Երևանի քաղաքապետարանից արձագանքում են
Advertisement 1000 x 90

Երևանի քաղաքապետարանից արձագանքում են

Հրապարակախոս Արծրուն Պեպանյանի ֆեյսբուքյան հրապարակումը. «Այսօր ահազանգել էի, որ Երրորդ գյուղի գերեզմանոցում գտնվող, Սարդարապատի ճակատամարտում զոհված հայորդիների եղբայրական գերեզմանոցում, ուր ամփոփված են այդ ճակատամարտում զոհված 9 սպաների, 9 զինվորների, ինչպես նաև 1920թ, բոլշևիկների կողմից գնդակահարված երեք սպաների աճյունները, թաղում է իրականացվել:

Դիմել էի վարչապետին ու Երևանի քաղաքապետարանին՝ խնդրելով ուսումասիրել կատարվածը և հանդես գալ պարզաբանումով, թե ինչ իրավունքով, ինչու է թաղման իրավունք տրամադրվել սրբազան այդ տարածքում:

Քիչ առաջ ինձ զանգահարեց Երևանի քաղաքապետարանի թաղման բյուրոյի տնօրեն Արմեն Սուքիասյանը և հայտնեց հետևյալը՝
այդ տարածքը բավական ժամանակ է պաշտոնապես գրանցված է ՀՀ մի քաղաքացու անունով: Նրա մահից հետո իրեն հուղարկավորել են այդտեղ: Նաև հայտնեց, որ այդ տարածքում իր տեղեկություններով ոչ թե 21 հերոսներն են թաղվել Սարդարապատի ճակատամարտից հետո, այլ այդ քաղաքացին ինքն է ժամանակներ առաջ հերոսների մասունքները բերել ու հողին հանձնել այդտեղ: Քանի որ գերեզմանն իր անունով է, ապա նրա մահից հետո իրեն էլ են այնտեղ թաղել:

Մի քանի ամիս առաջ, երբ այցելել էի հերոսների շիրիմներին, մոտակայքում աշխատող բանվորներն ինձ ասացին, որ ութսունն անց մի տղամարդ էր եկել, մաքրեց տարածքը, արտասվեց ու գնաց: Իմ ջանքերը՝ գտնել այդ մարդուն և տեղեկություններ ստանալ նրա ով լինելու և եղբայրական գերեզմանի մասին, արդյունք չտվեցին: Ըստ ամենայնի տարածքում թաղվել է այդ ծերունին, ով ինչ-ինչ առնչություն է ունեցել հերոսներից որևէ մեկի հետ:

Իմ հարցին, թե այդ դեպքում նոր թաղված քաղաքացու հարազատներն իրավունք ունե՞ն այդտեղ էլի թաղումներ անել, պարոն Սուքիասյանը հայտնեց, թե որքան ինքը տեղյակ է, չունեն: 

Պայմանավորվեցինք, որ նա ճշտի այդ քաղաքացու տվյալները, այդ տարածքի հանդեպ իրավունքները:

Գուցե հաջողվի այդ քաղաքացու հարազատներից տեղեկություններ ստանալ Սարդարապատի հերոսների մասին:

Հիշեցնեմ, որ Վերելք միությունն իր երախտագիտությունը հայտնելով հերոսներին՝ նախաձեռնել է հերոսների հուշակոթողի նախագիծը պատվիրելու աշխատանքներ, նպատակ ունենալով եղբայրական գերեզմանոցը վերածել սրբավայրի:

ՀԳ Տեղեկացնեմ, որ ամիսներ առաջ եղբայրական գերեզմանի ցուցանակն անհետացել էր,և իմ ահազանգից հետո պարոն Սուքիասյանի հանձնարականով այն վերականգնվեց, տեղադրվեց ավելի պատշաճ ցուցանակ:



Նման նյութեր