«Propose» կազմակերպության հայկական մասնաճյուղի տվյալներով՝ Երևանում այսօր թափառական շների թիվը հասնում է 3 հազարի։ Միևնույն ժամանակ, մասնագետները կանխատեսում են, որ տարվա վերջին այդ թիվը կհասնի 4 հազարի, քանի որ անտուն կենդանիների բազմացումը չի վերահսկվում։ Այսպիսի գնահատական NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում տվեց կազմակերպության ներկայացուցիչ Նարե Արամյանը։
Փորձագետի կարծիքով՝ եթե համապատասխան միջոցներ չկիրառվեն, և ձմեռն էլ տաք լինի, գարնանը մայրաքաղաքում թափառական շների թիվը կարող է հասնել 10 հազարի։
«Բոլոր քաղաքակիրթ երկրներում գործում է թափառող շների ստերիլացման մեթոդը։ Սակայն մեր անպատասխանատու մարմինների կողմից կիրառվում էր ձագերին սպանելու պրակտիկան։ Ընդ որում՝ հաճախ մոր հետ միասին»,- նշեց Արամյանը։ Ըստ նրա՝ վիճակն ավելի լավ չէ մարզերում․ «Քաղաքապետարանների և գյուղական համայնքների կոմունալ ծառայությունները ոստիկանների և որսորդների ուղեկցությամբ բացահայտ, երբեմն՝ ցերեկը, դուրս են գալիս որսի։ Ցավոք, թափառող կենդանիների վրա կրակելը շարունակվում է մինչ օրս».
«Propose»-ը առաջարկում է ներդնել Կենդանիների առողջության պահպանության միջազգային կազմակերպության կողմից հաստատված՝ թափառող կենդանիների գլխաքանակը վերահսկող ծրագրեր։ Խոսքը թափառող շներին ստերիլացնելուց և պատվաստելուց հետո իր բնակության նախկին վայր տեղափոխելու մասին է։ Արամյանի խոսքերով՝ այդ ծրագիրը կօգնի հարցը 6 տարվա ընթացքում լուծել և թափառող կենդանիների թիվը մայրաքաղաքում հասցնել 1000-ի։
Այս ամենի հետ մեկտեղ՝ թափառական շների հարցը չի կարող լուծվել, եթե զուգահեռ չներդրվեն աղբի վերամշակման ծրագրեր։
«Թափառող շների հարցը կարելի է լուծել, բայց ի՞նչ կասեք առնետների մասին։ Քաղաքներում անտուն կենդանիները կրծողներին ոչնչացնող սանիտարներ են։ Եթե մենք կրճատենք շների գլխաքանակը, ապա զուգահեռ պետք է լուծվեն աղբի վերամշակման տեխնոլոգիաներ ներդնելու խնդիրները։ Հակառակ դեպքում առնետների թիվը կհասնի սպառնալի չափերի, և մենք ստիպված կլինենք նրանց ոչնչացնելու համար կատուներ բազմացնել»,- նշեց նա։
Արամյանը բացասական գնահատական տվեց այն հանգամանքին, որ Հայաստանում անասնաբուժական ոլորտը չի լիցենզավորվում։ «Դա նշանակում է, որ վտանգավոր դեղամիջոցների և թույների շրջանառությունը չի վերահսկվում, և անասնաբույժները, դրանից օգտվելով, կարող են անգամ փորձեր դնել կենդանիների վրա, և նրանցից ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվի»,-ասաց փորձագետը։
Կենդանապաշտպանները բազմիցս մատնանշել են թույների ազատ վաճառքը։
Օգոստոսի վերջին Երևանի քաղաքապետարանը միակողմանի լուծեց «Յունիսեֆ-Իքս» ընկերության հետ պայմանագիրը։ Վերջինս մեղադրվում էր բյուջեի միջոցները աննպատակային օգտագործելու մեջ։ Արամյանը տեղեկացրեց, որ «Propose» կազմակերպությունը կմասնակցի թափառող շներին անվտանգ դարձնելու ծառայություններ մատուցող կազմակերպությունների համար հայտարարվող նոր մրցույթին։