12։35
Շրջայցը բուհում շարունակվում է, ուսանողները մտնում են լսարաններ և դասի նստած ուսանողներին կոչ են անում միանալ իրենց՝ պնդելով, որ ռեկտոր Մուրադյանը հրաժարական տա:
12։15
Դավիթ Մուրադյանը, անդրադառնալով հարցին, թե բուհի ուսանողությունը պահանջում է իր հրաժարականը, հարցրեց՝ քանի՞ հոգի էին… 20-30-40… այս բուհն 800–ի չափ ուսանող ունի, այնպես որ թույլ տվեք վերապահությամբ մոտենալ «դասադուլ» ասվածին:
Նա նկատեց, որ երեկ իսկ ընդունել է ուսանողներին, զրուցել է նրանց հետ, նրանք էլ այդ ամենն ուղիղ եթեր են տվել:
Չարաշահումների վերաբերյալ էլ Դավիթ Մուրադյանը նկատեց, որ որպես լուրջ մարդիկ պետք է սպասել քննությանը, որը շարունակվում է:
«Քանի որ քննությունը շարունակվում է, այդ ամենը վերջնական եզրակացությունների կարիք ունի»,- ասաց ռեկտորը՝ ի պատասխան լրագրողի դիտարկման, որ ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է չարաշահումների մասին:
Միայն դրանցից մեկով մոտ 9 միլիոն դրամ հատկացվել էր մեքենային ու վարորդի ծախսերին:
«Իսկ ի՞նչ եք կարծում՝ եթե մեքենան առավոտից իրիկուն բուհի կարիքներն է սպասարկում, այդ վարորդը պետք է աշխատավարձ չստանա՞»,- ասաց Դավիթ Մուրադյանը:
Ռեկտորը լրագրողներին տեղեկացրեց, որ բուհի պրոռեկտորը՝ Հովհաննես Ավագյանը, որը մեղադրվում է կոռուպցիոն սխեմաներ օգտագործելու մեջ, հրաժարական է տվել: Նա նաև ասաց՝ չգիտի՝ իրավունք ունի՞ տվյալներ, փաստեր հաղորդել, քանի որ միգուցե նախաքննական գաղտնիք է հաղորդում:
Նաև ասվել էր, որ այս մեքենայի սպասարկման շրջանակներում պայմանագիր է կնքվել պրոռեկտորի կնոջ հետ: Ի պատասխան՝ Դավիթ Մուրադյանն ասաց, որ օրենքը չի արգելում որևիցե մեկի հետ պայմանագիր կնքել, այլ բան է, որ միգուցե դրանում բարոյական պահ կա:
«Այս հարցում կարելի է մտածել, սակայն այդ մեքենան աշխատել է բուհի համար»,- ասաց նա:
Լրագրողը նկատեց, որ ոստիկանության հաղորդագրության մեջ նշված է, որ մեքենան աշխատել է միայն պրոռեկտորի, ոչ թե բուհի համար, Դավիթ Մուրադյանը նախ ասաց, թե նման բան չկա հաղորդագրության մեջ, լրագրողը պնդեց, ինչից հետո Մուրադյանը հիշեց ու ասաց, որ աշխատել է 2 պրոռեկտորի համար:
«Մեքենան աշխատել է բուհի կարիքների համար, հազար ու մի փաստաթղթեր կան, գնումներ կան, հո շալակած չե՞ս բերելու»,- ասաց նա:
Նշենք, որ սույն պրոռեկտորը, որը հրամանագրվել է որպես անգլերենի դասախոս և չի դասավանդել, ստացել է 3 միլիոն 500 հազար դրամ աշխատավարձ: Հարցին, թե այս մասին տեղյակ չէ՞ր, Դավիթ Մուրադյանը հարցով պատասխանեց՝ ո՞ր թվականներին, և ստանալով պատասխան, որ 2012-2016թթ.., ասաց, որ ինքը բուհի ռեկտորն է 2014-ից, և 2016-ին, երբ արդեն պարզ դարձավ, որ դա այդպես է, հրավիրել է, խնդրել, որ դիմում գրի ու հրաժարվի այդ ժամերից:
Ավելի մանրամասն՝ tert.am