ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հայտարարությունը, ըստ որի՝ երգիչ-երգչուհիները պետք է անցնեն հարկային դաշտ և կորպորատիվ միջոցառումներին ելույթ ունենալու դիմաց ստացած գումարից որոշակի հարկեր վճարեն, բուռն քննարկումներ է առաջացրել մշակույթի ոլորտում:
Life.panorama.am-ը թեմայի շուրջ խոսել է Աննա Խաչատրյանի հետ ու ծանոթացել Դ. Անանյանի հայտարարության վերաբերյալ երգչուհու տեսակետներին:
«Այն, որ ցանկացած մարդ, ով աշխատում է, պետք է հարկվի, դա շատ նորմալ երևույթ է, բայց թե մեր պարագայում դա ինչ մեխանիզմներով պետք է արվի ու ոնց հսկվի՝ ես դա հիմա լավ չեմ պատկերացնում: Շոու բիզնեսն, առհասարակ, անվերահսկելի դաշտ է: Եթե մենք պետական միջոցառման ժամանակ ենք երգում, ապա մենք միշտ էլ հարկ ենք վճարել ստացված գումարից, բայց երբ գնում ենք հարսանիքի կամ մեկ այլ փակ միջոցառման երգելու, դա արդեն այլ կերպ է արվում: Շատ փակ միջոցառումներին ես կարող եմ, օրինակ, որպես հրավիրված հյուր լինել ու տվյալ պահին որոշել նաև երգել, բայց դրա դիմաց գումար չվերցնել, զուգահեռաբար ինձ հետ միասին երկու այլ երգիչ կարող են հրավիրված լինել որպես վճարվող երգիչ, ապա այս դեպքում ո՞վ կարող է ապացուցել, որ ես որպես հյուր եմ երգել, իսկ նրանք վճարվել են: Մի խոսքով՝ սա աբսուրդի հասնող հայտարարություն է, որը թող իրականություն դարձնեն, եթե կկարողանան կանոնակարգել ու վերահսկել ոլորտը»,- նշեց նա:
Հարցին, Աննա Խաչատրյանը պատրա՞ստ է կորպորատիվ միջոցառումներին երգելուց ու դրա դիմաց վճարվելուց հետո ստացված գումարից հարկ վճարել, երգչուհին ժպտաց ու նշեց.
«Սա աբսուրդ է: Լավ, համարենք փակ կորպորտաիվ միջոցառումների ժամանակ ամեն երգիչ կոնկրետ գումար է ստանում, բա այն դեպքում, երբ տվյալ ռեստորանը չի փակվում և ասենք նույն վայրում ծնունդ է, կնունք ու նշանադրություն, էս դեպքում երգիչը պայմանավորված եկամուտ չունի և մնում է շաբաշի հույսին, ապա այդ ժամանակ ինչպե՞ս ենք հասկանալու, թե երգիչը ոնց պետք է հարկվի: Գիտեք, այս պետության մեջ այնքան չլուծված խնդիրներ կան, որ ընկնել երգիչների երկու կոպեկների հետևից, ուղղակի սխալ է, մանավանդ հիմա, երբ երգիչները հիմնականում ծանոթների միջոցառումներին են հրավիրվում երգելու և հատուկենտ մարդիկ են այսօր գումարով երգում»:
Աննան անդրադարձավ նաև այն խնդրին, որ ոլորտը հարկային դաշտ տեղափոխելիս պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ նույն միջոցառման ժամանակ տարբեր երգիչներ տարբեր չափի գումարի դիմաց են ելույթ ունենում, հետևաբար ամեն երգիչ իր ստացած գումարի տոկոսով պետք է հարկվի:
Երգչուհին նաև շեշտեց մեկ այլ հանգամանք.
«Այսօր մեր շատ երգիչ-երգչուհիները միջոցառումներից գումար են վաստակում ոչ թե Հայաստանում, այլ արտերկրում՝ սփյուռքում, բա այս պարագայում ինչպե՞ս պետք է կանոնակարգում ստեղծվի: Կարծում եմ՝ տեսակետներս համընկնում են ոլորտում առկա շատ երգիչ-երգչուհիների հետ. Ինչպես ասում են՝ «Սաղ երգերը երգել էինք, մնացել էր «Սարի սմբուլը»», մեր հանրապետությունում ուրեմն այլ խնդիր չկա՞ր, որ ընկել են երգիչների 20.000 դրամների հետևից»,- ավարտեց նա: