն է, որ ցանկալի է ունենա կառավարությունը` մինչև քաղաքական այդպիսի որոշում կայացնելը:

ՀՀԿն սուր քննադատության ենթարկեց վարչապետի ելույթը, որը համարում է խոսքի ազատության ոտնահարում։ Կասե՞ք՝ ինչո՞վ է ոտնահարվում ձեր՝ որպես քաղաքական ուժի, ազատ արտահայտման իրավունքը։

-Իրականում խնդիրը ոչ թե կոնկրետ պահի քաղաքական ուժի խոսքի ազատության իրավունքի ոտնահարումն էր, այլ, առհասարակ` ինքնին միտքը, որ վարչապետի մակարդակով հնչեցվում է կոչ՝ նախ մտածելու, հետո խոսելու, հետո՝ սպառնալիք Ազգային անվտանգության ծառայությամբ այլախոհների նկատմամբ: Բայց չէ՞ որ դա նրանց բոլորի իրավունքն է՝ հայտնել ցանկացած միտք, ցանկացած թեմայի շուրջ խոսել, քննադատել ամենասուր ձևով, իհարկե, եթե դա վիրավորանք, զրպարտություն չէ կամ ատելության, թշնամանքի, բռնության կոչ, կամ էլ Սահմանադրությամբ ամրագրված այլ սահմանափակում պարունակող խոսք։ Մնացած բոլոր դեպքերում խոսքի ազատության իրավունքը սկզբունքորեն անսահմանափակ իրավունք է

Վարչապետի ելույթում քննադատության արժանացավ նաև այն, որ նա իր հայտարարություններով ճնշում էր գործադրում դատական համակարգի վրա։ Ի վերջո, արդյոք այսօր կա՞ ճնշում դատական համակարգի վրա, այն դեպքում, երբ վարչապետն ասում է, որ որևէ զանգ այլևս չի լինելու դատավորներին, հատկապես, որ նույն «մեղքի» մեջ մեղադրում էին նաև ձեզ, երբ իշխանություն էիք։

-Իրականում կարծում եմ՝ առհասարակ այն մթնոլորտը, որ ստեղծվել է դատական իշխանության շուրջ, ինքնին շատ վտանգավոր է: Ես նաև արդարադատության նախարար եղած ժամանակ չեմ խորշել բարձրաձայնել դատական իշխանության գործունեության, նույնիսկ Արդարադատության խորհրդի այս կամ այն գործելաոճի և արդարադատության իրականացման ոլորտում խնդիրների վերաբերյալ իմ մտահոգությունները։ Այնպես չէ, որ արձանագրել ենք, որ մենք միշտ ունեցել ենք հրաշալի իրավիճակ, և, ահավասիկ, հիմա իրավիճակը կտրուկ գահավիժում է: Այժմ ամբողջ խնդիրն այն է, որ կապված գործերի հնչեղության հետ՝ դատական համակարգի անկախությունը դարձել է հատկապես զգայուն: Հարուցված այս գործերի համատեքստում անչափ կարևոր է, որ դատավորն իր վրա չզգա որևէ արտաքին ճնշում, մինչդեռ վարչապետի՝ «խելքներդ գլուխներդ հավաքեք» կամ այլ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից դատավորի կայացրած ակտի անօրինական լինելու մասին պնդումները, այն լուտանքները, որոնք թափվում են դատավորի գլխին, սրանք ճնշումներ են դատավորների նկատմամբ։

Եթե նույնիսկ ձևական առումով զանգ չի հնչում դատավորներին, միևնույն է, դատավորին դրդում են իրականացնելու այն արդարադատությունը, որն ակնկալվում է օրվա իշխանությունների կողմից և վայել կլինի նրանց քիմքին: Սա է հիմնականում այն մտահոգությունը, մտավախությունը, որը պատճառ դարձավ, որ նման միտք հնչեցվի:

Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ իր հրաժարականի դեպքում ԱԺն՝ ի դեմս ՀՀԿի, այլ վարչապետ կընտրի, դրա համար է ուզում փոխել Սահմանադրությունը: Հնարավո՞ր է նման բան, և ինչի՞ց է գալիս այդ մտավախությունը:

-Ես հուսով եմ, որ վարչապետ Փաշինյանն իր ներսում եղած մտավախությունների պատճառով չի ուզում ձևափոխել Սահմանադրությունը և այն հարմարեցնել իր մտավախությունների հնարավոր փարատմանը: Իսկ ինչ վերաբերում է նրա մտավախություններին, ես չեմ կարող դրանք ո՛չ հաստատել և ո՛չ էլ փարատել, որովհետև դա մի քննարկում է, որը սկսվում է «եթե»-ով: Իսկ եթե քննարկումը սկսվում է «եթե»-ով և իր մեջ պարունակում է իմպլիկատիվ դատողություններ, ընդ որում, «ապա»-ի պատասխանն էլ (ապա ինչ կլինի), կախված է ոչ թե ինձնից, այլ մի ամբողջ քաղաքական ուժից, թերևս այս հարցին պատասխանելն անշնորհակալ գործ է: Ինչ վերաբերում է սահմանադրական փոփոխություններին, ապա այդ խնդրին անդրադարձել եմ Ձեր առաջին հարցի շրջանակում:

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ

hraparak.am



Նման նյութեր