Գրող Րաֆֆին Շուշիի մոտակայքի Ավետարանոց գյուղում 1782 թվականին ծնված մարդուն համարում էր ջորեպան Մեհրաբենց Գյուքի անունով մարդու որդին։ Ռոստոմը` հենց այսպես էր ջորեպանի որդու անունը, իբր թե պատանի տարիքում Աստրախան էր գնացել, պարենավաճառի աշակերտ եղել, ռուսերեն սովորել ու բանակում մնացել։
Վալերիան Մադաթովի ծագման հարցն այդպես էլ անպատասխան է մնում։ Երկու–երեք ճշմարիտ վարկածներ կան, սակայն դրանք լիովին համոզիչ չեն, թեև բոլորն էլ ճշմարտանման են։ Հաստատ ճիշտ է այն, որ ռուսական գվարդիա ընդունվելիս նա Մադաթով ազգանունն է վերցել` ռուսաֆիկացնելով մոր Մադաթյան ազգանունը։
Մյուս կողմից էլ, կայսր Պավելը խստիվ արգելում էր սպայի պաշտոն տալ մարդկանց, որոնք ազնվական ծագում չունեին։ Թե ինչպես 17-ամյա Վալերիան Մադաթովը 1799 դարձավ իշխան ու Պրեոբրաժենսկու գնդի լեյբ-գվարդիայի վառատար, նույնպես հայտնի չէ։ Սակայն փաստ է, որ այդ անունով Վալերիան Մադաթովը հավերժ զինվորական փառքի արժանացավ։
Նրա բախտը բերեց. նա Պետերբուրգում ազդեցիկ հովանավորներ գտավ` արքեպիսկոպոս Հովսեփ Արղության – Երկայնաբազուկին ու չափազանց ազդեցիկ Իվան Լազարևին, որը հայտնի ոսկերիչ էր։ Լազարևը երիտասարդին իր տանը բնակեցրեց։ Կայսերական մայրաքաղաքի հայկական գաղութի ղեկավարները հավանեցին խիզախ արցախյան զինվորին։
Մադաթովը կռիվ էր տենչում ու շուտով նա մարտում իրեն դրսևորելու հնարավորություն ստացավ։ 1809 թվականին նրան ուղարկեցին հերթական ռուս-թուրքական պատերազմին ու միանգամից հենց ամենաթեժ վայրը. Դունայի վրա նա կռվում էր ատաման Պլատոնովի կողքին ու ծառայում էր գեներալ Տրուբեցկոյի ենթակայությամբ։
«Արշավանքի ժամանակ նրան օգտագործում էին ամեն տեղ, որտեղ աշխատանք ու վտանգ կար, որտեղ դիպուկ աչք ու խիզախ կուրծք, խելամիտ հաշվարկ ու սաստիկ ճնշում էր հարկավոր»,- այսպես էր ասում Տրուբեցկոյը Մադաթովի մասին։
Նա փոխգնդապետ դարձավ, շքանշաններ ստացավ, իսկ բանակում այսպիսի արտահայտություն ձևավորվեց. «Ես իշխան Մադաթովի հետ եմ եղել»։ Իսկ Մադաթովի հետ լինելը նշանակում էր մասնակցել ամենաթեժ մարտերին, հրաշալի սխրանքներ գործել ու հաջողացնել այս ամենից հետո ողջ մնալ։ Արցախցի մարտիկը թուրքերի դեմ էր կռվում, իսկ ի՞նչ էիք ուզում…
Պաշտոններից ու շքանշաններից բացի ռուս կայսրը Մադաթովին անվանական ոսկե սուր է նվիրել։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am