«Բոլորս էլ գիտենք, թե ինչ լուրջ ու ինչ զգայուն խնդիր է գերեզմանների խնդիրը ոչ միայն Երևանի, այլ նաև ողջ Հայաստանի համար՝ հսկայական հողակտորներ են ներգրավվում գերեզմանատների տարածքն ընդլայնելու համար և երկիրը կոպիտ ասած գերեզմանապատվում է գնալով։
Մի կողմից կյանքից հեռացած հարազատի հանդեպ հարգանքի տուրք մատուցելու պարտավորությունը, մյուս կողմից ավանդույթն ու բուռն ծաղկում ապրող գերեզմանաշինության բիզնեսը դրդում են, որ գերեզմանները լինեն մեծ, պարսպապատ, մոնումենտալ, որոշ դեպքերում անգամ դամբարանային ծավալների։
Դիակիզումն իբրև հուղարկավորության ձև, իբրև այս ամենին հակակշիռ անշուշտ խիստ ծայրահեղական լուծում է, ավանդույթը մի բան է, որ կտրուկ շրջադարձերով չի փոփոխվում։
Միգուցե միջանկյալ լուծում կարող է հանդիսանալ այս նկարներում պատկերված գերեզմանատան մոդելը։
Նկարված է Իսպանական փոքրիկ քաղաքում, լիովին պարսպապատ, փոքրիկ ճեմուղիներով բազմահարկ (քիչ էր մնում գրեմ բազմաբնակարան) այս գերեզմանները երևի մի 10 անգամ ավելի քիչ տեղ են զբաղեցնում ու մի ողջ մեծ ընտանիք կարող է իրար կից հանգչել խաղաղությամբ։
Այս գերեզմանի ներքին խաղաղությունն ու գողտրիկությունը էնքան շատ էր, որ մի տեսակ մեռնելն էդքան սարսափելի չէր թվում)) Չէ, երկար կյանք բոլորիս, բայց, եկեք մտածենք, ոնց այդ կյանքն ավելի խելամիտ դարձնել»: